Անիմատորների շքերթ. Երևանում կայացած ReAnimania փառատոնի արդյունքները

15.09.2010, 14:10
Անիմատորների շքերթ. Երևանում կայացած ReAnimania փառատոնի արդյունքները
Անիմատորների շքերթ. Երևանում կայացած ReAnimania փառատոնի արդյունքները

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնով փայլուն կերպով մեկնարկած երևանյան կինոսեզոնը ոչ պակաս փայլուն շարունակություն է ստացել սեպտեմբերի 9-13-ը անցկացված ReAnimania անիմացիոն փառատոնի շքերթով:

Մրցութային ծրագրերի հաղթողները

Չնայած երիտասարդ տարիքին (Հայաստանում փառատոնն անցկացվում է երկրորդ տարին)՝ ժյուրիի և վարպետության դասեր անցկացնողների կազմում էին ընդգրկվել աշխարհահռչակ անիմատորներ, որոնց թվում էին Մարթա Մաչադոն, Սերժ Ավետիքյանը, Իոհաննես Ուոլթերսը, Էրիկ Ռիվերը, Ֆրենկ Գլադստոնը, Դևիդ Սփրոքսթոնը: Ինչպես ասվում է դասական խորհրդային ֆիլմում, ցանկը շարունակելի է:

ReAnimania փառատոնի շրջանակներում անիմացիոն ֆիլմերը գնահատվել են ժյուրիի ութ խմբի կողմերից: Ֆիլմերը գնահատվել են հետևյալ մրցութային ծրագրերում՝լիամետրաժ կինո, կարճամետրաժ կինո, մանկական ծրագիր, դեբյուտային կինո, դիպլոմային ֆիլմեր, հեռուստատեսային ծրագիր, հատուկ մրցանակ լավագույն սոցիալական անիմացիոն ֆիլմի և լավագույն հնչյունավորման համար:

«Լիամետրաժ անիմացիոն կինո» անվակարգում հաղթող է ճանաչվել չինացի անիմատոր Լիու Ջիանայի «Պիրսինգ 1» ֆիլմը: Միաժամանակ այս մրցութային ծրագրում հատուկ հիշատակման է արժանացել չեխ ռեժիսոր Իրժի Բարտայի «Ձեղնահարկում, որի տարելիցն է այսօր» ֆիլմը:

«Հեռուստատեսային/կրթական կինո» մրցութային ծրագրում գլխավոր մրցանակին է արժանացել բրիտանացի անիմատոր Փիթ Բիշոփի «Նավթի պատմությունը» ֆիլմը: Այս անվանակարգում ժյուրիի կողմից հատուկ հիշատակման է արժանացել հայ ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Հրեշտակի քաղաք» ֆիլմը:

«Կարճամետրաժ կինո» անվանակարգում հաղթող է ճանաչվել իտալացի անիմատոր ԲԼՈՒ-ի «Մեծ աղմուկ» ֆիլմը, իսկ հատուկ հիշատակման է արժանացել բրիտանացի անիմատորներ Ջեյկոբ Շուի և Մաքս Լենգի «Գրաֆելո» ֆիլմը: Խորվաթ ռեժիսոր Միխայել Մյուլլերի «Միրամարե» անիմացիոն ֆիլմը «Դիպլոմային կինո» անվակարագում արժանացել է գլխավոր մրցանակին, իսկ այս մրցութային ծրագրում հատուկ հիշատակման է արժանացել Վերենա Ֆելսի «Մոբիլ» ֆիլմը (Գերմանիա):

Գերմանացի անիմատորներ Հարի Ֆաշտի և Յակոբ Ֆրեյի «Բոբ» մուլտֆիլմը հաղթող է ճանաչվել «Մանկական կինո» անվանակարգում: «Կարճամետրաժ կինոյի լավագույն հնչունավորում» մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել նորվեգացի անիմատոր Անիտա Քիլլի «Բարկացած մարդը» ֆիլմը և հատուկ հիշատակման է արժանացել «Վիսենտա» ֆիլմը (Սամ, Իսպանիա):

Լավագույն սոցիալական դիրքորոշման համար «Good citizenship» մրցանակին է արժանացել Անիտա Քիլլի «Բարկացած մարդը» ֆիլմը, իսկ այս անվանակարգում հատուկ հիշատակման է արժանացել Ալեքսանդր Բերսոյի «Պատկերացրեք Բրազիլիայի մազերով աղջկան» ֆիլմը (Բրազիլիա):

«Դեբյուտային կինո» մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել հայ անիմատոր Մերի Կյուրեղյանի «Արև և խավարասեր» ֆիլմը:

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի է արժանացել հայտնի հայ նկարիչ Ստեփան Անդրանիկյանը: Նախարարության պատվոգրերը հանձնվել են հայկական անիմացիայի հայտնի վարպետներ Լյուդմիլա Սահակյանցին և Գայանե Մարտիրոսյանին:

Ռոբերտ Սահակյանցի հիշատակին

ReAnimania միջազգային երկրորդ անիմացիոն փառատոնի օտարերկրյա մասնակիցներն արժանացել են հայտնի հայ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակին, որը հանձնվել է սեպտեմբերի 10-ին կայացած նրա հիշատակի երեկոյի ընթացքում. երեկոն նվիրված էր վարպետի 60-ամյակին:

Հայտնի հայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Սահակյանցը, ով հայտնի մուլտֆիլմերի հեղինակ է, մահացել է 2009 թ.-ի սեպտեմբերի 24-ին 59 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից և սրտի բարդ վիրահատությունից հետո: Նա հայտնի և սիրված մուլտֆիլմերի հեղինակ է, որոնց թվում են «Մորու գույի երեք կապույտ, կապույտ լճակ» (1981), «Բարեկենդանը» (1985), «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» (1984), «Խոսող ձուկը» (1983) մուլտֆիլմերը:

Ռոբերտ Սահակյանցի 60-ամյակի շրջանակներում ReAnimania-ն նրա հիշատակի երեկո էր կազմակերպել, որի ժամանակ կայացել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշել է, որ մրցանակ-արձանիկի դիզայնը շատ յուրօրինակ է և իրենց ներկայացնում է հռչակավոր մուլտիպլիկատորի անիմացիոն ժառանգության խորհրդանիշը:

Քասունու խոսքերով՝ արձանիկի դիզայնն ամբողջովին համաձայնեցվել է Սահակյանց ընտանիքի անդամների հետ: Անակնկալ-արձանիկ է դարձել արծաթե աղվեսը, որը ստեղծվել է Սահակյանցի «Աղվեսագիրք» մուլտֆիլմի մոտիվներով: Այս տարի արծաթե աղվեսին է արժանացել Փառատոնի միջազգային ժյուրիի խորհրդի նախագահ Մաքս Հովարդն ու փառատոնի կազմակերպիչներ Լուսինե Քասարջյանն ու Կարինե Արոյանը:

MarAni և AniTA

Տաղանդավոր մարդկանց որոնումից բացի, ցանկացած փառատոն բախվում է հովանավորչական և կազմակերպչական խնդիրների հետ: Այս կապակցությամբ փառատոնի կազմակերպիչները MarAni  (Market of Animation) անվանումը կրող անիմացիոն շուկա էին կազմակերպել, որի շրջանակներում անցկացվեց AniTA (Animation Technologies of Armenia) ասամբլեան:

«Երևանում ReAnimania փառատոնի շրջանակներում անցկացված MarAni անիմացիոն բիզնես-ֆորումը լավ հարթակ է դարձել միջազգային համագործակցության համար», - ասել է փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին:

Փառատոնի հիմնադիր-տնօրենի խոսքերով՝ այդ բիզնես-ֆորումը ստեղծվել է ֆրանսիական ՄԻՖԱ-ի օրինակով, որն ամեն տարի անցկացվում է Անսիում կազմակերպվող միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակներում:

Բիզնես-ֆորումի արդյունքում՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով (ANITA - Animation and Information Technologies of Armenia), որի ժամանակ մասնակիցները անիմացիայի ոլորտում գոյություն ունեցող ընդհանուր թեմաների քննարկման հնարավորություն են ստացել:

Անիմացիայի աշխարհի ներկայացուցիչները տարածաշրջանի ամենախաղաղ երկրում

Ամերիկացի անիմատոր և պրոդյուսեր, Borsu Studios ընկերության սեփականատեր Բորսու Հայսոնը հայտարարել է, որ մտադիր է Հայաստանից կոմպոզիտոր և նվագախումբ հրավիրել «Աշխարհի ներուժ» իր նոր ֆիլմի սաունդտրեքի ստեղծման համար:

«Ֆիլմը գրեթե պատրաստ է և էկրաններին կհայտնվի հաջորդ տարի: Այն դասական անիմացիոն ֆիլմ է, և նրա երաժշտությունը պետք է ևս դասական լինի», - ասել է Հայսոնը: Միաժամանակ նա չի նշել իր ապագա հայաստանցի գործընկերների անունները: Հայսոնը ցանկություն է հայտնել ծանոթանալ հայկական անիմացիոն ֆիլմերի հետ:

Ներկայացնելով հայ երաժիշտների հետ իր առաջիկա համագործակցության մոտիվները՝ Հայսոնը նշել է, որ Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղ երկիրն է և դա է պատճառը, որ նրա հետ համագործակցելու ցանկություն է առաջանում:

Սակայն Հայսոնը անիմացիայի ոլորտի միակ պրոդյուսերը չէ, ով ցանկանում է աշխատել հայ մասնագետների հետ: Մաքս Հովարդը ևս ցանկություն է հայտնել անիմացիոն ֆիլմ նկարահանել Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող առասպելի մոտիվներով:

«Ես արդեն ուսումնասիրել եմ Արա Գեղեցիկի և Շամիրամի սիրո ողբերգական պատմությունը և դեմ չէի լինի անիմացիոն ֆիլմ նկարահանել, եթե սցենարով զբաղվեն հայ կինոսցենարիստները», - ասել է նա Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ այդ պատմությունը բացարձակ կինեմատոգրաֆիկ է:

Այս կապակցությամբ Հովարդն ընդգծել է, որ Հայաստանի մշակութային ժառանգությունն ու հարուստ պատմությունը կարող են «ոսկե ջիլ» դառնալ հանրապետությունում անիմացիայի զարգացման համար:

«Շատերը կարծում են, որ եթե իրենք հոլիվուդյան ֆիլմ նկարահանեն, ապա հաջողությունն ապահովված կլինի: Սակայն Հայաստանին դա հարկավոր չէ: Դուք այնպիսի հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեք, որ դա կարող է «ոսկե ջիլ» դառնալ անիմացիայի զարգացման համար», - ասել է նա:-0-