Ղարաբաղ, Ցեղասպանություն, Թուրքիա. լուծումների որոնում կամ դիրքորոշումների ճշտում
Հայաստանում նախորդ շաբաթ քաղաքական գործընթացները զարգանում էին երեք հիմնական թեմաների՝ ղարաբաղյան խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության շուրջ: Զարգանում էին բավականին նշանակալից և նույնիսկ սենսացիոն իրադարձություններ:
Իսկապես սենսացիոն իրադարձություն էր Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի այցը Բաքու: Բաքու Կաթողիկոսի այցելության հնարավորությունը հետաքրքրում էր երկու երկրների հասարակություններին, քանի որ այդ քայլը, անխոս, կարևոր ներդրում էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ժողովուրդների միջև կապերի հաստատման գործում: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի՝ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին անձամբ մասնակցելու խիզախ որոշումը բարձրացրեց Կաթողիկոսի հեղինակությունն ու միակ ճիշտ որոշումն էր:
Աչքի ընկնել ցանկացող որոշ մարգինալների կեղծ հայրենասիրությունը, ովքեր հարձակվել էին Գարեգին Երկրորդի վրա, միայն ապացուցում է XXI դարում գավառական մտածելակերպի սահմանափակությունն ու անհեռանկարայնությունը: Բաքվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այցելեց Բաքվում գտնվող հայկական եկեղեցի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մասին հռչակագիր ստորագրեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ Ալլահշուքյուր Փաշա-զադեի հետ:
Սակայն նախորդ շաբաթ Ղարաբաղով հետաքրքրվում էին ոչ միայն հոգևոր առաջնորդները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի հայտարարեց, որ Թուրքիայի ղեկավարությունը մտադիր է ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ մայիսին Անկարա նախատեսված նրա պաշտոնական այցի ժամանակ: Ավելին, նա հայտարարեց, որ Թուրքիան այդ խնդիրը դիտարկում է որպես սեփականը և կշարունակի այն ցանկացած հարթության մեջ պահել օրակարգում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առավել ակտիվ մասնակցություն ունենալու ցանկություն հայտնեց նաև Թեհրանը:
Այս նախաձեռնությունների նկատմամբ արձագանքը տարածաշրջանի երկրներում միանշանակ չէր: Եթե պաշտոնական Երևանը ողջունեց ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման գործում օգնություն ցուցաբերելու Իրանի ցանկությունը և հերթական անգամ գնահատեց այս բարդ հարցի շուրջ Թեհրանի կշռված դիրքորոշումը, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերում Թուրքիայի մասնակցությունը հայկական կողմը բացառում է: Այս մասին հստակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Գրեթե նույն դիրքորոշումն ունի նաև պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարեց, որ Ռուսաստանը Իրանի՝ ղարաբաղյան կարգավորմանն օգնելու առաջարկին դեմ չէ:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների կազմում Թուրքիային ընդգրկելու ձգտմանը, ապա ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հստակ արձագանք տվեց դրան, - «Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, նման առաջարկ, եթե այն նույնիսկ եղել է, պաշտոնապես չի ստացել: Ցանկացած դեպքում, այդ զրույցը գործնական հարթություն տեղափոխելու նպատակով, առնվազն անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը: Նկատի առնելով այն, որ հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցված է, հազիվ թե կարելի լինի հույս դնել նման համաձայնության վրա»,- ասել է Նեստերենկոն:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ողջ նախորդ շաբաթ հայ քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում էին: Չնայած մոտեցումների տարբերությանը՝ հայկական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերությունները նոր փուլ են թևակոխել: Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը մտադիր չէ բանակցությունները սկսել «մաքուր էջից», և այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նախորդ շաբաթ հայկական հասարակությանը և հատկապես հայկական սփյուռքին հուզում էր ևս մեկ հարց՝ ինչու՞ Օբաման չհնչեցրեց «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղած իր ավանդական ուղերձում:
Իրականում ԱՄՆ նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր ուղերձում հնչեցնելով այդ բառի հայերեն թարգմանությունը և հայտարարելով, որ այդ հարցի շուրջ իր դիրքորոշումը չի փոխվել:
Հայկական սփյուռքի, այսինքն Ցեղասպանության զոհերի ժառանգորդների մաքսիմալիզմը, ովքեր նախագահ Օբամային մեղադրում են «ցեղասպանություն» բառը հնչեցնելու խոստումը չկատարելու մեջ, միգուցե և հասկանալի է, սակայն այդնան էլ իրական չէ այսօր ԱՄՆ-ի իշխանությունից պահանջել ավելին, քան նրանք կարող են անել: Օբաման, անխոս, ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ այդ ճանաչումը իրավաբանորեն ձևակարպելու համար, թերևս, ժամանակ է հարկավոր:-0-

