Սարգսյանի նախագահության երկու տարիները. հայկական քաղաքականության նոր մոտեցումներ
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուղիղ երկու տարի առաջ տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը։ Երկամյա ժամանակահատվածը լի էր դրամատիկ իրադարձություններով, պատմական ճեղքումներով, քաղաքական նորույթներով, մոտեցումների արմատական արդիականացմամբ՝ գործնականորեն բոլոր ուղղություններով։
Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում հայկական քաղաքական բառապաշարը համալրվեց մասնավորապես արտաքին քաղաքական գործունեությանը և սփյուռքի հետ հարաբերություններին վերաբերող միանգամայն նոր տերմիններով՝ «ֆուտբոլային դիվանագիտություն», «հայ-թուրքական բարելավում», «համահայկական շրջայց»։ Այս ամենն, այսպես թե այնպես, կապված է պետության ղեկավարի՝ հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատմանն ուղղված դիրքորոշման հետ։
Ինչպես էլ զարգանա Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական կենսագրությունը, անկախ հայ-թուրքական գործընթացի արդյունքներից, նրա նախագահության առաջին տարիները կմտնեն պատմության մեջ շնորհիվ նրա արտաքին քաղաքական ակտիվ գործունեության, կարծրատիպեր կոտրելու և, անկասկած, երկու հարևան ժողովուրդների միջև դարավոր թշնամության հաղթահարմանն ու առաջին շփումների հաստատմանն ուղղված համարձակ քայլերի։
Հատկանշական է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բոլոր նախաձեռնությունների հեղինակը հայկական կողմն է, ինչը միանշանակ ամրապնդում է Երևանի դիրքորոշումները միջազգային ասպարեզում։
Սակայն, այս գործընթացում ամենակարևորն այն է, որ Հայաստանը հանդես է գալիս իրավահավասար կողմի դիրքերից և չի գնում որևէ զիջման, որոնք կարող են նույնիսկ նվազագույն վնաս հասցնել հայ ժողովրդի ազգային շահերին։ Դա առաջին հերթին վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին։
Երևանի սկզբունքային դիրքորոշումը հանգեցրել է նրան, որ կարգավորման գործընթացի երկարաձգման «արդարացող» կողմի դերում հայտնվեց Թուրքիան, և հենց նրանից են կոնկրետ քայլեր պահանջում։
Բացի այդ, վերջին ժամանակահատվածի իրադարձությունները ցույց տվեցին, որ չեն կայացել երկկողմ հարաբերությունների բարելավման հակառակորդների այն պնդումները, որ գործընթացը կարող է դադարեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հակառակ այդ կանխատեսումներին, ճանաչման գործընթացը նոր ուժ ստացավ՝ առաջացնելով Անկարայի՝ մինչ այդ չլսված արձագանքը։
Հայաստանի նախագահը մի քայլ անգամ հետ չգնաց ղարաբաղյան կարգավորման իր սկզբունքային դիրքորոշումներից։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և նրա ժողովրդի անվտանգությունը չեն կարող առևտրի առարկա լինել»,- հայտարարում են Հայաստանի իշխանությունները՝ ընդգծելով, որ շանտաժն ու սպառնալիքները չեն վախեցնում հայկական կողմին։
Կասկած չկա, որ Սարգսյանի վրա ճնշումները ղարաբաղյան հակամարտության հարցում անիմաստ են։ Խնդրի լուծման միակ ձևը խաղաղ բանակցություններն են և խելամիտ զիջումները։ Հենց այդ են անդադար բացատրում «տաքգլուխներին» աշխարհի բոլոր երկրներն ու միջազգային միջնորդները։
Հայկական պետության ղեկավարը հայկական քաղաքական իրականության մեջ մտցրեց նաև հայկական ազդեցիկ Սփյուռքի հետ փոխգործակցության նոր ավանդույթ։ Հայ-թուրքական հարաբերությունների քննարկման նպատակով երկրի ղեկավարի կազմակերպած «համահայկական շրջայցը» խոստանում է հայ ժողովրդի երկու մասերի համագործակցության արդյունավետ ձևաչափ դառնալ։
Իր գործունեության ամենասկզբից նախագահը հայտարարել էր, որ մտադիր է հարաբերություններ կառուցել Սփյուռքի՝ որպես լիիրավ կողմի հետ և պարտադիր պետք է նկատի առնի սփյուռքահայերի կարծիքներն ու դիրքորոշումը՝ կարևոր որոշումների ընդունման հարցում։
Սարգսյանի երկամյա նախագահության հաջողություն կարելի է համարել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամից առաջացած տնտեսական դժվար իրավիճակի «ուղղումը»։ Այսօր արդեն կարելի է ասել, որ Հայաստանը ոչ միայն դիմակայեց ճգնաժամի հզոր ալիքին, այլ նաև դուրս եկավ դրանից ստեղծված իրավիճակում հնարավոր նվազագույն կորուստներով։
Իշխանությունների գլխավոր նպատակը ճգնաժամի ընթացքում սոցիալական խնդիրների լուծումն էր, բոլոր սոցպարտավորությունների կատարումն ու արդյունաբերության պահպանումը։ Այդ նպատակները հաջողվեց իրականացնել, և այսօր Հայաստանում առավել քան ակնհայտ են ճգնաժամից դուրս գալու և տնտեսության վերականգնման նշանները։ -0-

