Բաքվի քարոզչության ձախողումը

06.04.2010, 12:02
Բաքվի քարոզչության ձախողումը
Բաքվի քարոզչության ձախողումը

Ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ները նախորդ շաբաթ ամբողջ աշխարհով տարածեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի զարմանալի անկեղծությամբ ասված խոսքերը:

Բաքվեցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, որ հուսահատության ճիչ էր հիշեցնում, խոսում է ադրբեջանական վերևներում տիրող խուճապի կամ անելանության մասին:

«Մենք այդպես էլ չտեսանք, որ միջազգային հանրությունը դատապարտի Հայաստանին: Ոչ ոք չի ասում Հայաստանին, որ մտել է ուրիշի հողերն ու պետք է լքի դրանք»,- տարակուսում է Մեհտիևը:

Ադրբեջանում վաղուց ոչ ոք սեփական քարոզչամեքենայի ձախողման նման անկեղծ խոստովանություն չէր արել: Քանի որ սեփական նպատակներին հասնելու համար այդ մեքենան միջոցներ չէր խնայել և հենց այդ միջազգային հանրության ուղեղների լվացման գործընթացում այնպիսի բաներ էր հնարել, որ հիշելն անգամ սարսափելի է: Եվ այսօր Ալիևի աջ ձեռքն է խոստովանում, որ բոլոր այդ ջանքերը զրո արդյունքի են հանգեցրել:

Եվ այսպես, Ադրբեջանի ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ աշխարհում ոչ ոք Հայաստանին չի մեղադրում ագրեսիայի մեջ: Դա բացարձակ ճշմարտություն է, և Բաքուն ավելի լավ կաներ՝ այդ ակնհայտ ճշմարտությունն ավելի շուտ խոստովաներ, այդ դեպքում տարաբնույթ միջազգային կազմակերպություններ հակահայկական բանաձևը խցկելու ծիծաղաշարժ փորձերն ադրբեջանական դիվանագետներին հիմար դրության մեջ չէին դնի:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ առանց կատակի նեղացած ղեկավարն անդրադարձավ ոչ միայն միջազգային հանրությանն ընդհանուր առմամբ, որն ի զարմանս ադրբեջանական իշխանությունների հրաժարվում է ճանաչել այն, ինչ չկա, այլև առանձին երկրների: Եվ ինչու միայն երկրների, բա գերտերություննե՞րը...

Ռուսաստանի մասին խոսելիս՝ Մեհտիևը դեռ որոշ զգուշություն է ցուցաբերում՝ կոչ անելով իր հարևանին առավել հստակ դիրքորոշում ունենալ և ակնարկելով, որ Մոսկվան լիովին անկեղծ չէ:

Իսկ ահա օվկիանոսից այն կողմ գտնվող հարևաններին պաշտոնյան անդրադարձավ լիովին:  «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնը նույնպես աջակցում է Հայաստանին»,- զարմացավ Մեհտիևը:

Սակայն այս ամբողջ պատմության մեջ այլ բան է զարմացնում: Միջազգային հարթակում Հայաստանի անթերի ու ամուր դիրքը գունեղ նկարագրելով՝ ադրբեջանական ղեկավարության ներկայացուցիչն ավանդաբար սպառնաց պատերազմ սկսել ղարաբաղյան հակամարտության գոտում:

Եվ այստեղ հարց է ծագում: Եթե, ինչպես վստահեցնում է պարոն Մեհտիևը, համաշխարհային հանրությունը չի մեղադրում հայկական կողմին ագրեսիայի մեջ և նրանից ոչինչ չի պահանջում, ի՞նչը կարող է օրինական առիթ դառնալ պատերազմի համար: Պատասխանն ակնհայտ է՝ ոչինչը:

Ադրբեջանցիների ցանկացած պատերազմական ավանտյուրա բացարձակապես անօրինական ու միջազգային իրավունքի տեսակետից հանցավոր ակտ կլինի, ինչի արդյունքում աղետալի կլինի Ադրբեջանի համար: Թե ինչի հանգեցրեցին նախկին խորհրդային քվազիտերությունների գաղութային նկրտումները, ցույց տվեցին 2008-ի օգոստոսյան իրադարձությունները:

Հիմնախնդրի լուծման ադրբեջանական, այսպես կոչված, պատերազմական նախագիծն ըստ երիտթուրքական սկզբունքի՝ «չկա ժողովուրդ, չկա խնդիր», ավելի հստակ ասած՝ էթնիկ զտումների միջոցով, աջակցություն է գտնում թերևս 90-ականներին ադրբեջանցիների կողմից պատերազմող աֆղանական թալիբների և մինչ օրս Հյուսիսային Կովկասի լեռներում վազող մորուքավոր տղերքի կողմից:

Սակայն այդ նախագծերը իրականություն չեն դառնա: Եթե անգամ խելագարության հասնող ռազմատենչ հիստերիան ադրբեջանցի ժողովրդի մեջ ինքնապահպանման հավաքական բնազդ արթնացնի. նրանց կսթափեցնի ադրբեջանցիների համար այդքան ատելի միջազգային հանրությունը: Չէ՞ որ Ալիևն իրոք չի կարծում, որ իրեն 21-րդ դարում թույլ կտան տարիներով կամ անգամ ամիսներով գաղութային պատերազմ մղել:

Եթե անգամ Ադրբեջանում կարծում են, որ դա իրենց կհաջողվի, ապա դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք լիովին կտրված են իրականությունից և սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի համար իրենց ցնորական գաղափարներով ու ծրագրերով: -0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշմանը