Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ առասպելական նախապայմանների և ընդդիմության խաբված հույսերի շաբաթը
Նախորդ շաբաթ ի զարմանք և «տարակուսանք» Հայաստանի արտգործնախարարության՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է «նախապայմաններ և սահմանափակող դրույթներ, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների տառին և հոգուն»:
«Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Անկարան «հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և արձանագրությունների հիմնական դրույթներին»:
Տվյալ հայտարարության առթիվ իր դիրքորոշումն արտահայտեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նախ տարակուսանք և Անկարայի մտահոգության առիթը պարզաբանելու պատրաստակամություն հայտնելով, իսկ հետո անհեթեթ համարելով թուրքական կողմի հայտարարությունները:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը վկայում է այդ արձանագրությունների վավերացման գործընթացն արհեստականորեն ձգձգելու Անկարայի ցանկության մասին:
«Թուրքիան այդ հայտարարությամբ հերթական անգման հաստատել է, որ ցանկանում է արհեստականորեն ձգձգել վավերացման գործընթացն ու արհեստական առիթներ է փնտրում իր ոչ կառուցողական դիրքորոշումն արդարացնելու համար: Սակայն նման գործողություններով Թուրքիան իրեն ծիծաղելի դրության մեջ է դնում», - ասել է Շարմազանովը:
Մեր կողմից ավելացնենք, որ Թուրքիայի արտգործնախարարության մեղադրանքները հիշեցնում են «Սայլը ճռռալու փոխարեն....» ասացվածքը, քանի որ համաշխարհային հանրությունը գրեթե ամեն օր դառնում է Թուրքիայի այն հայտարարությունների վկան, ըստ որոնց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության հարցում դրական (թուրք-ադրբեջանական տեսանկյունից) տեղաշարժերի:
Այնպես որ, եթե կողմերից որևէ մեկը կարող է խոսել իրեն ներկայացվող նախապայմանների մասին, ապա հաստատ ոչ թուրքական կողմը:
Ուրեմն ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի արտգործնախարարությունը: Հնարավոր է՝ թուրքական կողմը պարզապես առիթ է փնտրում հայկական կողմին ոչ կառուցողականության մեջ մեղադրելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցնելու համար՝ միաժամանակ չհամարվելով գործընթացի ձախողման մեղավոր, այլ պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա:
ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հրաժարվելու դեպքում Թուրքիան կկորցնի համաշխարհային հանրության վստահությունը, և դժվար է չհամաձայնել նրա հետ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիային չի հաջողվում ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Հայաստանի կողմից զիջումների հասնել, ապա միանգամայն տրամաբանական է, որ Թուրքիան խուճապահար գործընթացի ձախողման մեղքը Հայաստանի վրա «բարդելու» ուղիներ է փնտրում:
Նման ձախողման հնարավորությունը չբացառեց նաև Նալբանդյանը, ով հայտարարեց, որ նման բան կարող է տեղի ունենալ Թուրքիայի՝ հարաբերությունների հաստատմանը պատրաստ չլինելու պատճառով:
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների միջև ընթացող «պայքարում» ներքաշվեց ԱՄՆ պետական դեպարտամենտը, որը գործնականում վերջակետ դրեց այս հարցում՝ հայտարարելով, որ դրական է գնահատում հայ-թուրքական արձանագրությունները երկրի Սահմանադրությանը համապատասխանելու մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: «Մենք կարծում ենք, որ դատարանի որոշումը դրական քայլ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առաջխաղացման համար», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Նախորդ շաբաթ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ թերահավատորեն արտահայտվելով այդ գործընթացում առաջընթացի մասին:
«Եթե ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական դիրքորոշում դրսևորի, ապա բանակցային գործընթացում կարող են արձանագրվել որոշակի տեղաշարժեր: Սակայն չեմ կարծում, որ 2010 թ.-ին բեկում տեղի կունենա բանակցություններում», - նշել է նա:
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները՝ բացառելով այլընտրանքը բանակցություններին, ինչի մասին ամեն քայլափոխի հայտարարում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը:
Նախարարի վատատեսությունը չեն կիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր պարբերաբար այցելում են տարածաշրջան և արդեն որերորդ տարին խոստանում են հակամարտության շուտափույթ լուծում:
«Ես ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ այս Նոր տարում ԱՄՆ-ն կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապագայում ունենա խաղաղություն, բարգավաճում և բարօր կյանք», - նշել է Մինսկի խմբի ամենարիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն հստակ միտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերմանը:
Միաժամանակ համանախագահը հետաքրքրի կարծիք արտահայտեց՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է «տեղեկացված լինեն» ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին: Ըստ երևույթին՝ նա դա համարում է գործընթացի մեջ ԼՂՀ-ի և նրա ժողովրդի ներգրավվածության բավարար աստիճան և մոռանում է այն մասին, որ Մինսկի խմբի ստեղծման ժամանակ ամրագրվել է, որ ԼՂՀ-ն պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ, հակառակ դեպքում դրանք զուրկ են իրավաբանական ուժից:
Նույն բանի մասին է հայտարարում ՀՀ ԱԳ նախարարը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ղարաբաղի ժողովրդի ձեռքում է:
Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունների և լծակների թվում նախարարը նշեց, որ ԼՂՀ-ն անուղղակիորեն միշտ ներկա է բանակցությունների սեղանի շուրջ, ինչի մասին վկայում են համանախագահների և հանրապետության ղեկավարների մշտական հանդիպումները, որոնց ընթացքում նրանք փորձում են այցելել Ստեփանակերտ և ծանոթանալ նրանց դիրքորոշման հետ:
«Եթե որևէ մեկը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի ձգձգումներ, ապա դրա կարևորագույն պատճառը բանակցությունների սեղանի առջև Ղարաբաղի բացակայությունն է: Եվ ինչպես մենք տեսնում ենք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին հենց Ղարաբաղի ժողովրդի ձեռքում է», - ասել է Նալբանդյանը:
Հայաստանի ներքաղաքական կյանքը նախորդ շաբաթ կենտրոնացված էր «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի երկար սպասված դատավարության շուրջ: Փաշինյանը մեղադրվում է 2008 թ.-ի մարտյան անկարգություններին մասնակցելու մեջ:
Երեքշաբթի դատարանը դատավճիռ է կայացերլ Փաշինյանի գործով՝ դատապարտելով նրան յոթ տարի ազատազրկման: Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդարացրել է Փաշինյանին ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքից (իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելը):
«Իմ նկատմամբ ծայր առած հետապնդումը պատվիրված է ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ավազակախմբի և անձամբ նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի կողմից և զուրկ է որևէ իրավական հիմնավորումից», - ասվում է լրագրողի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի երեկոյան:
Փաշինյանը հայտարարել է, որ մեղադրող կողմի ներկայացրած առանց բացառության բոլոր «ապացույցները» եղել են շինծու, մտացածին՝ ավարտելով իր հայտարարությունը հայտնի ընդդիմադիր նշանաբանով՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»:
Փաշինյանի նկատմամբ դատավճռի կապակցությամբ արտահայտվել է նաև ընդդիմադի Հայ ազգային կոնգրեսը:
«Երկարատև դատավարությունից հետո դատարանին այդպես էլ չհաջողվեց գտնել որևէ վկայություն կամ ապացույց, որը կհաստատեր քաղբանտարկյալին ներկայացված մեղադրանքներից գոնե որևէ մեկը: Հակառակը, դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր և վկայություններ, որոնք լիովին հերքում են ներկայացված մեղադրանքները», - ասվում է հայտարարության մեջ:
Այսպես թե այնպես, Փաշինյանը մտադիր է բողոքարկել դատավճիռը վերին ատյաններում՝ ընդհուպ մինչ եվրոպական ատյանները: Այնպես որ, կարծես թե պատմությունը սրանով չի ավարտվում:
Շողիկ Վարդանյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից:-0-

