Ադրբեջանի ազատության համար պայքարում էին ջարդարարներն ու մարդասպանՆերը...

20.01.2010, 12:43
Ադրբեջանի ազատության համար պայքարում էին ջարդարարներն ու մարդասպանՆերը...
Ադրբեջանի ազատության համար պայքարում էին ջարդարարներն ու մարդասպանՆերը...

Ադրբեջանում հերթական պետական քարոզչությունն այսօր կհասնի իր գագաթնակետին: Ուղիղ քսան տարի առաջ խորհրդային ղեկավարությունը՝ հանկարծ հիշելով, որ պետության կարևորագույն գործառույթը սեփական քաղաքացիների անվտանգության ապահովումն է, որոշում ընդունեց կարգուկանոն հաստատել Բաքվում, որտեղ ողջ շաբաթ չէին դադարում արյունոտ հայկական ջարդերը:

Հայերի զանգվածային սպանություններն ու բռնի արտաքսումը Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին: Այն ժամանակվա արյունոտ խրախճանքի ողջ սարսափն ու անհեթեթությունն ընդծում էր այն փաստը, որ Բաքվում գտնվող զինվորական ստորաբաժանումները, այդ թվում նաև՝ ներքին զորքերի 12 հազարանոց համակազմը չէին միջամտում իրավիճակին:

Քաղաքը, փաստորեն, հանձնված էր արյան հոտից արբած և գազազած հազարավոր խելագարներին, ովքեր անպատիժ սպանում էին խաղաղ, անմեղ մարդկանց:

Սակայն ինչպե՞ս են այսօր Ադրբեջանում անվանում այդ խելագարությունը: Ոչ այլ կերպ, քան՝ ազգային-ազատագրական պայքար: Եվ ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդպես բնութագրում սեփական հայրենակիցների վայրենի, միջնադարյան հանցագործությունը... Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն:

Պարզվում է, որ կարգուկանոն հաստատելով Բաքվում՝ «խորհրդային ռեժիմը փորձում էր խեղդել ադրբեջանական ժողովրդավարությունը և Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժումը ներկայացնել որպես մահմեդական ֆունդամենտալիզմի և ծայրահեղականության դրսևորում»:

Ինչպես արդեն կռահեցիք, ազգային-ազատագրական շարժումը էթնիկ զտումներն են, խաղաղ մարդկանց սպանությունը, թալանը, բռնաբարությունը, ծերերին, կանանց և երեխաներին ծաղրուծանակի առարկա դարձնելը: Իսկ այդ շարժման հերոսները  գազանաբարո մարդկանց ոհմակներն են, ովքեր քաղաքում դեսուդեն էին ընկնում՝  նոր զոհեր փնտրելու և իրենց նախնադարյան, քարանձավային բնազդները բավարարելու համար: Բավականին հետաքրքիր պետություն կարող էր ծնվել այդ գործընթացների ընդերքում...

Իրականացված հանցագործության ժխտման դիրքորոշումը հատուկ է ոչ միայն Ադրբեջանի բարձրաստիճան հոգևորականներին, այլև ադրբեջանական պետությանն ընդհանրապես:

Բաքվեցի քարոզիչները սովոր են ի ցույց դնել այս կամ այն ողբերգական իրադարձության հետևանքները, այլ ոչ թե պատճառները: Դա վերաբերում է ինչպես 1990 թ.-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությանը: Խոսելով ադրբեջանական հողերի, այսպես կոչված, «օկուպացիայի» մասին՝ Բաքվում խորամանկորեն լռում են հակամարտության նախապատմության, դրա պատճառների մասին, որոնց արմատները գտնվում են  Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը վերացնելու՝ նրանց ձգտման մեջ:

Բաքվեցի ջարդարարներին հերոսացնելը, պետական մակարդակով նրանց մեծարելը Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը լինելու անհնարինության ամենածանրակշիռ ապացույցն է: Այս մասին հայտարարում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և այս ամենը հստակորեն հասկանում են նաև համաշխարհային առաջատար խաղացողները:

Բաքվում իրականացված ցեղասպանությունը, ըստ էության, անպատիժ մնաց: Պատասխանատվություն չկրեցին ոչ հայկական ջարդերի իրական կազմակերպիչները, ոչ այն անձինք, որոնց հանցավոր անգործության պատճառով իրականացվեց այդ հրեշային հանցագործությունը:

Սակայն այս ոճրագործության դատապարտումը, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից, կարող է սկիզբ դնել երկու հարևան ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, երկար սպասված խաղաղության հաստատմանը:

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ