Ադրբեջանը «Հայաստանի հետ խաղաղ գոյատևելու» կերպարանափոխման մեջ. շաբաթվա ամփոփում
Նախորդ շաբաթ կայացավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստը: Դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում կայացած միջոցառմանը մասնակցել են 56 արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներ: Միջոցառումն առանձնապես արդյունավետ չստացվեց: Նիստից հետո հերթական անգամ քաղաքական հայտարարություն չընդունվեց: Կողմերին այդպես էլ չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Եվրոպայում սովորական ԶՈՒ մասին պայմանագրի և Վրաստանի հակամարտության վերաբերյալ:
Սակայն առնվազն երեք պետության՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի համար Աթենքի հանդիպումը միայն ձևական բնույթ չէր կրում: ԱԳՆԽ նիստի շրջանակներում հանդիպում կայացավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև:
"3+2" ձևաչափով բանակցություններին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպման արդյունքում երեքշաբթի երեկոյան համատեղ հայտարարություն է ընդունվել, այսպես ասած, «ամեն ինչի և ոչնչի մասին»:
«Պատվիրակությունների հինգ ղեկավարները վկայակոչեցին 2008թ. նոյեմբերին Մոսկվայում ընդունված հռչակագրում և 2008թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Հելսինկիի նախարարական հայտարարությունում ամրագրված պարտավորությունները: Նրանք նշեցին բանակցությունների դրական դինամիկան, որն արձանագրվել է այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վեց հանդիպումների ընթացքում», - նշվում է փաստաթղթում:
Համանախագահները կոչ են արել «հնարավորին չափ շուտ» ավարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների համաձայնեցման աշխատանքը, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման վրա հիմնված ապագայի կերտմանը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել Հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: Միաժամանակ նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
Սակայն ավելի հատկանշական է անմիջապես Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արած մեկ այլ հայտարարությունը:
«Ադրբեջանը կառուցողական երկխոսության և Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ և ադրբեջանական համայնքների համագոյակցման դիրքորոշման կողմնակիցն է: Սա հիմք կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելը միակ հնարավոր ու ամուր որոշումն է, որը կարող է թուլացնել լարվածությունն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքը»,- ասել էր Մամեդյարովն իր ճառում (ուղերձի բնօրինակին կարելի է ծանոթանալ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքում):
Բավականին անսովոր է ադրբեջանական իշխանություններից լսել այնպիսի բառեր, ինչպիսիք են «խաղաղ համագոյակցումն» ու «ինքնավարությունը», չնայած տերմիններից երկուսն էլ օգտագործվել են բացառապես «Ադրբեջանի կազմում» համադրությամբ: Ավելին ակնկալելը, միևնույնն է, անիմաստ էր: Սակայն առաջընթացն ակնհայտ է, հատկապես Իլհամ Ալիևի՝ կես ամիս առաջ հնչեցրած ռազմատենչ հռետորության ֆոնին:
Եվ ո՞րն էր «պատերազմի դաշտից» հեռանալու և ոչ այնքան արդյունավետ, բայց գոնե բանակցային գործընթացին վերադառնալու պատճառը:
Տարբերակները մի քանիսն են: Հնարավոր է, որ Ադրբեջանում նորից մոդայիկ է դարձել խաղաղասիրությունը: Կամ էլ մինսկյան գործընթացում իսկապես առաջընթաց է նկատվել:
Սակայն ավելի հավանական է երրորդ տարբերակը. Ադրբեջանի հանրապետության առաջնորդը «պատերազմի դաշտ» չէր էլ դուրս եկել: Պարզապես հերթական անգամ գործադրվել էր Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նախազգուշական սպառնալիքի սկզբունքը:
Տվյալ մոտեցման տրամաբանությունը բավականին պարզ է. Մեկ էլ տեսար՝ պատերազմի սպառնալիքն հանկարծ աշխատեց: Չաշխատեց: Դրա օրինակը նոյեմբերին Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպում էր: Իսկ ավելի հստակ, Ալիևի ակնկալած արդյունքների բացակությունը:
Ուրեմն ի՞նչ ստացվեց: Ռազմատենչ հռետորության շարունակումը հազիվ թե նպաստեր Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացմանը և Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծմանը: Հետևաբար, պետք է փոխել հարցի լուծման մոտեցումները:
Այժմ Ադրբեջանը հայերին ոչ թե պատերազմով է սպառնում, այլ խաղաղությամբ: Նոր հայեցակարգը հետևյալն է. ադրբեջանցիները միշտ խաղաղ ապրել ու ապրում են հայերի հետ Ադրբեջանի ներսում, և անգամ պատրաստ են ինքնավարություն տալ նախկին ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ տարածքին:
Հայկական զորքը պետք է անհապաղ դուրս գա ԼՂՀ սահմանամերձ 7 շրջանից, ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, ԼՂՀ –ն դադարի իր գոյությունը որպես ինքնավար պետություն:
Իլհամ Ալիևի կարծիքով, սա այս իրավիճակից դուրս գալու միակ հնարավոր և միակ արդար ելքն է: Առաջարկի «խելամտության» ու «արդարության» հետ վիճելն անիմաստ է:
Դրա փոխարեն փաստում ենք. Ադրբեջանը փոխում է ամպլուան: Պատերազմի կոչերը փոխվում են Հարավային Կովկասի կայուն և ներդաշնակ զարգացման քարոզչության՝ ամենախաղաղասեր ազգի, այսինքն ադրբեջանցիների նախաձեռնությամբ:
Այժմ կովկասյան ալբանացիների և թուրք եղբայրների սերունդների պետական ղեկավարները (ադրբեջանցի պատմաբաններն ու քաղաքական գործիչները դեռևս մինչև վերջ չեն կողմնորոշվել ընտրության մեջ) ամեն տեղ հայտարարելու են «հայ-բռնակալների» մշտական ագրեսիայի և հակամարտությունը խաղաղ լուծել չցանկանալու մասին (ադրբեջանական սցենարով):
Հաջողություն մաղթենք հարևան երկրի դիվանագիտությանը նրանց նոր ձեռնարկած գործին, գուցե նաև հին քաղաքականությանը վերադառնալուն (դժվար է հիշել նրանց այդքան ակտիվ ու հաճախ փոփոխվող արտաքին քաղաքական գործունեության միտումները): Գուցե Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին «խաղաղ համագոյակցմամբ» «սպառնալը» ավելի արդյունավե՞տ լինի: Ժամանակը ցույց կտա:
Իսկ ավելի համոզիչ լինելու համար Իլհամ Ալիևին կարելի էր առաջարկել, թե ինչպես ավելի արդյունավետ ծախսեն քաղաքացիների՝ Հայաստանի հետ պատերազմի համար պատրաստած փողերը:
Օրինակ, կարելի էր մի քանի շենք կառուցել Ղարաբաղից վերաբնակեցվածների համար, թե չէ արդեն 20 տարի է՝ նրանցից շատերը գոյատևում են բարաքներում: Սա սեփական երկրի ներսում սեփական ժողովրդի հետ խաղաղ համագոյակցման լավ օրինակ կլիներ: -0-
Ռաֆայել Տեր-Սարգսյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

