Վրաստան և Հարավային Օսեթիա. պատերազմի հետքեր և «ուրախ հրաձգություն»
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաց-օսական սահման: Հարավային Օսեթիայի պատերազմից մեկուկես տարի անց: Հարավային և Հյուսիսային Կովկասի մի խումբ լրագրողներ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) շրջանակներում մեկնել էր Կարելիայի շրջանի Դվանի գյուղ, որը օսեթական սահմանի մոտ գտնվող վերջին վրացական բնակավայրն է:
Հենց գյուղի կենտրոնում մեր առջև հայտնվեց պատերազմի առաջին նշանը՝ զրահամեքենան ոստիկանության ներկայացուցիչներով, և միանգամից ծնվեց հարցը, թե ինչու են նրանք այստեղ տեղակայված, այլ ոչ թե սահմանի մոտ:
Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ոչ երկար շփումից հետո մեզ հաջողվեց մոտենալ պահակետին: Եվ այստեղ, ի զարմանս մեզ, պարզվեց, որ գյուղի մոտակայքում գտնվող սահմանը հսկում է պարեկային ծառայություն իրականացնող ընդամենը երկու ոստիկան, ովքեր էլ, ըստ էության, գյուղի անվտանգության ամբողջ ուժն են ներկայացնում:
«Սահմանին երկու մարդ է կանգնած, և ուրիշ ոչ ոք: Մենք ապրում ենք մշտական վախի մթնոլորտում: Երբ հրաձգություն ենք լսում, մեր տները լքելու ցանկություն է առաջանում, բայց հետո, երբ ամեն ինչ հանդարտվում է, մնում ենք»,- ասաց Դվանի գյուղի տարածքային իշխանության մարմնի լիազոր Գոչա Նեբիերիձեն:
Վրացական 1100 բնակիչ ունեցող գյուղին սահամանկից է երկու օսեթական գյուղ՝ Մուգուտը և Չոլիբաուրին:
«Մինչև պատերազմը մենք լավ հարաբերությունների մեջ էինք օսեթինների հետ, ազատ շփվում էինք, հիմա էլ պատահում է, որ նրանց հորթուկը մտնում է մեր տարածք, և նրանք մեզ ձայն են տալիս՝ չե՞նք տեսել արդյոք: Իրենք էլ ծանր են տանում այս իրավիճակը»,- ասում է Մարինա Մեկարիշվիլին, ում տունը գտնվում է օսեթական Չոլիբաուրի գյուղից հարյուր մետրի վրա: Պատերազմական գործողությունների ժամանակ կինը տեղափոխվեց սահմանից ավելի հեռու՝ դեպի գյուղի խորքը, սակայն հետո վերադարձավ իր տուն:
Ջրի միակ աղբյուրը սահմանակետից ոչ հեռու գտնվող աղբյուրն է, և երեկոյան ժամը վեցից հետո Դվանի գյուղի բնակիչները դուրս չեն գալիս փողոց` անվտանգության նկատառումներով:
«Ես երեք երեխա ունեմ և ստիպված եմ երեկոյան ջրի գնալ, այդ ժամանակ ես պարզապես բարձր բղավում եմ օսեթական կողմին, որ այս ես եմ, գնում եմ ջրի», - ավելացնում է Մարինան:
Գյուղում եկամտի աղբյուր չկա, բնակչությունը պետության կողմից օգնություն է ստանում, ազատված է էլեկտրաէներգիայի օգտագործման վճարումներից: Որոշ գյուղացիներ զբաղվում են հողագործությամբ, սակայն սահմանային գոտու բնակիչների մի մասը զրկված է նաև այդ հնարավորությունից, քանի որ պատերազմից հետո նրանց դաշտերը հայտնվել են օսեթական տարածքում:
Իսկ պատերազմից առաջ սահմանամերձ գյուղերի բնակիչները վարում էին տնային տնտեսություն և մթերք և ապրանք էին փոխանակում. վրացիները միրգ էին վաճառում՝ փոխարենը օսեթիններից ստանալով ալյուր և տնտեսական ապրանքներ:
Վրաստանի իշխանությունները շարունակում են օգնություն ցուցաբերել պատերազմի ընթացքում տուժած փախստականներին: Այդ գործում նրանց մեծ օգնություն են ցուցաբերում նաև միջազգային կազմակերպությունները: Վերականգնվում են շենքերը, շարունակվում է ժամանակավոր բնակարանների բարեկարգումը, որոնք տրամադրվել են այն փախստականներին, ովքեր չեն կարող վերադառնալ իրեն տները:
Վրացի փախստականների խիտ բնակեցված տարածքներից մեկը Գորիի շրջանի Վերխվեբի ավանն է, որտեղ տեղավորվել են փախստականները Ֆրոնի լեռնանցքից, Մեծ և Փոքր Լիախվիից:
«Քսան տարի անց մենք ստիպված էին լքել մեր տները, ընդ որում հեռացանք առանց հասնելու որևէ բան վերցնել մեզ հետ», - ասում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Իրմա Բուզալաձեն Մեծ Լիախվից, ով կրկնակի փախստական է: Առաջին անգամ նա հեռացել է Ցխինվալից 90-ականներին:
Գյուղում 300 տուն կա, որոնք կառուցվել են Գերմանիայի աջակցությամբ, բնակեցման գործընթացը շարունակվում է: Տեխնիկական համագործակցության գերմանական միության (GTZ) ծրագրի շրջանակներում Վրաստանի տարբեր շրջաններում ստեղծվել են վերաբնակիչների վերապատրաստմամբ և աշխատանքի տեղավորմամբ զբաղվող ուսումնական կենտրոններ, քանի որ այդ խնդիրը շատ սուր է:
Իրմա Բուզալաձեն այսօր էլ դպրոցում ռուսաց լեզու է դասավանդում, սակայն աշխատավարձը շատ ցածր է, ամուսինը չի աշխատում, իսկ երեք անչափահաս երեխաներին պահելը շատ դժվար է, այդ պատճառով նրանք ապրում են բացառապես պետության և միջազգային կազմակերպությունների օգնության հաշվին:
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը լրագրողներին ասաց, որ սահմանի մոտ տիրող իրավիճակը բավականին կայուն է: Սակայն եթե մի կողմը ձերբակալում է մյուս կողմի ներկայացուցիչներին, ինչպես դա տեղի էր ունեցել նոյեմբերի սկզբին Ցխինվալում ձերբակալված չորս վրացի դեռահասների դեպքում, ապա խնդիրներ են ծագում:
Հարավօսեթական կողմի տվյալների համաձայն՝ Վրաստանի չորս անչափահաս քաղաքացիներ ձերբակալվել էին նոյեմբերի 4-ին ժամը 23:00-ի սահմաններում Ցխինվալի տարածքում Հարավօսեթական Հանրապետության Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից: Դեռահասներից առգրավվել էր չորս նռնակ և պայթուցիկ սարքեր: Վրացական կողմի տվյալների համաձայն՝ Թիրձնիսի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներ 1995 թ.-ին ծնված Գեորգի Ռոմելաշվիլին, 1995 թ.-ին ծնված Ալեկո Սամաձեն, 1993 թ.-ին ծնված Վիկտոր Բուչուկուրին և 1992 թ.-ին ծնված Լևան Խմիադաշվիլին անհետացել էին Գորիի շրջանի Թիրձնիսի գյուղին հարակից տարածքից:
«Մենք հնարավորություն չունենք հետևել իրավիճակին օսեթական կողմից, քանի որ մեզ այնտեղ չեն թողնում: Եթե նրանք մեզ համարում են կանխակալ, ապա պետք է ապահովեն մուտք տարածքներ», - ասել է Հաբերը:
Այս կապակցությամ նա նշել է, որ իրենց առաքելության օբյեկտիվությունը «մեծ մարտահրավեր է», քանի որ լինելով ԵՄ առաքելության ներկայացուցիչներ՝ իրենք ապահովում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Հաբերը նշել է, որ իրավական մակարդակում առաքելությունը դժվարություններ ունի օսեթական կողմի հետ շփման գործում, քանի որ ապահովում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն հակամարտության կարգավորման մակարդակում փորձում է լինել չեզոք և օբյեկտիվ գնահատել իրավիճակը:
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի խոսքերով՝ ԵՄ դիտարկման համաձայն՝ պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակահատվածում սահմանային գոտիներում սպանվածներ և վիրավորներ չեն արձանագրվել, իսկ լսվող կրակոցները սոսկ «ուրախ հրաձգություններ» էին (happy shooting)՝ զինվորների հրավառությունները՝ տոնական տարբեր առիթներով: -0-
Նաիրա Մելքումյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան
Երևան-Գորի-Թբիլիսի-Երևան

