Հայկական պետականության տարբեր չափումներն ու դրանց աշխարհաքաղաքական հետևանքները

26.10.2009, 14:33
Հայկական պետականության տարբեր չափումներն ու դրանց աշխարհաքաղաքական հետևանքները

Հայաստանի աշխարհաքաղաքական քայլերը՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, և դրանց բերած արդյունքները պահանջում են հայկական պետականության էության բավականաչափ խոր վերլուծություն: Այսօր 192 պետություն ՄԱԿ-ի անդամ է: Սակայն աշխարհում կան երկրներ, որոնք այս կազմակերպության անդամ չեն: Սրանք այն պետություններ են, որոնք չեն ճանաչվել միջազգային կազմակերպությունների կողմից կամ էլ ճանաչվել են մեկ կամ մի քանի պետության կողմից: Սրանց թվում են, օրինակ, Թայվանը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան ու մի շարք այլ պետություններ:

Բոլոր այս պետություններն ընդհանրություններ ունեն: Դրանք քաղաքական բնույթի ընդհանրություններ են, ինչպիսիք են դե-ֆակտո կամ դե-յուրե վերահսկվող տարածքները, բնակչությունը, օրենքները, որոնք տարածվում են այդ տարածքի սահմաններում բնակվող մարդկանց վրա: Սակայն բացի քաղաքականից, կան նաև այլ բնորոշիչներ, որոնք հիմնականում շոշափում են ազգային ինքնագիտակցության, հոգեկերտվածքի, աշխարհընկալման, պատմական ու աշխարահագրական հիշողության հարցերը:

Բոլոր այս բաղադրիչները կարելի է պայմանականորեն միավորել մեկ պատմահոգեբանական ասպեկտում: Երբեմն քաղաքական ու պատմահոգեբանական ասպեկտներն ու բնութագրումները չեն համընկնում: Հիմնականում դա տեղի է ունենում պետության կամ ժողովրդի կողմից սեփական պատմական տարածքը ռազմաքաղաքական պարտությունից հետո կորցնելու դեպքում: Եվրոպայում դա ակնառու կերպով դրսևորվում է Հունգարիայում, որը 1920թ. Տրիանոնի պայմանագրով զրկվեց պատմական հողերի գրեթե 2/3-ից: Նման օրինակներ կարելի է տեսնել մոլորակի այլ տարածաշրջաններում ևս՝ Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆիկայում:

Սակայն, թերևս, ամենակնառու օրինակը հայկական նախադեպն է: Անհիշելի ժամանակներից հայկական պետականության սահմանները համընկնում են հայ ժողովրդի էթնիկ արեալի հետ: Հարևան պետությունների նկրտումները, տարբեր զավթիչների արշավանքներն ու այլ պատմական մարտահրավերներ հասցրեցին նրան, որ փլուզվեց անկախ և միասնական հայկական պետականությունը: Հայ ժողովրդի պատմությունը թևակոխեց մի երկարատև ժամանակաշրջան, որի ընթացքում պիտի անկախ պետականությունը վերականգնելու պայքար մղեր:

Սակայն անգամ անկախ պետականության բացակայության շրջանում «Հայաստան» հասկացությունը շարունակում էր գոյություն ունենալ աշխարհում և տարածաշրջանում, իսկ հայ ժողովրդի աշխարհընկալման ու ինքնագիտակցության մեջ Հայաստանը պահպանում էր իր սկզբնական պատմաաշխարհագրական սահմաննրը, որոնք,փաստորեն, համընկնում էին հայ ժողովրդի էթնիկ արեալի սահմանների հետ:

Նման աշխարհընկալումը մեր ժողովուրդը պահպանում է մինչ այսօր: Անգամ 1915թ. Ցեղասպանությունը չկարողացավ ոչ արմատախիլ անել, ոչ էլ փոխել Հայաստանի հոգեբանական ընկալումը հայկական ինքնագիտակցության մեջ: Անկախ պետականության վերականգնումն ու քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտնվելը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ:

Սակայն հայկական պետականության քաղաքական ու պատմահոգեբանական չափումները բացարձակապես չեն համընկնում, հատկապես սփյուռքում: Այս առանձնահատկությունը ձևավորել է իրեն բնորոշ տաբուներով հայկական պետականության աշխարհաքաղաքական վարվեցողության բավականին ինքնատիպ կառուցվածք: Այս կամ այն արտաքին քաղաքական քայլը, որը տրամաբանական է թվում քաղաքական տեսանկյունից, անտրամաբանական է դառնում պատմահոգեբանական տեսանկյունից, և հակառակը:

Այս համատեքստում առավել ակնառու օրինակ է հայկական արտաքին քաղաքականության թուրքական վեկտորը: Հիմնականում 1915թ. ցեղասպանությունն ու Թուրքիայի՝ դրա ճանաչումից հրաժարվելը, թերևս Թուրքիայի հետ հարաբերություններում ամենանուրբ կետն են ոչ միայն հայկական արտաքին քաղաքականության, այլև հայկական հոգեկերտվածքի համար:

Հայ ժողովրդի մոտ ձևավորվել է կայուն բարոյահոգեբանական անվստահություն Թուքիայի նկատմամբ: Հենց այդ պատճառով էլ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը նման երկդիմի արձագանք առաջացրեց հայոց աշխարհում: Մինչ հայ-թուրքական արրձանագրությունների ստորագրումը, հայկական գիտակցության մեջ պետականության պատմահոգեբանական և քաղաքական բաղադրիչները երբեք չեն բախվել, թեպետ երբեմն  հակադրվել են միմյանց:

Զուտ աշխարհաքաղական տեսանկյունից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը լուրջ հեռանկարներ է ստեղծում արդյունավետ աշխարհաքաղաքական մանևրի համար, հատկապես գլոբալ և տարածաշրջանային խաղացողների հետ հարաբերություններում, որոնք անթաքույց հետաքրքրություն են ցուցաբերում դրա հանդեպ: Հայկական արտաքին քաղաքականության տվյալ ուղղությունն ամրապնդում է մեր աշխարահաքաղաքական հավասարակշռության բազան:

Մյուս կողմից էլ, ինչպես արդեն նշվեց, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների ջերմացումը երկդիմի կերպով է ընկալվում հայոց աշխարհում, հատկապես սփյուռքում, և նրանց մեջ որոշակի շփում ստեղծում: Միաժամանակ Հայրենիք-Սփյուռք կապն իր հերթին նույնպես ժամանակակից հայկական պետականության բաղկացուցիչն է, և ցանկացած, անգամ աննշան ճաք, իհարկե, դուրս է մեր պետականության շահերից:

Տվյալ իրավիճակում հարց է առաջանում՝ ի՞նչ անել: Իրավիճակի զարգացման առավել անցանկալի սցենարն այս դեպքում հետևելն է «ո՞վ է մեղավոր» տրամաբանությանը: Այս տրամաբանությունը վնասակար է և էլ ավելի է բևեռացնում հայոց աշխարհը: Որքան էլ պարադոքս թվա, սակայն յուրաքնաչյուր կողմն իր ձևի մեջ ճիշտ է՝ հաշվի առնելով այն, որ վերլուծության հիմքում վերցվում են քաղաքական կամ պատմահոգեբանական ասպեկտները:

Ստեղծված իրավիճակի համար առավել նպատակահարմար ելք է միասնական աշխարահաքաղաքական դոկտրինի մշակումը, որն իր մեջ կներառի բոլոր ասպեկտները, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ պատմահոգեբանական: Իհարկե, դա բավականին բարդ և, հնարավոր է, երկարատև գործընթաց լինի: Սակայն մեր ժողովրդի և մեր պետականության համար այլընտրանք պարզապես չկա, հատկապես եթե հաշվի առնենք ցեղասպանության ճանաչումն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը:

Հայությունը, ունենալով դրանք լուծելու բավարար ներուժը, պետք է կարողանա անել դա՝ մշակել միասնության դոկտրին ողջ ազգի համար: -0-

Դավիթ Բաբայան, քաղաքագետ, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ