Հայաստան-Թուրքիա. շփման եզրեր
Հայաստանի և Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նախորդ շաբաթվա հանդիպման հիմնական լեյտմոտիվը երկու կողմի՝ միմյանց լսելու պատրաստակամությունն ու ցանկությունն էր, հակառակ կողմի դիրքորոշումը հասկանալու փորձը։ «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի և Ստամբուլի Մշակութային համալսարանին առընթեր GPOT (Global political trends center) թուրքական կազմակերպության կողմից երկու երկրների ազգային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման նախաշեմին Բուրսայում կազմակերպված հանդիպմանը մասնակցեց գրեթե երկու տասնյակ ԶԼՄ։
Քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիայում փլուզվում են դարերով գործող տաբուները։ Թուրքական առաջատար պարբերականների լրագրողներն ազատ արտասանում էին «ցեղասպանություն» բառը, ինչը հնարավոր չէր պատկերացնել մի քանի տարի առաջ։
Հայոց ցեղասպանության հարցն ամենատարբեր մեկնաբանություններով թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հուզող թեմաներից էր, մյուս կարևոր թեմաներն էին հայ-ադրբեջանական հարաբերությունները և սփյուռքահայության գործունեությունը։
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց չենք ցանկանում նեղացնել Ադրբեջանին»,- այս միտքը բավական հաճախ էր կրկնվում, որպեսզի հասկանալի դառնար դրա ողջ զգայունությունը թուրքական քաղաքական ղեկավար օղակների համար։
Միաժամանակ, թուրք փորձագետներն ու լրագրողները գրեթե կասկած չունեն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները կվավերացվեն երկրի խորհրդարանի կողմից, թեև ասում են, որ այդ գործընթացում ռեկորդային ժամկետներ ակնկալել պետք չէ։
«Ամեն դեպքում, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել, այսինքն, ադքան էլ հեշտ չի լինի հետ գնալ»,- կարծում է GPOT (Global Political Trends Center) կենտրոնի ղեկավար Մենսուր Աքգյունը (Mensur Akgun)։ Միաժամանակ, նա նշում է, որ ղարաբաղյան կարգավորման գործում առաջխաղացման բացակայության դեպքում այդ գործընթացը կարող է դանդաղել։
«Այդ դեպքում մենք կփորձենք ցույց տալ Ադրբեջանին, որ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը չի թուլացնի Ադրբեջանին և չի ուժեղացնի Հայաստանին. բայց դրա համար ժամանակ է պահանջվում»,- ասաց փորձագետը։
Եվրոպական Կայունության Նախաձեռնության (European Stability Initiative) ավագ վերլուծաբան Նիգար Գոկսելը (Nigar Goksel) նույնպես կարծում է, որ արձանագրությունները միանգամից քվերակության չեն դրվի։ «Վերջիվերջո, այդ քայլը կարվի, բայց եթե մենք այն սպասում ենք շատ կարճ ժամանակահատվածում, ապա հիասթափություն կապրենք»,- ասաց նա։
Թուրքական փորձագետները նշում են, որ հայ-թուրքական գործընթացը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու՝ իր հարևանների հետ հարաբերությունների բարելավման նախաձեռնությունների մեծ փաթեթի մասն է։
Հարևան երկրների միջև խնդիրների հարթեցման լավագույն օրինակը մասնագետները համարում են Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները՝ մատնանշելով այն, որ դեռևս մինչև վերջին ժամանակները պատերազմի շեմին կանգնած երկու պետություններն այսօր համագործակցում են ռազմավարական մակարդակով։
Թուրք մասնագետների կարծիքով, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է նաև թուրքական մամուլում։ Լուրջ թերթերում հակահայկական հոդվածներ և նշումներ արդեն չես գտնի։ Դա առկա է փոքր տպաքանակ ունեցող մարգինալ մամուլում։
Երկու երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների երկօրյա հանդիպման ընթացքում ընդհանուր առմամբ տիրող բարյացակամ և կառուցողական մթնոլորտը տրամադրում էր ոչ միայն օգտակար զրույցի, այլ նաև համատեղ նախագծերի մշակման։
Նախատեսված ծրագրերի թվում կարելի է, թերևս, նշել համատեղ օն-լայն ռեսուրսի ստեղծման, լրագրողների և տեղեկատվության փոխանակման, ԶԼՄ-ների հրապարակումների թարգմանության ծրագրերը։
Միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ համատեղ նախագծերի իրագործումը թույլ կտա լրագրողներին ավելի լավ ճանաչել միմյանց և բարձրացնել երկու երկրի հասարակությունների իրազեկվածությունը։
Հայկական և թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների շփումները կշարունակվեն։ Արդեն նոյեմբերին պատասխան այցով Հայաստան կժամանեն թուրք լրագրողները։
Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիայի» տեսաբան, Երևան-Բուրսա-Երևան։ -0-

