2:0 հօգուտ թուրքերի: Դիվանագիտական ֆուտբոլը շարունակվում է
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթվա սկզբին հայտնի դարձավ այն, ինչի մասին բոլորն արդեն կռահում էին. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա՝ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով: Ինչպես մեկ տարի առաջ, այս անգամ նույնպես Հայաստանի և Թուրքիայի նախագահները միասին վայելեցին ֆուտբոլային հանդիպումը, որի ժամանակ հայկական հավաքականը պարտվեց 2:0 հաշվով: Իհարկե, սա այդքան էլ կարևոր չէ, ինչպես կարևոր չէ նաև այն, որ հայ լրագրողներին Բուրսայում քարկոծեցին, իսկ Հայաստանի օրհներգի ժամանակ թուրք երկրպագուները սուլեցին:
Կարևոր է այն, որ ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտությունն» ավարտին հասավ: Սակայն, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման միայն սկիզբն է՝ առաջին աստիճանը:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման և ֆուտբոլային հանդիպմանը ՀՀ նախագահի մեկնելու վերաբերյալ բանավեճերի դադարից հետո հայկական և թուրքական հասարակություններում շրջանառվում է մեկ այլ հարց՝ «կվավերացվե՞ն, արդյոք, արձանագրությունները երկու երկրի խորհրդարաններում» և «ե՞րբ դա տեղի կունենա»:
Խոսելով հետագա զարգացումների մասին՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը համբերատար սպասում է իրադարձությունների հետագա զարգացմանը հայ-թուրքական հարաբերություններում:
«Գնդակը գտնվում է թուրքական կողմում, և մենք բավականաչափ համբերություն ունենք՝ իրադարձությունների հետագա զարգացմանը սպասելու համար», - ավելացրել է նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, ապա հայկական կողմը կշարունակի գործընթացը:
Թուրքական հասարակությունում միանշանակ չեն Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման մասին կանխատեսումները: Միջին-արևելյան տեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին կարծում է, որ Թուրքիայի խորհրդարանը, անկախ ամեն ինչից, կվավերացնի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները, քանի որ դա «ժամանակի ոգու թելադրանքն է»:
Թուրքական կողմից հնչում են նաև արմատական հայտարարություններ:
«Թուրքիայի խորհրդարանը մտադիր չէ վավերացնել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման», - հայտարարել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը:
«Այսօր բոլոր հարցերը ետևում են, և առջևում կանգնած է կարևորագույն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Չնայած հայ-թուրքական ստորագրված արձանագրություններում չի հիշատակվում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն Թուրքիայի խորհրդարանում չի անցնի ոչ մի փաստաթուղթ, որում չեն նշվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին պահանջները», - ընդգծել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորում և այդ գործընթացի առաջընթաց չի կանխատեսվում մինչև 2010 թ.-ի ապրիլը:
Իսկ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը կարծում է, որ հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների շաղկապումը կարող է երկու գործընթացներում էլ բացասական հետևանքների հանգեցնել:
«Անկարայում շատ լավ հասկանում են, թե ինչ դժվար է մի երկրի համար, որն անցել է Ցեղասպանության և այն չճանաչելու երկարատև տարիների միջով, հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ, ընդ որում՝ որքան բարդ է անել դա առանց նախապայմանների, մասնավորապես՝ առանց Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչման: Եվ առավել դժվար է, երբ այդ երկիրն ինքն է նախապայմաններ ներկայացնում», - ասել է Բեքարյանը:
«Եթե Թուրքիան շարունակի Ղարաբաղի վերաբերյալ կտրուկ արտահայտությունները, ապա դա բավականին բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան գործընթացի անաչառության վրա», - հայտարարել է նա:
Եվս մեկ թուրք փորձագետ՝ Եվրոպական կայունության նախաձեռնության (European Stability Initiative) ավագ վերլուծաբան Նիգար Գոքսելը (Nigar Goksel) կարծում է, որ չարժե ակնկալել, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները շատ կարճ ժամանակում:
«Վերջիվերջո այդ քայլը կարվի, սակայն եթե մենք սպասում ենք, որ այն կարվի շատ կարճ ժամկետներում, ապա մենք կհուսախաբվենք», - ասել է նա:
Թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն իր հերթին կանխատեսում է, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել 2010 թ.-ի առաջին կիսամյակում Թուրքիայի կողմից քաղաքական որոշում ընդունելու դեպքում:
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ինչպես միշտ, լավատես են և գոհ գործընթացից:
«Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ցույց տվեց նախորդ տարվա ընթացքում հայկական դիվանագիտության հաջողությունը», - ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով, ՀՀ նախագահի կողմից մեկ տարվա ընթացքում իրականացված քաղաքականությունը արգասաբեր էր, «ինչը հաստատում է Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման փաստաթղթի ստորագրումը»:
Միաժամանակ ՀՅԴ-ն հայտարարում է, որ բոլոր քաղաքական և սահմանադրական միջոցներով պայքարելու է Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ: Կուսակցության անդամների խոսքերով, նրանք կանգ չեն առնի նույնիսկ իշխանափոխության պահանջի առջև:
Շողիկ Վարդանյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից:-0-

