ԱՄՓՈՓՈՒՄ. Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին

12.10.2009, 13:12
ԱՄՓՈՓՈՒՄ. Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին
ԱՄՓՈՓՈՒՄ. Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն շաբաթ օրը Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման  մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Փաստաթղթերը նախաստորագրվել էին օգոստոսի 31-ին, ինչից հետո երկու երկրներում այդ արձանագրությունների շուրջ տեղի ունեցան ներքին քաղաքական խորհրդակցություններ:

Ստորագրումից հետո փաստաթղթերը կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Միաժամանակ ենթադրվում է, որ արձանագրությունները կվավերացվեն խելամիտ ժամկետներում:

Փորձագետների կարծիքով՝ պատմական փաստաթղթերը ստորագրվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի և Բեռնար Քուշների, ինչպես նաև Եվրամիության ընդհանուր  արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի ներկայությամբ: Յոթանասուն հեռուստաընկերություններ ուղիղ եթերում  հեռարձակում էին օրվա կարևորագույն իրադարձությունը:

Արձանագրությունների ստորագրումը փոքր-ինչ ձգձգվեց: Որոշ տվյալների համաձայն՝ դրա պատճառը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եզրափակիչ ելույթի մի շարք կետերի հետ Հայաստանի անհամաձայնությունն էր:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մինչ օրս Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից ստորագրված փաստաթուղթ փաստացի գոյություն չի ունեցել, եղել են նախագծեր, պայմանագրերի նախաստորագրված տեքստեր:

«Ստորագրված փաստաթղթերը խոսում են այն մասին, որ կողմերը ցանկություն ունեն կարգավորել հարաբերություններն ու բացել սահմանները: Ամենակարևորն այն է, որ ստորագրվել է մի փաստաթուղթ, որում չկան «Ղարաբաղ» և «Ցեղասպանություն» բառերը», - ասաց քաղաքագետը:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-