Երբ է գալու սեպտեմբերը...
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երբ է գալու սեպտեմբերը...մի փոքր վերափոխելով խորհրդային ֆիլմի անվանումը՝ կարելի է բնութագրել նախորդ շաբաթ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, որի պատճառը արձակուրդների կապակցությամբ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում քաղաքական ակտիվության «սառեցումն» էր:
Այնուամենայնիվ նախորդ շաբաթ իրադարձություններ տեղի են ունեցել: Վրաստանը, կատարելով անհրաժեշտ բոլոր ընթացակարգային պահանջները, ձևակերպեց Անկախ Պետությունների Համագործակցության կազմից իր դուրս գալը: Հայ քաղաքագետներն արձագանքեցին այդ իրադարձությանը՝ քննարկելով, թե ինչպես կարող է այդ քայլն անդրադառնալ Հայաստանի վրա:
Այսպես, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալն ու ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) դաշինքում նրա մասնակցության շարունակությունը կարող է Հայաստանի հետ տնտեսական պատերազմի հանգեցնել:
Միաժամանակ նա նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե ԱՊՀ-ում կացության ընդհանուր օրենսդրական բազայով, այլ երկկողմ համաձայնագրերով, և եթե վրացական կողմն իրեն դրսևորի այդ համաձայնագրերի համաձայն, ապա Վրաստանի դուրս գալը բացասաբար չի անդրադառնա Հայաստանի վրա:
Սակայն Շաքարյանցի խոսքերով, Հայաստանը լավ հասկանալով, թե ինչպես են երբեմն իրենց դրսևորում Վրաստանում, կարող է սպասել, որ վրացական կողմը հայկական կողմի առջև կցանկանա «ինչ-որ բարդ հարցեր դնել»՝ հենվելով ԱՊՀ-ից արդեն օրենսդրորեն ձևակերպված սեփական ելքի վրա:
«Արևմտահայկական հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն իր հերթին կարծում է, որ ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալը չի անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:
«Հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա՝ ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու պատճառով, քանի որ մենք միայն կորցնում ենք ԱՊՀ-ի հետ տարածքային սահմանը: Սակայն այդ սահմանն ավելի վաղ էլ գոյություն չուներ, քանի որ չէին գործում ոչ երկաթուղային, ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունները», - հայտարարել է նա:
Փորձագետի խոսքերով, հայ-վրացական հարաբերություններն այնքան կարևոր են երկու կողմերի համար, որը Վրաստանի՝ ԱՊՀ-ի կազմում ընդգրկվելը կամ դուրս գալը կարևոր նշանակություն չունեն: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կենսական կարևոր նշանակություն է սկսում ձեռք բերել Վրաստանի համար, որը գիտակցում է, որ արևմուտքի և ԱՄՆ-ի համար կորցնում է նախկին նշանակությունը:
Հայկական հասարակության ուշադրությունը գրավեց նաև Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հղած նամակը, որում ԱՄՆ հայկական համայնքը մտահոգություն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կանխակալ հայտարարությունների կապակցությամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ANCA-ից, նամակում մանրամասն ներկայացված են «Բրայզայի՝ վերջերս արված անարդար, սխալ և հաշվենկատ հայտարարությունները», ինչպես նաև այն, որ ԱՄՆ գործող վարչակազմը թույլ է տալիս, որ Թուրքիայի կառավարությունը մասնակցի Հայաստանին վերաբերող ԱՄՆ քաղաքականության հարցերի որոշմանը:
ANCA-ից նշեցին, որ Օբամա-Բայդեն զույգի՝ Սպիտակ տուն գալուց յոթ ամիս անց ԱՄՆ հայկական համայնքն իր լուրջ մտահոգությունն է արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ ԱՄՆ գործող վարչակազմը գրեթե հրաժարվում է իր պարտավորություններից՝ ներգրավելով Թուրքիային Հայաստանին վերաբերող արտաքին քաղաքականության գործընթացի մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանին վերաբերող ամերիկյան քաղաքականությունը մեծամասամբ սահմանվում է Թուրքիայի կողմից թելադրված ուղով, քան ժողովրդավարության և բարոյականության սկզբունքներով, ինչի մասին նախագահ Օբաման և փոխնախագահ Բայդենը խոսում էին նախընտրական արշավի ժամանակ:
Ինչ վերաբերում է սփյուռքի հետ Հայաստանի կապերին, ապա կարելի է նշել, որ ՀՀ կառավարությունը հինգշաբթի իր նիստի ժամանակ հավանության է արժանացրել Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման հայեցակարգը:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայեցակարգը սահմանում է Սփյուռքի հետ համագործակցության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խնդիրները, նպատակներն ու հեռանկարները: «Հայեցակարգի հիմքում ընկած են հայապահպանության, Հայաստանի օրհասական խնդիրների լուծման համար սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները», - տեղեկացրեց նախարարը:
Հակոբյանի խոսքերով, հայեցակարգը քննարկվել է Հայաստանի և Սփյուռքի ավելի քան հարյուր շահագրգիռ գերատեսչությունների, անձանց, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների հետ:
Ուրբաթ ՀՀ կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Կայուն զարգացման ծրագրի աշխատանքները համակարգող խորհրդի անդրանիկ նիստը:
Ծրագիրը հիմք կապահովի կառավարության առանձին ոլորտային ծրագրերի սոցիալ-տնտեսական ծրագրավորման և Հայաստանի պետբյուջեի մշակման համար, ինչպես նաև կամփոփի հակաճգնաժամային միջոցառումները:
Շատ հետաքրքիր էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հերթական մամուլի ասուլիսը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում 2009 թվականի առաջին կիսամյակում հանցավորության աճն աննախադեպ է եղել և կազմել է 71 տոկոս՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2009 թվականին արձանագրվել է 6849 հանցագործություն՝ 2008 թվականի 3998 հանցագործության դիմաց։
Սակայն նա նշեց, որ այդ աճն օբյեկտիվ պատճառներ ունի և կապված է սոցիալական իրավիճակի, Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների, գաղտնի հանցավորության աճի հետ: Արձանագրված հանցագործությունների թվի աճի վրա է ազդել նաև հաջող պայքարը հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի դեմ։
ՀՀ ոստիկանապետը նաև ընդգծեց, որ չնայած հանցավորության աճին, արձանագրվել է նաև միջին հաշվով 10 տոկոսով բացահայտում՝ ըստ հանցագործությունների բոլոր տեսակների։
Բացի այդ Ալիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունը մի քանի աղմկահարույց հանցագործությունների բացահայտման մասին կհաղորդի: «Դուք շուտով կլսեք մի քանի աղմկահարույց սպանությունների բացահայտման մասին: Օպերատիվ աշխատանքը կատարվել է պատշաճ մակարդակով: Հիմա ընթանում է վերջին փուլը, և առաջիկա օրերին հանցագործները կձերբակալվեն», - հայտարարել է նա:
Նախորդ շաբաթ հայկական հասարակության ուշադրությունը գրաված այլ իրադարձությունների թվում կարելի է նշել հակերների կողմից հայկական նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների կայքերը բազմաթիվ անգամ կոտրելու փաստերը, ինչպես նաև Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության կողմից «Եվրատեսիլ-2009» մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչների օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիների հարցաքննման մասին լուրը:
Հարկ է նշել, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի հեռարձակողների միությանը, որն արդեն սկսել է այդ հարցի քննությունը:-0-

