Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան. նոր խթան ամերիկյան կովկասյան աշխարհաքաղաքականությունու՞մ

12.08.2009, 13:55
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան. նոր խթան ամերիկյան կովկասյան  աշխարհաքաղաքականությունու՞մ
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան. նոր խթան ամերիկյան կովկասյան  աշխարհաքաղաքականությունու՞մ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում բավական ուշագրավ դիվանագիտական նշանակում է:

Հարցը հենց Բրայզայի անձն է, ով իր բոլոր նախորդների համեմատ մի շարք էական ինքնատիպ առանձնահատկություններ ունի: Առաջին հերթին՝ Բրայզան բավականին երկար ժամանակ անմիջականորեն զբաղվել է ամերիկյան արտաքին քաղաքականության մշակումով ինչպես կովկասյան ուղղությամբ, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և հետխորհրդային տարածքում:

Երկրորդ՝ Բրայզան աշխատանքային լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների մեծամասնության, հատկապես ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կողմ-երկրների ղեկավարության հետ:

Սա Բրայզայի թեկնածության կարևոր առանձնահատկությունն է: Հենց այդ առանձնահատկությունն էլ կարող է դրական արտացոլվել Վաշինգտոնի հնարավորություններում՝ իր կովկասյան քաղաքականությունում նոր տարրեր մտցնելու առնչությամբ: Բանն այն է, որ երկիր մոլորակի տվյալ` ռազմավարապես կարևոր տարածաշրջանում սեփական դիրքերի հետագա ամրապնդման համար Վաշինգտոնին անհրաժեշտ է աշխատանք տանել տարածաշրջանի երկրների միջև փոխհարաբերությունների բարելավման և հետագա խորացման ուղղությամբ: Աշխատանքն առանձին երկրների հետ, անշուշտ, կշարունակվի, բայց նաև «տեղերից» նախաձեռնությունը նույնպես կարևոր է: Այս իսկ պատճառով տարածաշրջանում դեսպան ունենալը, ով լավ, անգամ կարելի է ասել, բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների ղեկավարությունների հետ, իսկապես կարող է կարևոր տարր դառնալ տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների բարելավման հարցում:

Բայց որպեսզի այդ քաղաքականությունը հաջողությամբ պսակվի, անհրաժեշտ են առավելագույնս հավասարակշռված գործողություններ, այդ թվում նաև այս կամ այն կարևոր հարցի վերաբերյալ տարվող հռետորություն, որը շոշափում է  տարածաշրջանի երկու կամ ավելի երկրների շահերը: Տվյալ համատեքստում Բրայզան, դեռ չստանձնած դեսպանի պաշտոնը, արդեն մի շարք ռազմավարական սխալներ է թույլ տվել: Խոսքը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում արված հայտարարությունների մասին է, որոնք ակնհայտորեն ադրբեջանամետ էին ըստ իրենց էության: Բրայզան նաև շատ անպատեհ սկսել է մեջբերել և հղում անել Ադրբեջանի նախագահ Ալիևի մտքերին և ցանկություններին, ինչը թեև ավելի է ամրապնդում իր անձնական դիրքերը, ինչպես նաև իր երկրի դիրքերն Ադրբեջանում, սակայն բոլորովին հակառակ արդյունք ունի  Արցախի և Հայաստանի դեպքում:

Կարելի է ենթադրել, որ տվյալ համատեքստում Բրայզան ամերիկյան արտաքին քաղաքականության ադրբեջանավրացաթուրքական ուղու հետագա խորացման ավելի շատ հնարավորություններ ունի, քան հայ-ադրբեջանական կամ ադրբեջանաղարաբաղյան ուղու:

Դավիթ Բաբայան, քաղաքագետ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ: -0-