Մադրիդյան սկզբունքներ. կողմ և դեմ
Նախորդ շաբաթ Մոսկվայում Սերժ Սարգսյանի և Ւլհամ Ալիևի հանդիպումն ու այդ հանդիպման ընթացքում քննարկվող հարցերը շարունակում են խռովել հայկական և ադրբեջանական հասարակության միտքը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու մեծ արձագանք ստացած Մադրիդյան սկզբունքները դարձան թեժ քաղաքական բանավեճերի, ամպագոռգոռ հայտարարությունների և մեկնաբանությունների առարկա:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մոսկովյան հանդիպման ժամանակ քննարկված՝ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն է:
«Կարծում եմ՝ արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ և ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձևակերպում տալ, որը որևէ երկմտանք չի առաջացնի, այնուհետև, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն», - ասել է Սարգսյանը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի (Carl Bildt) գլխավորած ԵՄ «Եռյակի» պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նախագահը նաև նշել է, որ այժմ քննարկվում են մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետև պետք է քննարկվեն մյուս սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա կսկսվի հիմնական պայմանագրի մշակումը:
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Բիլդտն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հակամարտության շուտափույթ կարգավորմանը:
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրի իրագործմանը, որը, հուսով ենք՝ կստորագրվի մոտ ժամանակներս, ինչի համար մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին», - ասել է Բիլդտը:
Արտահայտելով Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարել է, որ այդ փաստաթուղթը Հայաստանի կողմից դիտարկվում է բացառապես որպես բանակցությունների հիմք:
Սակայն բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու մեկնաբանությունները չխոչընդոտեցին հայկական իշխանությունների կողմից ընտրված արտաքին քաղաքական գծի և որպես հակամարտության կարգավորման միջոց Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ հայկական ընդդիմության հնչեցրած վրդովմունքի և բողոքի ալիքին:
«Հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները միակողմանի զիջումներ են, որոնք անտեսում են Ղարաբաղի ժողովրդի կամքն ու վտանգում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի անվտանգությունը», - կարծում է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահների կողմից կողմերին ներկայացված հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների անընդունելիության համատեքստում ՀՅԴ-ի կարծիքը կիսում է նաև Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը:
«Հայաստանի համար անընդունելի են կողմերի մշակած Մադրիդյան սկզբունքները, քանի որ դրանցից ոչ մեկի չի պարունակում հակամարտության կարգավորման հստակ գործողություններ», - հայտարարել է ՀԱԿ անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Միաժամանակ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը պահպանում է հակամարտության կարգավորման նկատմամբ իր հստակ դիրքորոշումը՝ հետևելով երեք հեռանկարային սկզբունքների, որոնք են՝ ԼՂՀ-ի կարգավիճակը, հակամարտության կարգավորման դեպքում անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումն ու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ուղիղ կապի առկայությունը:
Սակայն ինչպիսին էլ լինեն Հայաստանի ընդդիմադիր և կոալիցիոն քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները՝ բոլորը միակարծիք են, որ անհրաժեշտ է ներգրավել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ բանակցային գործընթացին ԼՂՀ-ի միանալը բանակցային գործընթացի արագ և արդյունավետ զարգացման երաշխիքն է:
Նրա խոսքերով՝ անմիջականորեն ԼՂՀ-ին վերաբերող հարցերը չեն կարող լուծվել առանց Ղարաբաղի մասնակցության:
Նույն տեսակետն ունի նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի անմիջական մասնակցության դեպքում», - ասել է նա:
Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը կդառնա լավագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գոյություն ունեցող տարբերակներից:
Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակի պատրաստումը տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նստաշրջանի ընթացքում, որը կկայանա հուլիսի վերջին Կրակովում: Փաստաթուղթը կպատրաստվի Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների կողմից արված համատեղ հայտարարության համապատասխան:
Ընդհանուր առմամբ բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կասկածի տակ չի դրվում բանակցող կողմերից որևէ մեկի կողմից:
ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հինգշաբթի արած իր հայտարարության մեջ հերքել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինված գործողությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկատվությունը:
«Բանակում ամեն օր իրականացվող ակտիվ միջոցառումները, վերջին շրջանում զորքը ռազմական պատրաստվածության բերելը խուճապ են առաջացրել բնակչության շրջանում, սակայն դրանք սովորական գործընթացներ են, որոնք տեղի են ունենում ԼՂՀ Պաշտպանության բանակում», - ասել է նախարարը:
ԼՂՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ այժմ իրավիճակը բարդ է «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» կարգավիճակի պայմաններում:
Սակայն նախարարի խոսքերով՝ ԼՂՀ ԶՈՒ-ն գտնվում է հիանալի մարտական պատրաստվածության մեջ, ինչը հաստատել են վերջերս անցկացված ռազմական զորավարժությունները, և ի վիճակի է իրականացնել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովմանն ուղղված իր գլխավոր առաքելությունը:-0-
Մարիա Հակոբյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

