ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Իրանում Տու-154-ի կործանումը. «սև արկղերը» գտնվել են, հարազատները մեկնել են աղետի վայր
Փրկարարները հինգշաբթի գտել են վթարի ենթարկված Տու-154 իրանական ինքնաթիռի երրորդ և վերջին «սև արկղը»։ նքնաթիռի մյուս երկու ինքնագրիչները գտնվել էին չորեքշաբթի, սակայն դրանք խիստ վնասված են: Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները մեկնել են Իրան՝ ավիացիոն պատահարի հետաքննությանը մասնակցելու:
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
«ՍԵՎ ԱՐԿՂԵՐԻ» ՎԵՐԾԱՆՈՒՄԸ
Փրկարարները երրորդ «սև արկղը» հայտնաբերել են վթարի վայրից 4 կմ հեռավորության վրա։ Սակայն անկան հետևանքով «արկղի» վնասվածության աստիճանի մասին չի հաղորդվում: Նախորդ երկու «սև արկղերը» գտնվել էին չորեքշաբթի օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրանական իշխանությունները հայտարարել են, որ ինքնագրիչների վերծանման հետ կապված խնդիրներ ծագելու դեպքում իրենք մտադիր են դիմել արտադրող-երկրի փորձագետների օգնությանը:
Միջազգային օդային օրենսդրության համաձայն՝ Միջպետական ավիացիոն կոմիտեում մասնագետների խումբ է ձևավորել, որը կմեկնի Իրան ավիացիոն պատահարի հետաքննությանը մասնակցելու: Խումբը գլխավորում է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Գեորգի Յաչմենևը։ Հինգաբթի Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) առաջարկվել է հայկական կողմին ուղարկել իր մասնագետին՝ «սև արկղերի» վերծանման գործին մասնակցելու համար: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից (ՔԱԳՎ) հետաքննության անցկացման համար որոշեցին գործուղել թռիչքային ստանդարտների գլխավոր մասնագետին:
Չորեքշաբթի Իրանի ճանապարհների և տրանսպորտի նախարարությունը ևս ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ՝ Տու-154-ի ավիավթարի պատճառները հետաքննելու համար: Ենթադրվում է, որ ՄԱԿ-ի խումբը սերտորեն կաշխատի Իրանի ավիացիոն իշխանությունների հետ:
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ԹՌԻՉՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ «ՏՈՒ»-Ն
Ինչպես հինգշաբթի տեղեկացրել էր ՀՀ ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, կործանված Տու-154-ը շահագործվում էր արդեն 22 տարի: Այդուհանդերձ, ՀՀ ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կործանված ինքնաթիռում տեղադրված սարքավորումները համապատասխանել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (IKAO) պահանջներին, և ինքնաթիռն ընդամենը 15 տարեկան էր, ինչը, նրա խոսքերով, նորմալ ժամկետ է այդ տիպի ինքնաթիռի շահագործման համար:
ՔԱԳՎ-ն նաև տեղեկացրել էր, որ կործանված Տու-154-ը շուրջ մեկ ամիս առաջ լիարժեք տեխսպասարկում էր անցել Ռուսաստանի Միներալնիյե Վոդի քաղաքի օդանավակայանում և տեխսպասարկումից հետո այդ օդանավին թույլատրվել էր թռիչքներ կատարել մինչև 2010 թ.-ը ներառյալ:
Սակայն Միներալնիյե Վոդի օդանավակայանի շտաբի պետ Յուրի Սամսոնովը հրաժարվել է հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ Իրանում կործանված «Տու»-ն մեկ ամիս առաջ տեխսպասարկում է անցել Միներալնիյե Վոդիյում:
Արաբական հեռուստաալիքներից մեկն իր հերթին, հղում անելով փորձագետներին, տեղեկացրել է, որ Մերձավոր Արևելքի որոշ ավիաընկերությունների կողմից շահագործվող «Տու» մակնիշի ինքնաթիռներն «այնքան էլ լավ վիճակում չեն գտնվում»: Նման ինքնաթիռների շահագործման ժամկետը, որոնք գնվել են Ռուսաստանից և պատրաստվել են դեռևս ԽՍՀՄ ժամանակ, հաճախ գերազանցում է 20 տարին, իսկ ավիապարկի թարմացման և ժամանակակից «Airbus» կամ «Boing» տիպի ինքնաթիռների գնման համար այդ ընկերությունները միջոցներ չունեն:
ԶՈՀԵՐԸ
ՌԴ ԱԳՆ-ն հինգշաբթի հայտարարեց, որ կործանված ինքնաթիռում ռուսաստանցիներ չեն եղել։ Տու 154-ի ավիավթարի հետևանքով 168 զոհերի թվում հիմնականում Իրանի քաղաքացիներ էին: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռի ուղևորներից 36-ը հայեր էին, որոնցից հինգը՝ ՀՀ քաղաքացիներ: Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռում երկու ավստրալացի է եղել: Բացի այդ, ավիավթարի հետևանքով զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի:
Զոհվածների հարազատների՝ Երևանից Թեհրան մեկնած ինքնաթիռն արդեն Իրանում է:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Տու-154 ինքաթիռի վթարից զոհված Հայաստանի քաղաքացիների ընտանիքներից յուրաքանչյուրին պետբյուջեից կվճարվի 1,5 մլն դրամ (ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար)։
Եվս 675 հազար դրամ (ավելի քան 1,8 հազար դոլար) կհատկացվի Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Արմավիրի մարզպետարանին հուղարկավորությունների հետ կապված տարբեր ծախսերի նպատակով, տեղեկացրեց նախարարը։
Զոհվածների հարազատները կստանան նաև 32-42 հազար եվրո ապահովագրություն։ -0-

