Իրանական Տու-154 օդանավն իր թռիչքն այդպես էլ չավարտեց. ռեպորտաժ դեպքի վայրից

16.07.2009, 18:43
Իրանական Տու-154 օդանավն իր թռիչքն այդպես էլ չավարտեց. ռեպորտաժ դեպքի վայրից
Իրանական Տու-154 օդանավն իր թռիչքն այդպես էլ չավարտեց. ռեպորտաժ դեպքի վայրից

Չորեքշաբթի Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Տու-154 իրանական ինքնաթիռի վթարի մասին լուրը, որի ժամանմանը ոչինչ չկասկածող հարազատներն ու մտերիմները սպասում էին հայկական «Զվարթնոց» օդանավակայանում, ռումբի պայթյուն հիշեցրեց: 

Սպասասրահում գտնվող մարդիկ ենթադրել անգամ չէին կարող, թե իրենց ինչ է սպասում: Նրանցից ոմանք եկել էին ծաղիկներով, ուշադրություն էր գրավում կարմիր վարդերի մեծ փունջը:   

Ժամանումների սրահի տեղեկատվական աղյուսակում Թեհրանից եկող չվերթի ժամանման մոտավոր ժամանակի փոխարեն կարելի էր տեսնել հետևյալ գրությունը. «տեղեկանալ ավիաընկերությունից»:  

Սարսափելի լուրը արագ տարածվեց: Ժամանումների հին սրահում, որտեղ օդանավակայանի աշխատակիցներն ուղարկում էին Իրանից եկող ինքնաթիռը դիմավորողներին, արդեն հերթապահում էին բժիշկներն ու շտապ օգնության բրիգադները:  

Մարդկանց վիճակը սարսափելի էր. մեկը, լսելով մտերիմների մահվման մասին, գոչում էր, մեկ ուրիշը ուշաթափվեց, այս ու այնտեղ հեկեկոցի ձայն էր լսվում:

Քիչ հեռվում շփոթահար տեսքով նստած էր 50-ամյա մի տղամարդ: «Եղբայրս բորտինժեներ է, նա զանգեց երեկ ու ասաց, որ գալիս է..., այս չվերթով... Նա այնտեղ՝ Իրանում է աշխատում և տարին մեկ-երկու անգամ գալիս է երեխաներին տեսնելու: Հիմա էլ գալիս էր երեխաներին տեսնելու...»,- ասում է տղամարդը:

Հարցին այն մասին թե իրեն ով է հայտնել միջադեպի մասին, պատասխանեց, որ եղբոր կինն է զանգահարել ու հայտնել զանգի մասին: Անհայտ մեկն ասել է շտապ գալ օդանավակայան: «Ահա, եկել եմ, բայց ոչինչ հայտնի չէ, ցուցակներում միայն ուղևորներն են, անձնակազմի անդամների մասին տեղեկատվություն չկա, սպասում ենք...»:

Խոսակցությունը հանկարծ ընդհատեցին կնոջ աղաղակները. նա հենց նոր կախված ցուցակում տեսել էր ամուսնու անունն ու հաջորդ պահին կորցրել գիտակցությունը:  

Շտապ օգնության հերթապահ բժիշկները մեկ վայրկյանում կնոջը մոտեցրին օպերատիվ կարգով հատուկ տեղադրված երկաթյա նստարաններին, պառկեցրին ու սկսեցին ուշքի բերել:   

Լրագրողներից ոմանք, մի կողմ նետելով բլոկնոտներն ու դիկտոֆոնները, օգնում էին բժիշկներին:  

Ահա մի տարեց տղամարդու ևս հիվանդանոց տեղափոխեցին, սիրտը վատացավ: «Երեկոյան ավելի վատ կլինի»,- հոգոց հանելով՝ ասում է բժիշկներից մեկը,- «երեկոյան մարդիկ տանը ևս մեկ անգամ կվերապրեն ողբերգությունը, սրտի և ուղեղի կաթվածներ կլինեն»:  

Փողոցում գոչյուններ են լսվում, աղջիկը՝ լսելով ինքնաթիռի վթարի մասին, չի կարող հավատալ ականջներին, ընկերները փորձում են հանգստացնել նրան, իսկ վրա հասած հոգեբանները՝ օգնություն ցուցաբերել:

Ողբերգության պահից արդեն մի քանի ժամ է անցել, բայց օդանավակայան գալիս են մարդիկ, ովքեր Թեհրանից եկող ինքնաթիռին տանն էին սպասում ու տեղի ունեցածի մասին լսել են ԶԼՄ-ներից:  

Ակամայից բոլորի ուշադրությունը գրավեց ողբաձայն լացող երիտասարդ կինը: Պարզվեց, որ նա հայ է, բայց Իրանի քաղաքացի: Ինքն ու քույրը որոշել էին այս տարի գալ Հայաստան ու արձակուրդը պատմական հայրենիքում անցկացնել: Կինը ժամանել էր երկու օր առաջ բնակարան վարձելու համար, իսկ քույրը, ամուսնու ու 11-ամյա երեխայի հետ, պետք է ժամանեին այս չվերթով:

Չորեքշաբթի՝ հուլիսի 15-ին, Թեհրան-Երևան երթուղով իր վերջին չվերթն իրականացրած Տու-154 ինքնաթիռում 153 ուղևորի ու անձնակազմի 15 անդամի կյանք ընդհատվեց՝ ներառյալ 4 երեխա: Ալ կարմիր վարդերի մեծ փունջն այդպես էլ որբի պես մնաց սպասասրահի նստարանին՝ չհասնելով իր հասցեատիրոջը: -0- 

Իննա Վեռլինսկայա, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան