Ընդհանրացում. Համաներում. կյանք՝ սպիտակ էջից

19.06.2009, 19:09
Ընդհանրացում. Համաներում. կյանք՝ սպիտակ էջից
Ընդհանրացում. Համաներում. կյանք՝ սպիտակ էջից

ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ, որը շուրջ 5 ժամ տևեց, գրեթե միաձայն հավանություն տվեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկին: Երկրի ղեկավարի առաջարկի օգտին քվեարկեց 98 պատգամավոր, «դեմ» էր մեկ հոգի, «ձեռնպահ»՝ երեքը: 

Քվեարկության արդյունքը պատգամավորների բուռն ծափահարություններին է արժանացել: Քննարկումը խորհրդարանում ընթանում էր բավականին ակտիվ: Չնայած, որ բոլոր խորհրդարանական խմբակցությունները՝ կոալիցիոն և ընդդիմադիր, սատարեցին համաներման մասին նախագահի առաջարկին, նրանք բոլորը մի շարք դիտողություններ ու առաջարկներ ներկայացրին փաստաթղթի տեքստի առնչությամբ:

Նախագահն առաջարկել էր պատիժը կրելուց ամբողջովին ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

ՀՀ նախագահի առաջարկության համաձայն՝ առաջարկվել էր պատժից ազատել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձանց, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած անձանց, այն անձանց, ովքեր ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են:

Ինչպես նաև առաջարկվել է համաներումը տարածել 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում:

Ինչպես հայտնել էր ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, խորհրդարանի այսօրվա նիստի արդյունքում համաներման մասին որոշման տեքստում առաջարկվել է ներմուծել մի շարք փոփոխություններ: 

Մասնավորապես, ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ որոշում է ընդունվել կիսով չափ կրճատել Երևանում մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կատարված հանցագործությունների համար դատապարտված անձանց: 

Պատգամավորների առաջարկով որոշում է ընդունվել նաև 200 հոդվածը /կաշառք/ բացառել երկրի ՔՕ-ի այն հոդվածների թվից, որոնց վրա տարածվում է համաներումը: 

Հնարավոր խոսակցությունները կանխելու համար խորհրդարանականները հստակեցրել են նաև հաշմանդամների վրա համաներում տարածելու կարգը: Պատգամավորների առաջարկով, համաներման տակ կընկնեն մինչև 2009թ.-ի հունիսի 1-ը հաշմանդամություն ստացած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները:

Համաներում հայտարարելու օգտին այսօրվա նիստի ժամանակ արտահայտվեցին ոչ միայն բոլոր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, այլև ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, որը նշեց, որ համաներումը կօգնի հայ հասարակությանը դասեր քաղել մարտի 1-2 դեպքերից և միաժամանակ շրջել այդ էջը՝ կյանքը սկսելով նոր էջից:

«Մենք բոլորս էլ մեղքի մեր բաժինն ունենք մարտի 1-2-ի դեպքերում: Բայց ես չգիտեմ, թե ամենից շատ ով է մեղավոր. նրանք, ովքեր պատիժ են կրում ու գտնվում կալանքի տակ, թե նրանք, ովքեր ժողովրդին հասցրին այդ վիճակին, իսկ հետո թողեցին բախտի քմահաճույքին ու հիմա ազատության մեջ են»,- ընդգծեց խորհրդարանի նախագահը:

Աբրահամյանի կարծիքով, համաներում հայտարարելը Հայաստանում երկար սպասված և լիովին արդարացված քայլ է, որն ունի ինչպես մարդասիրական, այնպես էլ քաղաքական մեծ նշանակություն ունի երկրի համար և թույլ է տալիս մեզ միայն առաջ ընթանալ:

Նա ընդգծել է, որ նման քաղաքական որոշումները, ինչպիսին է համաներումը, չունեն ժամանակային սահմանափակումներ և պետք է ընդունվեն անհրաժեշտության դեպքում։

«Ներկայում հենց այդպիսի անհրաժեշտություն է.... Մենք չպետք է կաշկանդված լինենք, մենք չպետք է լռենք խնդիրների մասին, այլ հակառակը, վերլուծենք դրանք և հստակ լուծումներ տանք դրանց»,- հայտարարեց խոսնակը։

Խորհրդարանի ղեկավարի խոսքերով, համաներման վերաբերյալ որոշում ընդունելիս անհրաժեշտ է լիովին համոզված լինել, որ յուրաքանչյուրը ստանում է իրենը՝ միաժամանակ հնարավորություն տալով հանցագործություն կատարածներին փոխվելու՝ պատիժը կրելով։

ՀՀ խորհրդարանի կողմից համաներման հայտարարումը կտարածվի մինչև 2009 թ.-ի հունիսի 1-ը հանցանքներ գործած անձնաց վրա, իսկ ինքը՝ ընթացակարգը, կտևի մինչև 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ը:

Համաներման տակ կընկնի շուրջ 2000 մարդ, որոնցից 500-ն ազատ կարձակվեն:

Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2006 թ.-ին հանրապետության անկախացման 15-ամյակի կապակցությամբ: Այն ժամանակ համաներումը տարածվել է 2579 մարդու վրա, ընդ որում պատիժ կրելուց ազատ է արձակվել 352-ը, ևս 59-ը դատապարտվածի դեպքում կրճատվել է պատժաժամկետը: -0-