Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» թուրքական մամուլի հայելում

23.04.2009, 19:48
Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» թուրքական մամուլի հայելում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական մամուլը ծփում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի` հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարության մասին հոդվածներով, որը թուրքական Hurriyet թերթը սրամտորեն անվանել է «Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների մատուցած կեսգիշերային անակնկալն ամերիկյան ղեկավարությանը»՝ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից ընդամենը մեկ օր առաջ։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

Թուրքական ԶԼՄ-ները համատեղ հայտարարությունը գնահատում են որպես Անկարայի «վերջին ուղերձը» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ապրիլի 24-ի նրա ճառից առաջ՝ կոչ անելով 1915 թ.-ի դեպքերը չորակել որպես ցեղասպանություն՝ հայտնելով, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների նորմալացման մասին համաձայնության են եկել ու մշակել «ճանապարհային քարտեզ»։    

«Օբաման անցյալ տարի իր նախընտրական արշավի ժամանակ երդվել էր ճանաչել, այսպես կոչված, «հայոց ցեղասպանությունը», բայց շատ վերլուծաբաններ կարծում են, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո ամերիկյան նախագահը հազիվ թե հայերի սպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանություն որակի»,- գրում է թուրքական Hurriyet թերթը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչումը կխանգարի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։  

«Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի ցանկանում խանգարել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին՝ ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ ապրիլի 24-ի իր ելույթում ամերիկացի նախագահն, ըստ ամենայնի, չի արտաբերի «ցեղասպանություն» բառը»,- գրում է Milliyet-ը։   

Վերջին իրադարձությունների լույսի ներքո թուրքական ԶԼՄ-ները կասկածի են ենթարկում նաև ամերիկացի կոնգրեսմականների կողմից ցեղասպանության մասին նոր բանաձևի սատարման հավանականությունը, որը Կոնգրես է ներկայացվել մարտին և արդեն ստացել է ավելի քան 100 կոնգրեսականների աջակցությունը։
 
Թուրքական գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել են նաև պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը հայկական և թուրքական ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։

«Ադրբեջանը Թուրքիային ու Հայաստանին զգուշացրել է, որ նրանք պետք է նորմալացնեն հարաբերությունները միայն այն ժամանակ, երբ հայկական զինված ուժերը լքեն Ադրբեջանի վիճահարույց տարածքը»,- գրում է Zaman-ը։ -0-