Սահակաշվիլին գտավ ուրիշի աչքի շյուղը, սակայն նրան ցույց տվեցին սեփական գերանը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ընթացիկ ֆինանսատնտեսական ճգնաժամի փոփոխական հաճախականության ֆոնի ներքո Վրաստանի նախագահի սկանդալային հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի տնտեսությունը փլուզվել է, քանի որ կախված էր Ռուսաստանից, ավելի շատ տարակուսանք և քմծիծաղ առաջացրեց, քան լուրջ մտահոգություն։
Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ երկրի տնտեսության վերաբերյալ Սահակաշվիլու կողմից տրված բնութագրություններն անհիմն են։ «Չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար»,- ասել է Ֆարմանյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի նախագահը երբեք չի արտահայտվել հարևան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ այդ խնդիրների մեկնաբանությունը թողնելով վերլուծաբաններին ու տվյալ երկրի պետական, քաղաքական գործիչներին: «Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում»,- հարևան երկրի քաղաքական գործչին սաստել է Ֆարմանյանը:
Ինչպես պարզվեց ավելի ուշ, մամուլի քարտուղարը ստիպված էր հերքել նաև երկրի ներսում շրջանառվող ասեկոսները, որոնք վերաբերում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և մի քանի նախարարների, այսպես կոչված, հրաժարականին։ Հայկական տպագիր մամուլի հրապարակումների համաձայն՝ ընդդիմադիր ԶԼՄ-ներին պատվեր էր իջեցվել անվանարկել կառավարության ղեկավարին՝ գործադիր իշխանությունը վարկաբեկելու և իշխանության բարձրագույն էշելոններում տարաձայնության հասնելու նպատակով։
«Վարչապետի հրաժարականի մասին lragir.am հրատարակության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասվում էր ՀՀ կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքը այդ փորձերը որակեց որպես քաղաքական գործիք, որը շատ հաճախ կիրառվում է որպես պայքարի ձև։ «Անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել նման քննադատությանը», - հայտարարել է նա։
Միաժամանակ շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից էր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մարտի 11-ին Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելը և Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակումը:
Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, արվեստաբան Աննա Ասատրյանը, ՀՀ երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, ՀՀ պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, Լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, հանրահայտ ֆուտբոլիստ, 1973 թ.-ի երևանյան «Արարարտ» թիմի կապիտան, Խորհրդային Միության չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ԱԺՄ ղեկավար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը և հայտնի հասարակական և պետական գործիչ, ՀՀ Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նախկին անդամ Վլադիմիր Մովսիսյանը:
Հանրային խորհրդի կանոնադրության համաձայն, կառույցի 36 անդամներից 12-ին նշանակում է նախագահը, 12-ն ընտրվում են Խորհրդի՝ նախագահի կողմից նշանակված անդամների կողմից երեսնօրյա ժամկետում, վերջին 12 անդամներն ընտրվում են խորհրդի գործող անդամների կողմից նույնպես երեսնօրյա ժամկետում։
Հանրապետության նախագահը Հանրային խորհրդի անդամ Վազգեն Մանուկյանին առաջարկել է մինչև խորհրդի կազմի ամբողջական համալրումը իր վրա վերցնել աշխատանքների համակարգման պարտականությունները, իսկ երբ խորհուրդը լիովին ձևավորվի, այդ կազմից կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ:
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի խոսքերով՝ Հանրային խորհրդի ստեղծումը կարող է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման համար։
Հայկական հասարակության սոցիալական խնդիրներին անդրադարձ է եղել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով՝ սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով կառավարությունն առաջին հերթին պետք է ամբողջովին կատարի իր վրա վերցրած պարտականությունները, ժամանակին և ամբողջությամբ վճարի աշխատավարձերը, անապահով ընտանիքների սոցիալական նպաստները և կենսաթոշակները։
«Մենք պետք է աջակցենք այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նոր աշխատատեղեր են ստեղծում», - նշել է Սարգսյանն՝ ավելացնելով, որ տասը նման ծրագրեր օպերատիվ շտաբն արդեն հավանության է արժանացրել և դրանց իրագործմանն է ուղղել պետական ֆինանսական միջոցներ։ Կառավարության ղեկավարը կարծում է, որ Հայաստանի տնտեսության վերականգնողական փուլը կսկսվի այս տարվա վերջում, և 2010 թվականի ընթացքում արդեն տնտեսական վիճակը կբարելավվի։
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նախորդ շաբաթվա առավել նշանակալի իրադարձությունը դարձավ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցների շրջանակում սերտ գործակցությանը, nերկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առկա մարտահրավերներին դիմակայելուն:
Միաժամանակ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մանուչեհր Մոթթաքիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանն ասել է, որ Իրանը Հայաստանի համար լավ հարևան ու վստահելի գործընկեր է: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան երկիր նոր խթան կհանդիսանա տարբեր բնագավառներում անընդհատ զարգացող համագործակցության համար:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մանուչեհր Մոթթաքին իր հերթին նշեց, որ Իրանը պատրաստ է աջակցություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
«Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամություն միշտ է արտահայտել, և ես հույս ունեմ, որ մենք կարող ենք աջակցել կայունության և խաղաղության հաստատմանը»,- ասաց Մոթթաքին։ --0--
Օլեգ Բառնաշով, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից։

