Մոսկվայում բացվել է ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների ֆորումը
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում բացվել է «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» խորագրով ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումը։ ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում է Համագործակցության 11 երկրների և Լատվիայի զանգվածային առաջատար լրատվամիջոցների, փորձագիտական-վերլուծական վերնախավի մոտ 200 ներկայացուցիչ։ Վրաստանը Ֆորումին ներկայացնում են «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքների հավատարմագրված նկարահանող խմբերը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործկացության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, բացելով ֆորումը՝ ՀՀՄՀ վարչության համանախագահ, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ հասարակական կարծիքի ձևավորման վրա ԶԼՄ-ների ազդեցությունը առաջվա պես մեծ է։
«Զանգվածային լրատվամիջոցները մեծամասամբ ազդում են այն բանի վրա, թե ինչպիսի հասարակական կարծիք է ձևավորվում մեր ժողովուդների մոտ, - ասել է Շվիդկոյը: - Այն բանից, թե ինչպիսի խնդիրներ և նպատակներ է իր առջև դնում ԶԼՄ-ն, կախված է հասարակական կարծիքի ձևավորումը»։
ՀՀՄՀ վարչության համանախագահը նշել է, որ առաջացող այս կամ այն խնդրի նկատմամբ բոլոր գնահատականների և մոտեցումների հստակությունն ու հավասարակշռվածությունը շատ կարևոր են։
Խոսելով ժողովուրդների միջև տեղեկատվության փոխանակման գործում զանգվածային լրատվամիջոցների դերի մասին՝ Շվիդկոյը, մասնավորապես, ասել է. «ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը կցանկանար հուսալ, որ ազգային ԶԼՄ-ների հումանիտար բաղկացուցիչը կծառայի մեր երկրների միջև փոխըմռնմանը, հատկապես մեր երկրների երիտասարդների միջև»։
Երրորդ ֆորումի ծրագրում նախատեսվում են «Հետխորհրդային տարածք. կայուն տեղեկատվական տարածք՝ փոփոխվող աշխարհում։ Հումանիտար ասպեկտ» թեմայով լիագումար նիստ, սեկցիոն աշխատանք՝ տպագիր ԶԼՄ-ներ, ռադիո և հեռուստատեսություն, տեղեկատվական գործակալություններ և ինտերնետ-հրատարակություններ, ինչպես նաև կլոր սեղաններ, բանավեճեր՝ կարծիքների բաց փոխանակության նպատակով, տեսակամուրջներ, որոնք կմիացնեն Մոսկվան ԱՊՀ երկրների մի շարք մայրաքաղաքների հետ։-0-

