ԱՄՓՈՓՈՒՄ. Հայաստանի խորհրդարանն առանց խոսնակի մնաց

16.09.2008, 18:13
ԱՄՓՈՓՈՒՄ. Հայաստանի խորհրդարանն առանց խոսնակի մնաց
ԱՄՓՈՓՈՒՄ. Հայաստանի խորհրդարանն առանց խոսնակի մնաց

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից իր հրաժարականի և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալու մասին։

Թորոսյանի առաջիկա հրաժարականի և այդ պաշտոնին պատգամավոր, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին լուրերը հայկական հասարակությունում պտտվում էին վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Այսօր գործող խոսնակը հաստատեց այն բավականին հայտնի սկզբունքը, որ առանց կրակ ծուխ չի լինում։

Թորոսյանը հրաժարականի և կուսակցության շարքերից դուրս գալու մասին իր որոշումը բացատրել է Հանրապետական կուսակցության շարքերում ներքին քաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։ Խոսնակի կարծիքով, կուսակցության ներսում այդ քաղաքական տարաձայնությունները հաղթահարելն անհնար էր։

«Դժբախտաբար, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում առկա այդքան տարբեր մոտեցումները հաղթահարելու հնարավորություն ես չեմ տեսնում։ Ես բազմիցս փորձել եմ հաղթահարել այդ տարաձայնությունները, բայց դա ինձ չի հաջողվել»,- ասաց Թորոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Խոսնակը, անկասկած վիրավորված ՀՀԿ գործադիր մարմնի որոշումից, համաձայն որի, խորհրդարանի խոսնակի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարելն աննպատակահարմար էր դիտվում, այսօր շատ կտրուկ էր։ Նա համոզված է, որ իր հրաժարականի գործընթացը նախօրոք ծրագրված էր։   

ՀՀԿ-ի գործադիր մարմինը շաբաթ, սեպտեմբերի 6-ին, որոշում էր ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Ծրագրվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի փոփոխման մասին հարցն այսօր երեկոյան կքննարկի Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը, որին ամրագրված է խոսնակի պաշտոնը։

«Ինձ համար միանշանակորեն ակնհայտ է, որ ողջ տեղի ունեցածը նախօրոք ծրագրված գործընթաց էր՝ մեկ պարզ նպատակով։ Երեք-չորս ամիս այդ ողջ գործընթացը տարվեց անդրկուլիսյան ինտրիգների միջոցով, 4 ամիս տարվեց աննախադեպ սև քարոզչություն, ընդ որում, դրա նախաձեռնողները մեթոդների ընտրության առաջ կանգ չէին առնում»,- ասաց նա։ 

Ինչպես հիշեցրեց խորհրդարանի նախագահը, միայն սեպտեմբերի սկզբին այդ գործընթացը դարձավ ֆորմալ քաղաքական խնդիր, իսկ ՀՀԿ գործադիր մարմնում տարվեցին քննարկումներ, որոնց արդյունքը նախօրոք հայտնի էր։ Բացի այդ, Թորոսյանի կարծիքով, գտնվեցին մարդիկ, որոնք իրենց պարզապես անբարոյական պահեցին՝ և հարցի գործընթացը, և քվեարկությունը ներկայացնելով միանգամայն այլ լույսի ներքո։  

Հայտարարություններն այն մասին, որ ՀՀԿ-ում տեղի ունեցածը ներկուսակցական հարց է, խոսնակի հավաստմամբ, անհիմն են, քանի որ ներկուսակցական հարցերն, առաջին հերթին, քննարկվում են կուսակցության շարքերում և միայն հետո են ընդունվում համապատասխան որոշումներ։

Խորհրդարանի գործող ղեկավարը նաև խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր «մտահոգ են» իր հետագա ճակատագրով, առանձնապես չհուզվել։

«Դեռևս պետք է իմ հետագա ճակատագիրը քննարկելու իրավունք վաստակել, բայց շատերը նրանցից, ովքեր դա անում են, այդ իրավունքը չեն վաստակել։ Ես որոշ մարդկանց խորհուրդ կտայի՝ իրենց 30 արծաթը վերցնել ու հեռանալ»,- ընդգծեց Թորոսյանը։ 

Միաժամանակ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ իր 16 տարվա կուսակցական գործունեության և 9 տարի Ազգային Ժողովի ղեկավար պաշտոնում լինելու ընթացքում ինքն իրեն մեղադրելու ոչ մի բան չունի։

«Ինը տարին մեծ ժամանակահատված է խորհրդարանում աշխատելու ու ԱԺ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար՝ Հայաստանի անկախության ժամանակահատվածի գրեթե կեսը։ Այդ ողջ ընթացքում ոչ ոք չի կարող ինձ անդրկուլիսյան խաղերի մեջ մեղադրել, ես միշտ բաց եմ աշխատել»,- ընդգծեց Թորոսյանը։

Խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ չնայած ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմից իր դուրս գալուն՝ ինքը խորհրդարանի անկախ պատգամավոր կմնա, ինչն իրեն թույլ կտա ավելի ազատ քաղաքական գնահատականներ տալ։ 

Թորոսյանի այսօրվա հայտարարություններն արդեն սկսել են մեկնաբանվել քաղաքագետների ու ՀՀԿ ներկայացուցիչների կողմից։  Այսպես, խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի՝ հրաժարականի և կուսակցությունից հեռանալու մասին որոշումը նրա քաղաքացիական իրավունքն է, քանի որ համաձայն կուսակցության կանոնադրության, ցանկացած անդամ իր դիմումի համաձայն, կարող է դուրս գալ կուսակցության կազմից։

Թորոսյանի հրաժարականը կանխատեսելի է համարել քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Փորձագետը նաև նշեց, որ Թորոսյանի այս քայլը Հայաստանում քաղաքական ճգնաժամի չի հանգեցնի։

Խոսնակի հրաժարականի մասին դիմումը ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի հաջորդ նիստի ժամանակ այն հրապարակելուց և հաջորդ հինգ օրերի ընթացքում այն հաստատելուց հետո։ ԱԺ հաջորդ հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 29-ին, եթե արտահերթ նիստ չնշանակվի։ --0--