Հայաստան-Թուրքիա. ֆուտբոլային դիվանագիտության ճանապարհով

02.09.2008, 19:08
Հայաստան-Թուրքիա. ֆուտբոլային դիվանագիտության ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին այսօր թերևս միայն թամբալները չեն խոսում։ Վերջին ամիսներին կողմերն իրար ազդակներ են ուղարկում, մեկը մյուսից բազմանշանակ։ Երկկողմանի հարաբերությունների նորմալացման մասին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հույս հայտնեց դեռևս փետրվարին՝ շնորհավորելով Սերժ Սարգսյանին ՀՀ ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նմանօրինակ ուղերձ ապրիլի վերջին, բայց արդեն կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին հղեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Առկա խնդիրների վերջնական լուծումն ու երկխոսության միջոցով բարեկամական հարաբերությունների կառուցումը Թուրքիայի համար առաջնահերթ խնդիրներից է՝ հաշվի առնելով, որ երկու հարևան երկրներ գտնվում են նույն աշխարհաքաղաքական տարածությունում»,- ասվում էր Էրդողանի ուղերձում։ Նա ցանկություն հայտնեց, որ երկկողմանի հարաբերությունները հասնեն այնպիսի մակարդակի, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, հանգստության, կայունության և ծաղկման։

Երևանի պատասխանը չուշացավ։ Հայաստանի վարչապետը հաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը։ «Ցանկանում եմ հաստատել Հայաստանի՝ կառուցողական երկխոսության և մեր երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը։ Կարծում եմ, որ մեզ բաժին է հասել փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու պատմական առաքելությունը, առանց որի դժվար կլինի հասնել անկեղծ երկխոսության և առկա խնդիրների լուծման»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են լինելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Նկատելի ջերմացումը գործնական հուն տեղափոխելու լավ առիթ հանդիսացավ սպորտը։ Հայաստանն ու Թուրքիան ընդգրկվեցին 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նույն խմբում։ Մեղք կլիներ չօգտվել նման հնարավորությունից։ Վիճակահանությունն ինքը հնարավորություն տվեց երկու կողմերին բարձր մակարդակով հանդիպման ընթացքում գոնե ուրվագծել երկխոսության կարգավորման հնարավորությունը, և առաջինն այդ առիթից օգտվեց հայկական կողմը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց իր թուրք գործընկերոջը այցելել Երևան և միասին հետևել ֆուտբոլային մարտին։ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանն ու Թուրքիան չեն կարող մշտական մրցակիցներ լինել, և իրական այլընտրանք երկու երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար չկա։ Հայկական պետության ղեկավարը համոզված է, որ հայ և թուրք ժողովուրդները կպաշտպանեն և կընդունեն հրավերը։

Նախագահը կարծում է, որ երկու հասարակություններում նկատելի են առկա խնդիրների առողջ լուծման միտումները, և Թուրքիայի նախագահի հնարավոր այցը Հայաստան կարող է վերափոխել այդ միտումները լավ և վստահեցնող տեղաշարժերի։ Նա վստահ է, որ երկկողմանի հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին, այլև Թուրքիային։

Այն մասին, թե հայ ժողովուրդը պետք է ազատվի իր համար կործանարար հակաթուրքական մտածողությունից, արտահայտվեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Մենք պետք է հայամետ և ոչ թե հակաթուրքական ոչ ընդունելի արտաքին քաղաքականություն վարենք։ Մենք պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցենք հայամետ հիմքի վրա, ոչ թե թշնամանքի սկզբունքով»,- գտնում է Սարգսյանը։

Հայկական պետության ղեկավարի նախաձեռնությունը Թուրքիայի կողմից ընկալում գտավ։ Սակայն Թուրքիային, որքան էլ զարմանալի է, լրացուցիչ ազդակ հաղորդեց վրաց-օսական հակամարտությունը։ Թուրքիան այս հակամարտությունում համեմատաբար չեզոք դիրք գրավեց և նույնիսկ հանդես եկավ որպես տարածաշրջանում անվտանգության պահպանությամբ շահագրգռված կողմ։

Հենց այս նպատակով Թուրքիան առաջարկեց ստեղծել այսպես կոչված «Կովկասյան դաշինքը», որն ուղղված կլիներ իրավիճակի կայունացմանը,  և երկխոսության հրավիրեց Հայաստանին։ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարեց, որ կքննարկի նոր նախաձեռնությունը իր հայ գործընկերոջ հետ, իսկ Թուրքիայի նախագահն ընդգծեց, որ իր երկիրը չունի թշնամիներ տարածաշրջանում։ Հայաստանի ԱԳՆ-ն միանգամից արձագանքեց Թուրքիայի կողմից եկող ազդանշաններին, հայտարարելով, որ Երևանը ողջունում է  Անկարայի մտադրությունը բանակցությունների վերաբերյալ և որ Հայաստանը միշտ կողմ է եղել  բանակցությունների, հատկապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայունության և համագործակցության հաստատմանը։ Արդեն այսօր թուրքական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Երևան է մեկնում թուրքական բարձրաստիճան դիվանագիտական առաքելությունը թուրքական նախաձեռնության, ինչպես նաև Գյուլի հնարավոր այցին առնչվող հարցերի քննարկման նպատակով։

Բազմաթիվ վերլուծաբաններ գտնում են, որ թուրքական նախաձեռնությունները պայմանավորված են ոչ միայն ստեղծված իրավիճակի հանդեպ ունեցած այդ երկրի անհանգստությամբ, որը սպառնում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը և բացասաբար անդրադառնալ Թուրքիայի վրա, այլև որոշակի սպառանալիքով էներգետիկ և հաղորդակցության նախագծերին։ Չի բացառվում, որ Անկարան փորձում է այլընտրանք ընտրել Վրաստանին՝ որպես տարանցիկ երկիր։ Հայ փորձագետները չեն կանխատեսում երկկողմանի հարաբերությունների «կայծակնային» կարգավորում, սակայն կարևոր են համարում այդ ուղղությամբ արված առաջին քայլերը։

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի համար ամեն ինչ պատրաստ է։ Հայկական կողմը հայտարարում է, որ կընդունի թուրք ֆուտբոլասերներին պատշաճ մակարդակով։ Խաղին ինտենսիվ պատրաստվում են երկու երկրների ֆուտբոլային աստղերը։ Հերթը քաղաքական գործիչներինն է... -0-

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» մեկնաբան