Հայոց ցեղասպանության մասին բանաձևը մեծ շանսեր ունի ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդունվելու.փորձագետ

11.10.2007, 15:48
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը մեծ շանսեր ունի ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդունվելու.փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը  մեծ շանսեր ունի ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվելու համար, եթե քվեարկության դրվի մինչև նոյեմբերի կեսերը, «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այն, որ Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերով հանձնախումբը նախօրեին դրական որոշում է ընդունել այս օրինագծի վերաբերյալ և այն ներկայացրել է Կոնգրեսի ներքին պալատի նախագահ Նենսի Փըլոսիին՝ բավական դրական երևույթ է։ Սակայն արտաքին կապերով հանձնախմբի և Կոնգրեսի կողմից  բանաձևի քննարկման միջև ընկած ժամանակահատվածում Թուրքիան կեռապատկի այս օրինագիծը փակելու իր ջանքերը»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, հարկավոր է հաշվի առնել ժամանակի գործոնը։ Մասնավորապես՝ Սաֆրաստյանը նշեց, որ Փըլոսին իրավունք ունի ընտրել բանաձևը պալատի քննարկմանը ներկայացնելու պահը։

«Նոյեմբերի կեսին Կոնգրեսի ներքին պալատի ներկայիս նստաշրջանը վերջացնում է իր աշխատանքը, և Փըլոսին կարող է բանաձևը քննարկման ներկայացնել մինչ այդ կամ հաջորդ տարվա սկզբին։ Ժամանակը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ Սպիտակ տան վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի արգելափակի որոշման ընդունումը»,- ասաց փորձագետը։

Նա վստահ է, որ եթե օրինագիծը ներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը մինչև նոյեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչև ներկայիս նստաշրջանի ավարտը, ապա այն ընդունված լինելու բարենպաստ շանսեր ունի։
 
Միաժամանակ, Սաֆրաստյանը նշեց, որ մոտակա օրերին Թուրքիան կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի ԱՄՆ-ին ցույց տա իր պատրաստակամությունն ավելի վճռական և լայնամասշտաբ հակաամերիկյան գործողություններ ծավալելու հարցում, եթե Ներկայացուցիչների պալատը դրական լուծում տա այս հարցին։

«Սակայն, ես չեմ կարծում, որ Թուրքիան այդքան հեռու կգնա, որպեսզի կասկածի տակ դնի ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրը։ Վերջ ի վերջո, ոչ միայն ԱՄՆ-ն է հետաքրքրված Թուրքիայով, այլև Թուրքիան է հետաքրքրված ԱՄՆ-ով»,- ընդգծեց փորձագետը։

Մյուս կողմից, Սաֆրաստյանի խոսքերով, Թուրքիան կարող է ուղղակի օգտագործել այս պահը, որպեսզի ցույց տա ԱՄՆ-ից դուրս իր արտաքին քաղաքականության ինքնուրույնությունը։

«Բացի այդ, Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարել են, որ կարող են Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե ամերիկյան կոնգրեսն ընդունի բանաձևը։ Մասնավորապես՝ այդ երկիրը սպառնացել է փակել Հայաստանի օդանավերի օդային միջանցը դեպի այլ երկրներ և արգելել իր երկրի արտադրանքի ներմուծումը Հայաստան՝ երրորդ երկրների միջով։ Կարծում եմ, որ Թուրքիան դրան էլ կգնա»,- համարում է Սաֆրաստյանը։

Փորձագետը նաև կարծում է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կգնա Հյուսիսային Իրաքի դեմ ռազմական, բայց ոչ լայնամասշտաբ գործողությունների՝ ներգրավելով ցամաքային զորքին։

Չորեքշաբթի 27 «կողմ» և 21 «դեմ» ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան Թուրքիայի կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

«Կոնգրեսը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ամենամյա նախագահական ուղերձում, որով նա հանդես է գալիս ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մեկուկես միլիոն հայերի համակարգված և կանխամտածված ոչնչացումը հստակ բնութագրել որպես ցեղասպանություն»,- ասվում է հաստատված փաստաթղթի տեքստում։ --0—