Ջրի պակասը սարերի ետևում չէ
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ինչպիսի՞ն կարող է լինել կյանքն առանց ջրի, առանց այդ բնական թիվ1 ռեսուրսի։ Մենք չենք մոռացել չէ՞, որ ինքներս էլ 75%-ով ջրից ենք կազմված։ Ջրի պակասի աճող հիմնախնդիրը հերթական անգամ քննարկվել է Ստոկհոլմում, որտեղ ավարտվել է Ջրի համաշխարհային շաբաթը։ Գիտնականները կրկին իրենց անհանգստությունն են արտահայտել այն հարցի շուրջ, որ մեր օրերս ավելի քան միլիարդավոր մարդիկ զրկված են առողջության համար անվտանգ թարմ ջուր ունենալու հնարավորությունից, իսկ 2 մլրդ. 60 մլն. մարդ չունեն քաղաքակրթության համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ։
Բայց այս անգամ, բացի հարցերի ավանդական համալիրից (ջրի պաշար, զտման միջոցները և այլն), ֆորումի մասնակիցները քննարկել են նաև այն հարցը, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ջրային ռեսուրսների վրա փոփոխվող կլիման։ Փորձագետները համակարծիք էին. եթե մարդկությունը չփոխի իր վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ, ապա ջրամատակարարման հիմնախնդիրը շատ շուտով կդառնա կարևորագույնը Երկրի համար։
Ստոկհոլմյան ջրի շաբաթում քննարկվող շատ հարցեր արդիական են նաև Ռուսաստանի համար, չնայած այն բանին, որ երբեք չի իմացել, թե ինչ է ծարավը։ Այնուամենայնիվ, «ինչպես ուզում ջրից օգտվում են» միայն մոսկվացիները և ևս մի քանի խոշոր քաղաքների բնակիչները։ Ինչ վերաբերվում է մնացած բնակչությանը, ապա նրանք մշտապես ունեն մաքուր ջրի պակաս։ Հարավային շրջաններում այս հիմնախնդիրն այնքան է սրվել, որ ծորակներն աշխատում են ըստ գրաֆիկի, իսկ որոշ տեղերում էլ (օրինակ՝ Կալմիկիայում) ջուրը տալիս են միայն գիշերային ժամերին։
Թվում է, թե Ռուսաստանն իրոք հարուստ է թարմ ջրով. 2,5 միլիոն գետ, ավելի քան 3 միլիոն լիճ, որոնց պաշարները գնահատվում են 26 հազար կուբակիլոմետր։ Այս ֆոնի վրա պարադոքսային է հնչում Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության ղեկավար Ռուստամ Խամիտովի խոստովանությունն այն մասին, թե. «Մենք՝ մասնագետներս, գիտենք. երկրի ջրային հարստությունը միայն տեսողական է, քանի որ այն հալչում է»։ «Հեքիաթային ջրային ռեսուրսներ ունենալով հանդերձ, Ռուսաստան այդպես էլ չկարողացավ սովորել այս բարիքը տնտեսապես տնօրինելու արհեստին»,- համարում է ՌԳԱ РАН/ ջրային հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Դանիլով-Դանիլյանը։ Նա կարծում է, որ բնապահպանական առավելությունը սկսել է նվազել տնտեսական ճնշման ներքո։ Ջրամատակարարման ռուսական համակարգի ամենամեծ թերությունը գիտնականն անվանել է բնակարանների ճնշող մեծամասնությունում ջրաչափերի բացակայությունը։ Այժմ սկսել են ուղղել այդ թերությունը, բայց, հաշվի առնելով Ռուսաստանի մասշտաբները և առանձնահատկությունները, գործընթացը բավական երկար կտևի։
Ջրախողովակային ջուրը, որն օգտագործում են ռուսաստանցիները, փորձագետներն անկեղծորեն անվանում են «վատը»։ «Եթե դեռ 30 տարի Ռուսաստանի բնակչությունը խմի այն ջուրը, որը խմում է այսօր, ապա ոչ մեկը պարզապես չի մնա»,- նախազգուշացնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մարդու հիգիենայի և շրջակա միջավայրի բնապահպանության ինստիտուտի տնօրեն Յուրի Ռախմանինը։ Դաշնային ջրախողովակային համակարգի խողովակների կեսը մաշված են և փոխվելու ենթակա։ Տասնամյակներ են հարկավոր, որպեսզի ցանցի նորացվի, քանի որ խողովակների երկարության հանրագումարը կազմում է 543 հազ. կիլոմետր։
Ռուսաստանում ջրի պակասի կարևոր պատճառներից մեկն էլ ջրօգտագործման ցածր կուլտուրան է։ Իր բացասական դերն է խաղում նաև այն փաստը, որ ջուրն առասպելական ցածր գին ունի։ «Որպես մթերք ջուրը Ռուսաստանում գործնականապես ոչ մի տնտեսական նշանակություն չունի, իսկ արտադրողների, էներգետիկների համար, պարզ ասած, ոչինչ չարժի,- խոստովանել է Ռուստամ Խամիտովը։ - Ջրի գինը կազմում է իրական արժեքի ոչ ավել, քան երեք հարյուրերրորդական տոկոսը։ Այն էժան է նստում նաև բնակչության վրա՝ 5-7 ռուբլի մեկ կուբամետրի համար, այն ժամանակ, երբ եվրոպական երկրներում այդ նույն քանակի համար վճարում են 2-3 եվրո»։ Հասկանալով, որ Արևմուտքում բնակչության եկամուտներն էլ են մեծ, կառավարությունը չի շտապում ռուսաստանցիների ուսերին դնել ջրի ծախսերը։
Ջրօգտագործման ոլորտում բացասական գործընթացներին նպաստող գլխավոր պատճառների թվում մասնագետները նշում են նաև ժամանակակից մակարդակի զտիչ սարքավորումների բացակայությունը, մարդկանց անխնա հարձակումը գետերի, լճերի և ջրամբարների ափերի վրա, ինչպես նաև այն փաստը, որ փոխադրման ժամանակ, հնացած ջրախողովակների պատճառով, ջրի կեսը կորում է։ Իսկ դժբախտությունների հիմքը, բնական ռեսուսրների նախարարի կարծիքով, երկրում ջրային ռեսուրսների կառավարման ռացիոնալ համակարգերի բացակայությունն է։
Ինչպես նշվել էր Ստոկհոլմյան ջրի շաբաթվա ընթացքում, ջրի պակասի հիմնախնդիրը գնալով ավելի ու ավելի գլոբալացվում է։ Սա պետք է հաշվի առնեն նաև այն երկրները, որտեղ չգիտեն, թե ինչ բան է ջրի հաշիվը, և նրանք, որտեղ ձեռքից ջուրը կաթեցնելը մեղք է համարվում։ --0—
Տատյանա Սինիցինա, մեկնաբան՝ «ՌԻԱ-Նովոստի»

