Ալիևը չի կարող ընդունել ռազմական պարտությունը և ողջ պատասխանատվությունը գցում է ԱԳՆ-ի վրա. փորձագետը՝ Մամեդյարովի պաշտոնից հեռացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևը չի կարողանում ընդունել ռազմական պարտության իրողությունը և փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել ԱԳ արդեն նախորդ նախարար Էլմար Մամեդյարովի վրա, հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում ադրբեջանագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ալիևը հուլիսի 16-ին պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին՝ նրա պաշտոնում նոր արտգործնախարար նշանակելով՝ Ջեյհուն Բայրամովին:
«Միանշանակ է, որ սա Ադրբեջանի վերջին օրերի ձախողումները պատասխանատվության առումով իր վրայից գցելուն ուղղված քայլ էր: Իրականում Էլմար Մամեդյարովի նկատմամբ արշավ վաղուց էր սկսվել, այդ թվում նաև հանրության աչքին վերջինիս հեղանակությունը գցելու միջոցով»,- նշել է ադրբեջանագետը:
Փորձագետը հայտնել է, որ այս պահին քանի որ Ալիևը չէր կարող ընդունել ռազմական պարտությունը՝ պաշտոնից հեռացնել օրինակ Պաշտպանության նախարարին կամ քննադատել Գլխավոր շտաբի պետին, որովհետև դա կլիներ ռազմական պարտության ընդունում, նա [Ալիևը] որոշել է հանրության շրջանում առկա բողոքի ալիքը և պատասխանատվությունն ուղղղել դեպի ԱԳՆ և անձամբ ԱԳ նախարարի վրա:
«Նա պնդում է, որ իրենց պարտությունը դիվանագիտական դաշտում է ԱԳ նախարարի պատճառով, իսկ ռազմական ճակատում իրենք պարտություն չունեն, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ չորս օր շարունակվող մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը անհամաչափորեն ավելի մեծ և լուրջ կորուստներ է կրում և որևէ հաջողություն չի կարողանում գրանցել, ինչը, բնական է, որ շոկային վիճակ պետք է առաջացնի Ադրբեջանի ներսում և բավականին լուրջ շարժում հենց իշխանությունների դեմ:
«Ալիևը փորձում է խնդիրները բարդել արտգործնախարարի վրա` զուգահեռ փորձելով փոքր հաջողություն գրանցել, նոր սադրանքի գնալ՝ անգամ խախտելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը հրադադար հաստատելու և բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում հումանիտար պայմանավորվածությունները, այսինքն վա բանկի է գնում՝ փորձելով փրկել իր և իր բանակի հեղինակությունը»,- հայտնել է փորձագետը:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:
Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-

