2019թ.-ի քաղաքական իրադարձությունների թոփ տասնյակն՝ ըստ «Նովոստի-Արմենիայի»

30.12.2019, 17:37
Ամփոփում ենք քաղաքական տարին
2019թ.-ի քաղաքական իրադարձությունների թոփ տասնյակն՝ ըստ «Նովոստի-Արմենիայի»

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բուռն հեղափոխական 2018թ.-ից հետո անցնող 2019թ.-ը խոստանում էր դառնալ ներքաղաքական կայունության հաստատման և նոր քաղաքական «դիմանկարի» ձևավորման տարի: 

Այս սպասումների մի մասն արդարացավ, մյուսը՝ բոլորովին ոչ, այնուամենայնիվ, դրանից երկրի ներքաղաքական կյանքը պակաս ակտիվ չդարձավ, փոխարենը, ձևավորված արտաքին քաղաքական «ճոճանակները» վկայում էին իշխանությունների ջանքերի մասին գտնելու ուժերի այն հավասարակշռությունը, որը քաղաքական գործիչներն անվանում են «ոսկե միջին»: 

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է քաղաքական առանցքային իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցնող տարում: 

Եվ այսպես... 

1. Նիկոլ Փաշինյանի «մաքսիմում» քաղաքական ծրագիրը 

 - рис.1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին կայացած Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ սահմանեց երկրի քաղաքական ուղղությունը և հնչեցրեց այն մեգանպատակները, որոնք պետք է իրագործվեն մինչև 2050թ.-ը: Մասնավորապես, նշվել է. 

-  Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու

-  Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու գործազրկության խնդիրը և արմատախիլ անել աղքատությունը

-  15-ապատկել Հայաստանի ՀՆԱ–ն

-  Ունենալ ավելի քան 10 մլրդ դոլար արժեքով առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ

-  7-ապատկել միջին աշխատավարձը

-  Բանակի մարտունակության ցուցանիշով ներառվել աշխարհի առաջատար երկրների առաջին 20-ակում։    

2. Կառավարության նոր կառուցվածքը

 - рис.2 

Հայաստանի նոր կառավարությունը իր գործունեության առաջնահերթություններից մեկը սահմանեց պետական համակարգի և կառավարման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը: Այս ուղղությամբ առաջին քայլը դարձավ կառավարության կառուցվածքի բարեփոխումը՝ կրճատվեց նախարարությունների թիվը՝ 17-ից հասնելով 12-ի: Վերացվեց առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետերի թիվը կրճատվեց մինչև երկուսը: 

3. Առանցքային ուժայինների աղմկահարույց հրաժարականները 

 - рис.3

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ իշխանություններին մեղադրելով «որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության մեջ»: Իսկ երկու օր անց հրաժարականի դիմում ստորագրեց նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: 

4. Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանքի առաջադրում 

 - рис.4

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն յուրացման և վատնման մեջ) նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։

5. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

 - рис.5 

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները միաձայն ընդունեցին թիվ 150 բանաձևը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ. Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այս փաստաթղթին հոկտեմբերի 30-ին, իսկ Սենատը՝ դեկտեմբերի 12-ին: Այս բանաձևին Թուրքիայի արձագանքն երկար սպասել չտվեց, ինչը, թերևս, լիովին սպասելի էր: Անկարան հանդես եկավ Կոնգրեսի հասցեին ուղղված խիստ քննադատությամբ և խոստացավ դիմել կոշտ պատասխան քայլերի: Միաժամանակ նախագահ Թրամփի վարչակազմը մերժեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչակազմը շարունակում է այս դեպքերը դիտարկել որպես «ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը»:    

6. Ճգնաժամ Սահմանադրական դատարանում 

 - рис.6

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նախաձեռնությամբ, ով հայտարարել էր, որ սահմանադրական ճգնաժամ է սկսվել, «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներն առաջարկեցին Սահմանադրական դատարանի անդամներին ազատել Հրայր Թովմասյանին ՍԴ-ի նախագահի պաշտոնից։ «Իմ քայլի» պադգամավոր Սուրեն Գրիգորյանը դրա համար Ազգային ժողովում մի քանի հիմնավորում ներկայացրեց, և հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկության ժամանակ պադգամավորները հավանություն տվեցին նախաձեռնությանը։ 

Սակայն, հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի այդ որոշումը։ Այդ ժամանակ կառավարությունը դատավորների վրա ազդելու նոր միջոցներ ձեռնարկեց՝ առաջարկելով նրանց լավ թոշակ մինչև 2020թ.–ի հունվարի 31-ը ինքնակամ հրաժարական տալու դեպքում։ Այդ նպատակով առաջարկվում էր երկրի բյուջեից հատկացնել  630 մլն դրամ (ավելի քան 1,3 մլն դոլար)։ Ընդ որում ՍԴ-ի դատավորների թոշակային տարիքը 70 տարեկանն է, իսկ ներկայումս նրանցից ոչ-ոք չի հասել այդ տարիքին։ Բացի այդ, դեկտեմբերի10-ին ԱԺ-ն առաջին, իսկ դեկտեմբերի 11-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց մի նախագիծ, ըստ որի ՍԴ-ի ցանկացած անդամ կարող է ժամանակից շուտ թողնել իր լիազորությունները և պահպանել 1,2 մլն դրամ (2500 դոլար) աշխատավարձը, որպես թոշակ։ 2019 թ.–ի վերջին ՍԴ-ի 9 դատավորներից ոչ ոք չի օգտվել այդ հնարավորությունից։  

7. ԵՏՄ նիստը Երևանում 

 - рис.7

Հոկտեմբերի1-ին Երևանում` 2019թ.–ին ԵՏՄ–ում նախագահող պետության մայրաքաղաքում, անցկացվեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը։ ԵՏՄ երկրների ղեկավարներից բացի,  (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան), նիստին մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես միությունում դիտորդ պետության ղեկավար, ինչպես նաև պատվավոր հյուրեր՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը։ Բարձրագույն խորհրդի անդամները քննարկեցին ԵՏՄ-ի գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրման գործընթացների հետագա զարգացման հեռանկարները, սահմանել են միասնական շուկայի գործունեության բարելավման և տնտեսության առանցքային հատվածներում փոխգործակցության ընդլայնման խնդիրները։ 

8. Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ակտիվացում 

 - рис.8

2019 թ.–ի ընթացքում ակտիվացան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների  բարձր մակարդակի հանդիպումները։ Այսպեդ, մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներից հետո մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները կողմ են արտահայտվել հրադադարի ռեժիմի ամրապնդման և ուղիղ կապի մեխանիզմի արդիականացման նպատակով: Բարձր ակտիվություն ցուցաբերեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։

Միաժամանակ ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ բանակցությունների սեղանին է այսպես կոչված «Լավրովի պլանը», որով իբր նախատեսվում է հայկական զորքերը դուրս բերում 5 շրջաններից (բացի Լաչինից և Քարվաճառից) և խաղաղարարների մուտք։ Նախատեսվում է նաև տեղահանված բնակչության վերադարձ, շրջափակման վերացում և Արցախի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացում։ Կրակին յուղ լցրեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ այդ պլանն, իսկապես, քննարկվել է։ Իսկ Հայաստանի ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հերքել է այդ հայտարարությունը` նշելով, որ ոչ մի հստակ փաստաթուղթ Բրատիսլավայի բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ 

 9. Պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերի մի ամբողջ շարան 

 - рис.9

2019 թ.–ը կհիշվի գործող և նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերի մի ամբողջ շարանով։ Այսպես, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրանք առաջադրվեց ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին։ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի միջոցների վատնման կասկածանքով։ 

ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը ներգրավվեց որպես կասկածյալ պետական իշխանության յուրացման հոդվածով, իսկ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց այդ հանցագործությանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Սակայն հարկ է նշել, որ օրերս Գլխավոր դատախազությունը Բաբլոյանի և Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը հետ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ քննության: 

Հարուցված քրեական գործերի ցանկը շարունակել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ներգրավվել է որպես մեղադրյալ մի շարք հանցագործությունների, այդ թվում` առանձնապես խոշոր չափերի միջոցների յուրացմանը հանցակից լինելու և ծառայողական կեղծիք կատարելու համար։ Հինգ կետերով մեղադրանք է առաջադրվել նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին։ Կաշառք ստանալու գործող մեղադրանք է առաջադրվել առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին։ 

10. Բողոքի ցույցեր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ 

 - рис.10

Նոյեմբերի 7–ից ուսանողները, որոնց թվում ՀՅԴ երիտասարդներ էին, նստացույց էին սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 

Հրաժարականի պահանջի պատճառներից էր նախարարության նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր, «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել էր 2 700 000 դրամ, ինչպես նաև ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանումների համար 20 մլն դրամ դրամաշնորհի տրամադրումը։

Ցուցարարները փակում էին նախարարության մուտքը, ինչի հետևանքով ոստիկանները ստիպված էին ուժ կիրառել` երիտասարդներին նախարարության շենքի մուտքի մոտից հեռացնելու համար։ Բերման ենթարկվեց 24 ցուցարար։ Սակայն դեկտեմբերի սկզբին բողոքի ալիքը հանդարտվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր չէ ՀՅԴ–ի պահանջով Հարությունյանին ազատել նախարարի պաշտոնից։–0–