«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
Ֆիլմ–աղետը, որի սյուժեի հիմքում 1988 թ.–ին Լենինականում (Գյումրի) գրանցված երկրաշարժի պատմությունն է, ակտիվորեն քննարկվում է ամենատարբեր հարթակներում և սոցցանցերում։
Ո՛չ այս ողբերգության շահարկումներին
Սարիկ Անդրեասյանի ֆիլմի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը հայտնեցին հայ երկու ռեժիսորներ, ովքեր ծնունդով Լենինականացի են` Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի եղբոր տղան) և բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, ռեժիսոր–վավերագիր Արմեն Գասպարյանը։
Նրանց ամենից շատ վրդովվեցրել է այն փաստը, որ ֆիլմի ստեղծողները, նրանց կարծիքով, այս մարդկային ողբերգությունից շոու են սարքել, ցանկացել են նկարահանել բլոքբասթեր` հոլիվուդյան մարտաֆիլմի ոճով, բավարար չափով չեն ուսումնասիրել նյութը, խեղաթյուրել են փաստերը։ Մհեր Մկրտչյանը, մասնավորապես, հայտարարել է, որ անընդունելի է համարում հազարավոր մարդկային կյանքեր խլած և տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր կործանած այս ողբերգության նման ցավոտ թեմայի շահարկումը։
«Չեմ գրող գրել ֆիլմի մասին, այլ մասնագիտություն ունեմ։ Սակայն 1988 թվականի ողբերգությունը (ես 16 տարեկան էի և ամեն ինչ տեսել եմ) չափազանց անձնական եմ ընդունում պարզապես լռելու համար։ Չի՛ կարելի շահարկել այս թեման», – գրել է նա Facebook–ում «Երկրաշարժ» ֆիլմը դիտելուց հետո։
Ռեժիսորը նշել է, որ անտարբեր է ռուսական փրոդաքշն–ընկերությունների նկատմամբ, նրանք ռուսական փողերով լուծում են սեփական խնդիրները։
Սակայն, ինչպես կարծում է Մկրտչյանը, հայկական կողմը չպետք է այդքան մեծ ջանքեր գործադրեր, ամեն դեպքում թեման չափազանց ցավոտ է։ «Դա վերաբերում է հայկական կինոկենտրոնին և մշակույթի նախկին նախարարին։ Հուսով եմ, որ մշակույթի ներկայիս նախարարն արդեն կփակի այն», – գրել է նա սոցցանցի իր էջում։
Միաժամանակ Մկրտչյանը բարձր է գնահատել Մարիա Միրոնովայի («Երկրաշարժ» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար) և տղայի դերասանական խաղը, ով խաղացել է գլխավոր հերոսի դերը մանուկ հասակում։

Հնչյունային օպերատոր Լևոն Աթոյանցն աջակցել է ռեժիսորին` նշելով, որ «Երկրաշարժ» ֆիլմի սյուժեն մտացածին է։
«Այնպիսի տպավորություն է, որ հեղինակները, չուսումնասիրելով նյութը, պարզապես նկարահանել են հոլիվուդյան մարտաֆիլմ։ Ես եղել եմ այնտեղ, տեսել եմ հազարավոր մարդկանց հերոսությունը, անգամ գողերն ու խաբեբաները դարձել էին հերոսներ, իսկ ֆիլմում ներկայացված նողկալի մարդկանց նմաններին ժողովուրդը պարզապես ինքնադատաստանի կենթարկեր», – վրդովվել է Աթոյանցը։
Ֆիլմին վճռորոշ «ոչ» է ասել նաև ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արմեն Գասպարյանը, որի ռեցենզիան Facebook–ում հավանել և տարածել են հարյուրավոր մարդիկ։
«Խնդիրն այն չէ, որ առաջինից մինչև վերջին կադր ոչինչ չի համապատասխանում այն ամենին, ինչ տեղի ունեցավ 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Լենինականում։ Երկրաշարժից անմիջապես հետո քաղաքում հայտարարվեց պարետային ժամ և ռազմական դրություն։ Հետևաբար, ոսկերչական խանութի կողոպուտի դրվագը ծիծաղելի և անհնար է։ Ոսկերչական բոլոր խանութներն այդ ժամանակ շղթայված էին ոչ թե ոստիկանության, այլ խորհրդային բանակի զինվորների կողմից», – գրել է Գասպարյանը։
Նրան ամենից շատ վրդովվեցրել է վարսավիրանոցի դրվագը, որտեղ վարսավիրը հաճախորդին ատրճանակ է տալիս։ «Խորհրդային տարիներին, – բացականչում է Գասպարյանը, – վարսավիրանոցու՞մ, քաղաքի կենտրոնու՞մ, ԿԳԲ–ի «քթի տա՞կ», օրը ցերեկով վարսավիրը հանգիստ ատրճանա՞կ է տալիս...Եվ անհնար է, որ լենինականցի ծերունին, փլատակների տակ տեսնելով մարդու ձեռք, օգնություն կանչելու և օգնելու փոխարեն նստի փլատակների վրա և փիլիսոփայական բարբաջանքի ասի», – գրել է Գասպարյանն իր էջում։
Նա ընդհանուր առմամբ նկատել է 57 անճշտություն, որոնք, նրա կարծիքով, չէին կարող լինել այն ժամանակվա Լենինականում։ Գասպարյանը նշել է, որ այն քաղաքը, որի մասին պատմվում է «Երկրաշարժ» ֆիլմում, որևէ ընդհանուր բան չունի ոչ իր հարազատ Լենինականի, ոչ նրա բնակիչների, ոչ էլ այն ողբերգական իրադարձությունների հետ, որոնց ականատեսը նա եղել է։
«Սա պարզապես ռուսական ընտանիքի պատմություն է` անհասկանալի ողբերգության ֆոնին», – գրել է Գասպարյանը։
Ցնցող և ոգեշնչող ֆիլմ
«Երկրաշարժ» ֆիլմն ի սկզբանե ոչ միանշանակ է ընդունվել հայ հասարակության շրջանում: Հայաստանի առաջին տիկնոջ և ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ փակ դիտումից անմիջապես հետո կարծիք էին կնչում, թե ֆիլմի վարձույթը պետք է արգելել: Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը խոստովանեց, որ հատուկ տարել է ֆիլմը Գյումրի, որ այն ցուցադրի մարդկանց, ովքեր անձամբ վերապրել են երկրաշարժը:
«Եթե գյումրեցիներին ֆիլմը դուր չգար, ես այն կհանեի վարձույթից», - հավաստիացրել է Դիշդիշյանը: Այդուհանդերձ, չնայած որոշ նկատողությունների, գյումրեցիները հավանություն են տվել ֆիլմին:

Հայ կինոդրամատուրգ և սցեարիստ Արմեն Վաթյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում ներկայացրեց ժապավենի դիտումից ունեցած իր տպավորությունները:
«Սա այն ֆիլմերից է, որ անտարբեր նայելն անհնար է: Տարբեր կերպ կարելի է վերաբերվել այն հանգամանքին, թե ինչպես է այն նկարահանվել, սակայն ցանկացած նորմալ մարդ, անկախ նրանից՝ հայ է, թե ոչ, եղել է, արդյոք, երկրաշարժի ականատես, թե ոչ, իրեն այդ ողբերգության մասն է զգում», - ասաց Վաթյանը:
Նրա խոսքով, ֆիլմը երկրաշարժի հետ կապված հիշողություններ է արթնացնում: «Բնականաբար, ֆիլմն այնքան սահուն չէ, ինչպես կցանկանայինք: Սակայն այն դժվար է նույնիսկ ռացիոնալ գնահատել: Հսկայական աշխատաք է տարվել, շնորհակալություն ստեղծողներին: Ի սկզբանե հասկանալի էր, որ այն արվել է հոգու համար, ազնվորեն և անկեղծ, այլ ոչ թե փառատոներում հաղթելու նպատակով», - ասաց Վաթյանը:
Նա համամիտ չէ այն կարծիքի հետ, թե ֆիլմում «չափազանց շատ է ռուսականը»՝ պարզաբանելով դա նրանով, որ երկրաշարժից հետո առաջին երեք օրերին օգնության էին կարողացել հասնել վրացիները և ռուսական կայազորի զինվորները:
«Համեմատել, թե ովքեր էին ավելի շատ կամ քիչ, չափազանց մանրահոգի մոտեցում է: Ամեն ինչ մեկ ֆիլմում հնարավոր չէ պատկերել», - ասաց Վաթյանը:
Հատկանշական է, որ ֆիլմը դիտած մարդիկ Facebook-ում ամենահիացած գնահատականն են տալիս դրան: Այսպես, նախկին դերասանուհի Անիտա Ցոյը ասել է, որ «Երկրաշարժ» ֆիլմը պետք է դիտել՝ հասկանալու և վերապրելու համար մի ամբողջ երկրի ողբերգությունը, իսկապես զգալու համար հավատքը, հույսը և ապրելու կամքը:
«Սա ավելին է, քան պարզապես ֆիլմ: Դիտման ժամանակ #ֆիլմիմոգությունը գործեց, և ես ամբողջովին մոռացա, որ դերասանուհի եմ և պատկերացնում եմ, թե ինչ է ներկայացնում ֆիլմի գործընթացը ներսից: Ինձ ամբողջությամբ գրավեց, ցնցեց, խոցեց և հուզեց այս պատմությունը և հերոսների ճակատագրերը», - գրել է Ցոյը:
Հանդիսատեսին անտարբեր չի թողել նաև դերասանների խաղը, ովքեր ամենայն ճշգրտությամբ փոխանցել են այն բոլոր զգացումները, որ ապրել են այդ դժոխքում հայտնված մարդիկ: «Travel Armenia» ընկերության հիմնադիր Վիգեն Հախվերդյանն աջակցել է ֆիլմը ստեղծողներին: «Ֆիլմը շատ ծանր է և նյարդային լարվածության մեջ է պահում, արցունքոտ աչքերով՝ գրեթե ամենասզբից մինչև վերջ: Հանգուցալուծումը, ի դեպ, ուղղակի հանճարեղ է: Ցանկանում ես ասել «բրավո» բոլոր ստեղծողներին», - գրել է սոցիալական ցանցի իր էջում Հախվերդյանը:

Ֆիլմը բավական խորհրդանշական է ավարտվում: Քաղաքի վարչության շենքի ժամացույցի կանգնած սլաքը (այն կանգ է առել 11:41՝ առաջին ցնցման ժամանակ) նորից սկսում է շարժվել: Եվ ռուս տղային որդեգրած հայ ընտանիքը գալիս է տաճար:
Իսկ «Օսկար» ամեն դեպքում չի լինի
Սեպտեմբերին Հայաստանի Ազգային կինոակադեմիան «Երկրաշարժ» ֆիլմն առաջադրել էր «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությանը՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Առաջադրումն իսկական «ակադեմիական երկրաշարժ» առաջացրեց, 24 անդամներին 9-ը քվեարկեցին ֆիլմի օգտին, նույնքանը՝ դեմ:
Այնուամենայնիվ, արդեն հոկտեմբերին պարզ դարձավ, որ «Երկրաշարժը» չի ներառվել Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի լոնգ-լիստում: Կինոակադեմիայի մամուլի կենտրոնից ֆիլմը պրոդյուսերավորող «Մարս Մեդիա» ընկերությանը հայտնեցին, որ պահանջների էությունն այն էր, որ ստեղծագործական թիմում հայերը շատ քիչ էին, ինչը բավարար չէր Հայաստանի անունից «Երկրաշարժ» ֆիլմը «Օսկարի» առաջադրելու համար: -0-

