Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան

30.05.2017, 19:07
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, մայիսի 30./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով, բնության տարերքի զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 108-ը հոսպիտալացվել է:

Տարերքի խրախճանքը

Այս մրրիկը մարդկային զոհերի թվով ամենախոշորն է Մոսկվայի օդերևութաբանական դիտարկման ողջ պատմության ընթացքում: Մոսկվային հասցված վնասը դեռ հաշվարկվում է, սակայն ԱԻՆ-ն արդեն հաղորդում է, որ մրրիկի հետևանքով տապալվել է ավելի քան 6500 ծառ, վնասվել են ավելի քան 180 բարձրահարկ շենքների, սեփական տների, վարչական շենքերի և մեկ ծննդատան տանիքներ, ավելի քան 1900 միավոր անձնական ավտոմեքենաներ և մեկ ավտոբուս, միջքաղաքային երկաթուղային հաղորդակցության շուրջ 130 ուղևորափոխադրող գնացքների, 23 միջպետական գնացքների չվերթերի ուշացում է տեղի ունեցել։ Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայաններում, ավիաընկերությունների որոշմամբ, մայիսի 29–ին հետաձգվել է ավելի քան 50 չվերթ։

Загружается новость ... "Лево"

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ իշխանությունները դրամական փոխհատուցում կտրամադրեն մրրիկից զոհվածների ընտանիքներին: Նախատեսվում է , որ Մոսկվայի ղեկավարությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կվճարի 1 մլն ռուբլի:

Մրրիկ Մոսկվայում. աղետների կրկնություն

Մոսկվայում բնական աղետներն այդքան էլ հազվադեպ երևույթներ չեն, դրանք կրկնվում են որոշակի պարբերականությամբ: Օրինակ, 1998 թ-ի հունիսի 20- ի լույս 21-ի գիշերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքով անցավ բնական տարերք, որի հետևանքով 8 մարդ զոհվեց, շուրջ 150-200-ը ստացան վնասվածքներ:

Չնայած այդ տարերքը լրատվամիջոցներն անվանեցին մրրիկ, սակայն իրականում այն դասակարգվում է որպես փոթորկային քամի:

1998 թ-ին Մոսկվայում գրանցված մրրիկն ամենաավերիչն էր համանման բնական տարերքների շարքում 1904 թ.–ի պտտահողմից հետո:

Մրրիկը կհասնի, արդյո՞ք, Հայաստան

Հայաստանի բնակիչները Մոսկվայի և Մոսկվայի մարզի եղանակային փոփոխությունները հաճախ կապում են Երևանի եղանակային փոփոխությունների հետ: Կարծիք կա, եթե Մոսկվայում ձյուն է, ապա Երևանում պետք է սպասել ցրտերի և, հակառակը, եթե Ռուսաստանի մայրաքաղաքում արև է, ապա Երևանում շոգ է լինելու:

Նման կարծիքն ամրապնդվեց Երևանի բնակիչների գիտակցության մեջ այս ձմեռ գրանցված ցրտաշունչ սիբիրյան սառնամանիքներից հետո, որոնք Սիբիրից Հայաստան բերեց արկտիկական ցիկլոնը։ Իսկ վերջին կանխատեսումները, ըստ որոնց Մոսկվայում մայիսի վերջին սպասվում է ջերմաստիճանի նվազում և ուժեղ քամի, համընկան մայիսի վերջին օրերին Երևանում գրանցված ջերմաստիճանի նվազման հետ, որն ուղեկցվեց անձրևներով և ամպրոպներով։

Загружается новость ... "Право"

Մտավախություն առաջացրեց նաև այն փաստը, որ Մոսկվայի իրադարձություններից մեկ շաբաթ առաջ Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացրեց, որ Հայաստանի տարածքով շարժվում է հզոր ամպրոպային ամպ։ Սակայն Երևանը հրաշքով խուսափեց աղետից, քանի որ ամպրոպային ամպը երևանյան երկնքում կարող էր վերածվել պտտահողմի։

Հայաստանին սպառնացող բնական աղետը տեղափոխվեց Թուրքիա, որտեղ միաժամանակ ձևավորվեց մի քանի պտտահողմ։

Ինչ վերաբերում է մոսկովյան մրրիկին, ապա Սուրենյանը խորհուրդ է տալիս չմտահոգվել։ Ինչպես նա տեղեկացրեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը, այս անգամ աղետը Հայաստան չի հասնի։

Загружается новость ... "Лево"

«Մրրիկը գրանցվել է Մոսկվայի տարածքում, դա որևէ կերպ կապ չունի մեզ հետ, քանի որ շատ հեռու է մեր տարածաշրջանից», – ասաց Սուրենյանը։

Ի՞նչ է մեզ սպասվում

Օդերևութաբանների կանխատեսմամբ, այսօր Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ հետագա չորս օրերի ընթացքում առանձին շրջաններում և առավելապես գիշերային ժամերին հնարավոր է անձրև ու ամպրոպ, որոշ շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Ջերմաստիճանը հանրապետության տարածքում հունիսի 1–2–ը կնվազի 2–3 աստիճանով։

Ինչ վերաբերում մայրաքաղաքին, ապա Երևանում հունիսի 1–3–ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև ու ամպրոպ։

Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +21...+30 աստիճանի սահմանում։–0–