Մեկ դար տևող ցեղասպանություն. Ադրբեջանում իրականացրած ջարդերի ականատեսների վկայությունը

28.02.2016, 19:12
Փետրվարի 28–ին ոգեկոչում են Ադրբեջանում իրականացրած ջարդերի զոհերի հիշատակը։
Մեկ դար տևող ցեղասպանություն. Ադրբեջանում իրականացրած ջարդերի ականատեսների վկայությունը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 28–ին ոգեկոչում են Ադրբեջանում իրականացրած ջարդերի զոհերի հիշատակը։ Այս տարեթիվը Հայաստանում նշվում է նաև որպես Ադրբեջանից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության օր։

Պատմություն

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել  հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Այդ ալիքի զոհ դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրայի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայերը: Դա հանգեցրեց Ադրբեջանից դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան փախստականների հոսքին: Այս ամենի հետևանքով, Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988–1992 թթ.–ին Ադրբեջանի տարբեր քաղաքներից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 360 հազար հայազգի փախստական, ևս մոտ 140 հազար էթնիկ հայեր տեղափոխվեցին ԱՊՀ երկրներ։

  - рис.1

Անտանելի դաժանություն և հանցագործների անպատժելիություն

Հայերի ջարդերն ու սպանություններն իրականացվում էին անգամ ցերեկը` բոլորի աչքի առաջ։ Հանցագործները ներխուժում էին բնակարաններ, նախօրոք կազմած ցուցակներով, զինված մետաղաձողերով, քարերով, կացիններով, բենզինով լի շշերով և թիթեղներով։ Անհնար է առանց  սարսուռի անգամ կարդալ տանջամահ արված և ողջ–ողջ հրկիզված մարդկանց մասին։

Հայկական կողմն ավելի քան քառորդ դարի ընթացքում հավաքել է մեծ թվով ապացույցներ, կազմվել են զոհերի ցուցակներ, դրանց մահվան հանգամանքներն ու ախտորոշումները, այս թեմայով նկարահանվել են ֆիլմեր և հրատարակվել գրքեր։ Այդուհանդերձ, Ադրբեջանում չհարուցվեց և ոչ մի քրեական գործ։ Հակառակը, հանցագործները հերոսացվում էին և հռչակվում ազգային հերոսներ։

Երեք ցեղասպանություն մեկ դարի ընթացքում

Գրող, իրավապաշտպան, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմեց իր ընտանիքի սարսափելի ճակատագրի մասին, որի երեք սերունդները վերապրել են երեք ցեղասպանություն մեկ դարի ընթացքում։

«Ծնվել եմ Բաքվում, ծնողներս ևս ծնունդով Բաքվից են։ Իսկ պապիկս ծնվել է Խնձորեսկում, որը ստիպված է եղել լքել էթնիկ զտումների պատճառով։ Կորցնելով ծնողներին` նա քրոջ հետ հասնում է Բաքու։ Սակայն այստեղ ևս ճակատագիրը բարեհաճ չի գտնվում նրա նկատմամբ», – պատմում է Աստվածատուրյանը։

  - рис.2

Նրա խոսքով` 1918 թ.–ին, երբ տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին ադրբեջանցիների և թուրքերի կողմից, նա ստիպված էր փախչել Թուրքիստան։ Այնուհետև տեղափոխվեց Երևան։

«Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նա աշխատանք փնտրելու նպատակով կրկին տեղափոխվում է Բաքու», – պատմում է Աստվածատուրյանը։

Կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցը>>

1989 թվականի սեպտեմբերին Աննան ընտանիքի հետ գրեթե ութսուն տարի անց կրկնեցին պապի խաչի ուղին` փախան Հայաստան:

«Այնպես ստացվեց, որ մի հարյուրամյակի ընթացքում մեր ընտանիքը երեք անգամ հալածանքների ենթարկվեց: Ես ամեն ինչ լավ եմ հիշում: Մենք փախանք Բաքվից այն ժամանակ, երբ մեր ընտանիքի վրա փորձում էին մի քանի անգամ հարձակվել: Մեզ փրկում էին ադրբեջանցի հարևանները: Նրանք դուրս էին գալիս և ասում, որ հայեր չկան»,- պատմում է Աստվածատուրյանը:

Դրանից առաջ էլ, նրա խոսքով, առանձին հարձակումներ, հակահայկական ցույցեր լինում էին, բայց զանգվածային ջարդեր չկային:

«Քեռուս դաժան ծեծի էին ենթարկել, բայց նա ողջ մնաց: Մորաքրոջս պահում էին Բաքվում մինչև 1990 թվականի փետրվարը: Մենք վախենում էինք, որ կորցրել ենք նրան: Նա կարողացավ Մոսկվա թռնել միայն այն ժամանակ, երբ ռուսները նրան օդանավակայան տարան»,- պատմում է Աստվածատուրյանը:

Նա հիշում է, որ իր ընտանիքը Հայաստանում ապրեց երկուսուկես տարի:

Հայաստանի անմարդկային պայմանները շրջափակման և պատերազմի պատճառով ստիպեցին նրանց կորցնել հայրենիքը երկրորդ անգամ և տեղափոխվել ԱՄՆ:

«Այժմ բանկի փոխնախագահ եմ, փաստաբան, երկու երեխա ունեմ: Թեև առաջին քսանհինգ տարիները ծանր էին, այժմ վստահ կանգնած ենք ոտքերի վրա, հնարավորություն ունենք օգնելու Հայաստանին, շատերն են այդպես անում»,- պատմում է Աստվածատուրյանը:

Նա խոստովանեց, որ, թեև այսօր իր տունն ԱՄՆ-ում է, սիրտն ընդմիշտ մնացել է Հայաստանում: «Երեք տարի առաջ ես իմ պատմությունը պատմեցի «Արտաքսում դեպի ոչ մի տեղ» գրքում: Դրանից հետո բազմաթիվ փախստականներ սկսեցին պատմել վերապրածի մասին»,- ասաց Աստվածատուրյանը:

Ստիպել աշխարհին կատարվածն անվանել ցեղասպանություն

Ավելի քան քառորդ դար է անցել Ադրբեջանում կատարվածից, իսկ այն դեռ չի ճանաչվել միջազգային մակարդակով: Հայ փախստականները, որոնց միայն մի փոքր մասն է մնացել Հայաստանում, իսկ մեծ մասը` սփռվել ողջ աշխարհով, այդպես էլ կարգավիճակ չեն ստացել, չեն կարողացել վերականգնել նյութական և բարոյական իրավունքները: Այն գործունեությունը, որը ծավալում են փախստականների հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունները, բավարար չէ նրա համար, որ 1988-1990 թվականներին Ադրբեջանում կատարվածը ցեղասպանություն կոչվի:

Փորձագետների կարծիքով, Հայաստանը նույնպես բավարար չափով չի օգտագործում դիվանագիտական հարթակները փախստականների շահերի լոբբինգի և նրանց իրավունքների վերականգնման համար: Մինչդեռ ադրբեջանական դիվանագիտությունն ակտիվ օգտագործում է  փախստականների շուրջ հիստերիան Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում: Գուցե մեր երկրի համապատասխան կառույցներին և գերատեսչություններին արժե խորհել այդ հարցի շուրջ...