Ինչու՞ Հայաստանում չկա ընդդիմություն
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Օրերս Երևանում անցկացվեց ընդիմության հերթական հանրահավաքը` այս անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման դեմ: Խնդիրն արդիական է, մասնավորապես, գների հետևից չհասցնող աշխատավարձերի ու թոշակների ֆոնին: Այնուամեյնանիվ, հանրահավաքը սակավաթիվ էր:
Միամտություն է ենթադրել, որ դրա պատճառը մարդկանց անվստահությունն է հանրահավաքի կազմակերպիչների հանդեպ: «Ելք» ընդդիմադիր դաշինքի երիտասարդները բավականին խելացի են, կրթված, ու քչերն են կասկածում, որ նրանք ձգտում են դեպի լավը փոխել հայաստանցիների կյանքը։ Նրանց քայլերն էլ առաջին հայացքից թվում են ավելի բանական, իրատեսական ու կոնկրետ, քանի որ նրանց նախորդների համեմատ, նրանք չեն կարծում, որ երկրում ստեղծված վիճակի միակ ելքը իշխանափոխությունն է, իսկ ավելի հստակ` առաջին դեմքերի փոփոխությունը:
Սակայն իմ կարծիքով, մեր ժողովուրդը դադարել է հավատալ այս հեքիաթներին 2013 թ.–ի փետրվարի նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմության ներկայացուցիչը, պաշտոնական տվյալներով հավաքելով ձայների մոտ 40 տոկոսը (իսկ ընդդիմության և նրա կողմնակիցների կարծիքով` հաղթանակ տարած)` այդպես էլ չկարողացավ «դրամայնացնել» սեփական առավելությունը:
Բավարարվենք առանց պատճառների վերլուծության, ինչպես նաև առանց այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների քաղաքական ու բարոյական գնահատականների` ընգծելով միայն փաստը:
Փաստորեն այդ ընտրություններից հետո ձախողվեց ընդդիմության գործողությունների պարադիգմը, երբ պնդում էին, թե իրական փոփոխություն կարելի է ակնկալել միայն իշխանության առաջին դեմքերի փոփոխության արդյունքում, որը չգիտես ինչու անվանում էին համակարգային բարեփոխումներ։ Եվ դրա վկայությունն են 2017 թ.–ին կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնք, նույն ընդդիմության կարծիքով, անցել են առանց որևէ լուրջ ընտրախախտումների։
Ըստ նույն ընդդիմադիրների, ընտրողների ձայների համար պայքարն այսօր ընտրական տեղամասերից ամբողջովին տեղափոխվել է փողոց։
Եվ այստեղ ամենաճիշտ ժամանակն է մտածել` ի՞նչ է նշանակում ընտրողների ձայների համար պայքար ընտրական տեղամասերից դուրս` ինչպես իշխանության, այնպես էլ ըննդիմության համար: Եկեք չօգտագործենք «փողոց» բառը, քանի որ շատերը կապում են այն հանրահավաքների, երթերի, գործադուլների հետ, իսկ Երևանում տեղի ունեցած վերջին դեպքերը հստակ ցույց տվեցին, որ ընտրողների ձայների համար պայքարի միայն նման մեկնաբանությունը կարող է ձախողված ինել:
Ինչպե՞ս է ձևավորվում իշխանության ընտրազանգվածը
Եվ այսպես, եթե խոսենք իշխանություն – ժողովուրդ փոխհարաբերությունների մասին, ապա այստեղ ամեն ինչ չափազանց պարզ ու հասկանալի է, քանի որ այդ փոխհարաբերությունները բխում են հենց պետության գոյությամբ։ Այդ փոխհարաբերությունները կարգավորված են երկրի գրված և չգրված օրենքներով, հիմնականում իրականացվում են ադմինիստրատիվ համակարգի, ինչպես նաև քաղաքական, հասարակական ուժերի և գործարար կառույցների միջոցով, այդ պատճառով կրում են համակարգված և, ինչը ոչ պակաս կարևոր է, սիստեմատիկ բնույթ։
Բնականաբար, ոչ միայն ադմինիստրատիվ համակարգից դուրս, այլև ներսում կան համակարգից դժգոհողներ։ Այդուհանդերձ, թեկուզ մեծ բացասական կողմերի առկայության դեպքում ակնհայտ է, որ իշխանության և ժողովրդի միջև նման համակարգային ու սիստեմատիկ հարաբերությունների փոքր և ոչ փոքր դրական կողմերը (բյուջետային աշխատողների աշխատավարձը, մտավորականությանն ուղղված տարատեսակ խրախուսումները, բազմաթիվ գործարար կառույցների եկամուտների վերահսկողությունը, անգամ ընտրությունների ժամանակ առկա խայտառակ չնչին կաշառքները) ավելի նախընտրելի են շատերի համար (այդ թվում նրանց համար, ովքեր իրական են գնահատում իրավիճակն ու դժգոհ են իշխանությունների գործողություններից), քան ընդդիմության խոստացած «վարդագույն» անորոշությունը։
Հենց այսպես է ձևավորվում իշխանության ընտրազանգվածը այսպես կոչված «անցումային ժողովրդավարություն» ունեցող երկրներում, ընտրազանգված, որը թեև ներքուստ շատ հարցերում դժգոհ է իշխանության գործողություններից, այդուհանդերձ չտեսնելով այլընտրանք` քվեարկում է իշխանության օգտին։ Նման դիրքորոշումը շատ լավ արտացոլված է «Փորձված մածունն անփորձ թանից լավ է» հայտնի ասացվածքում։
Ընդդիմության չօգտագործված հզոր ռեսուրսը
Ակնհայտ է, որ ընդդիմությունը չունի ադմինիստրատիվ ռեսուրս, ֆինանսական ռեսուրսներով էլ այն, իհարկե, չի կարող համեմատվել իշխանության հետ։ Անցումային ժամանակաշրջանում գտնվող կամ «հիբրիդային ժողովրդավարություն» ունեցող (ինչպիսինն է Հայաստանը` Ժողովրդավարության վերջին ցուցիչի համաձայն) երկրներում ընդդիմությունն ի վիճակի չէ մրցել իշխանության հետ։
Այդուհանդերձ, ընդդիմությունը, դատելով այլ, իսկ առաջին հերթին եվրոպական երկրներում ժողովրդավարության զարգացման փորձից, ունի իր` դեռ չգործարկված ռեսուրսը, որը ևս համակարգային բնույթ է կրում, և այն համապատասխան ակտիվության դեպքում կարող է ստեղծել կայուն ընդդիմադիր ընտրազանգված։
Խոսքը քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորման մասին, որոնք մեր երկրում դեռ սաղմնային վիճակում են, իսկ որոշ կարևորագույն ուղղություններով ավելի շատ մահացած են, քան կենդանի, օրինակ` արհմիությունները։
Քաղաքական գործունեություն ծավալելու և սեփական ընտրազանգվածը ստեղծելու տեսանկյունից ընդդիմության աշխատանքն անսպառ է։ Եվ այստեղ ևս պետք չէ հեծանիվ հորինել, պարզապես հարկավոր է ավելի ուշադիր ուսումնասիրել քաղաքացիական հասարակության ինստիտուտների և քաղաքական ուժերի միջև հարաբերությունների կայացման և զարգացման պատմական փորձը, ինչը կարող է լավ դաս լինել մեր ընդդիմադիրների համար։
Գրեթե լատինաամերիկյան սցենար
Հայկական ընդդիմությունը, ընդհանրապես չկազմակերպելով ժողովրդին վերը նշված համակարգային իմաստով, փորձում է հասնել դրական արդյունքների փողոցային քաղաքական ակտիվության հատուկենտ գործողություններով։
Առավելագույնը, ինչի կարելի է հասնել «աշխատավորների իրավունքների համար» նմանօրինակ պայքարի միջոցով, հեղաշրջումների` à la «գունավոր հեղափոխությունների» անդադար սպառնալիքներն են, որոնք, լավագույն դեպքում, կարող են երկրի զարգացման հետագիծը նմանեցնել լատինոամերիկյան պարադիգմին` քաղաքացիական հասարակության ինստիտուտների փաստացի բացակայությամբ, պարբերական և ինքնաբուխ գործադուլներով, ժողովրդի հանրային ելույթներով, անընդհատ կրկնվող պետական հեղաշրջումներով, որոնց թիվն այդ մայրցամաքի որոշ երկրներում ոչ այդքան երկար պատմության ընթացքում հասնում էր մի քանի տասնյակի, բայց որոնցից յուրաքանչյուրից հետո ժողովուրդը դառնում էր էլ ավելի անօրեն ու աղքատ:
Գոյություն ունի նաև զարգացման ավելի սարսափելի հետագիծ, որն այսօր տեսնում ենք Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Եվ կրկին չօգտագործած հնարավորությունների մասին
Իսկ չէ՞ որ մեր երկրում արդեն եղել են օրինակներ, երբ քաղաքական ուժը կարողացել է նպաստել քաղաքական հասարակության տարրերի ձևավորմանը: Հիշենք երևանյան փողոցներից մեկի տան բնակիչների հայցերն ընդդեմ կառավարության, որոնք հասել էին Ստրասբուրգ և ավարտվել էին հօգուտ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մի ժամանակ այդ մարդկանց կողքին կանգնած էին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները: Ստեղծվել էր նաև հասարակական կազմակերպություն, որը պաշտպանում էր տուժածների իրավունքները «պետական շահերից»:
Բոլորը, հավանաբար, հիշում են նաև տաքսիների վարորդների, այսպես կոչված, «տոնավաճառների» աշխատողների բազմակի գործադուլները և այլն: Կարող էր, չէ՞, ընդդիմությունը նպաստել արհմիությունների ստեղծմանը բնակչության այս խավերի համար` աջակցելով նրանց կազմակերպչական, իրավաբանական և այլ իմաստներով: Այսպիսի գործողությունները մեծ ֆինանսներ չեն պահանջում, բայց փոխարենը մարդկային ներուժ և աշխատանք է պետք:
Իսկ չէ՞ որ հասարակության այս խավերն իրենց ընտանիքների և շրջապատի հետ միասին կարող են դառնալ ընդդիմության հենց այն ընտրազանգվածի միջուկը, որը վճռորոշ դեր կխաղա ընտրություններում:
Ընդդիմության գործունեության մեկ այլ իմիտացիա էլ կարելի անվանել կառավարության գործունեության քննադատությունը:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեղինակն այստեղ սահմանն անցավ` ինչ-ինչ, իսկ իշխանությունների հասցեին ընդդիմության բաց թողած քննադատական աղեղների թիվը հաշվել դժվար է: Սակայն նույնիսկ բարձր պրոֆեսիոնալիզմի և նման քննադատության փորձագիտական բարձր մակարդակի դեպքում այն ցանկալի արդյունք չի կարող ունենալ, քանի որ, որպես կանոն, պատահական, ոչ համակարգային բնույթ է կրում:
Բայց այստեղ էլ ոչինչ պետք չէ մոգոնել: Որևէ մեկը լսե՞լ է Հայաստանում, այսպես կոչված, ստվերային կառավարության մասին, որը, թեկուզ խորհրդարանում համախոհների սակավությամբ, այնուամենայնիվ, կարող էր պրոֆեսիոնալ մակարդակով համակարգված և մշտապես հետևոլ, վերլուծել կառավարության և իշխանությունների ավելի կամ պակաս գործուն քայլն ընդհանուր առմամբ:
Թեև այսօր նման մի բան փորձում են անել ընդդիմության ներկայացուցիչները ԶԼՄ-ների միջոցով կամ խորհրդարանական ամբիոնից: Բայց նրանք սահմանափակված են կանոնակարգով: Ի տարբերություն նրանց, ստվերային կառավարությունը նման սահմանափակում չունի:
Եթե կառավարության և խորհրդարանի յուրաքանչյուր այս կամ այն կարևորության որոշում սիստեմատիկ կերպով անցնի նման ստվերային կառավարության պրոֆեսիոնալ ֆիլտրերով` ծագող խնդիրների սեփական լուծումների զուգահեռ ներկայացմամբ, և այդ ամենը հասցվի հասարակությունը, հավատացեք, վաղ թե ուշ իշխանությունները ստիպված կլինեն փոխել իրենց վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ: Միաժամանակ, հասարակությունն էլ միակողմանի չի լինի, այլ ավելի օբյեկտիվ իրազեկված կլինի երկրում տիրող իրավիճակի մասին:
Այսպիսով, իսկապես փոփոխություններ ցանկացող ընդդիմության համար շատ անելիք կա: Բայց դրա համար այն պարտավոր է օգտագործել վերոնշյալ և ժողովրդավարական աշխարհում լավ հայտնի գործիքները, որոնք թույլ են տալիս հաջողության հասնել իշխանության դեմ և իշխանության համար պայքարում: Առավել ևս, երբ խորհրդարանական իշխանավարման անցումը, դատելով եվրոպական երկրների փորձից, բավականին նպաստում է այս գործընթացներին: -0-
Մանվել Ղումաշյան, միջազգային քաղաքականության փորձագետ, հատուկ «Նովոստի-Արմենիա»-ի համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

