Մինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են, ԶԼՄ-ներն արդեն փորձում են «կռվացնել» նրանց

02.02.2016, 15:37
Մինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են համագործակցության շուրջ, ԶԼՄ–ներն արդեն  փորձում են «կռվացնել» նրանց, այս տպավորությունն ես ստանում` ծանոթանալով վերջին  շաբաթների մամուլի հրապարակումներին:
Մինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են, ԶԼՄ-ներն արդեն փորձում են «կռվացնել» նրանց

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են համագործակցության շուրջ, ԶԼՄ–ներն արդեն փորձում են «կռվացնել» նրանց, այս տպավորությունն ես ստանում` ծանոթանալով վերջին շաբաթների մամուլի հրապարակումներին:

Անշուշտ, երբեք էլ այս կուսակցությունների հարաբերությունները «շոկոլադային» չեն եղել, և եթե նույնիսկ բանակցությունների այս փուլում է լրագրողներին հաջողվում «կռվացնել» 125-ամյա և այս պահին երկրի ճակատագիրը որոշող կուսակցություններին, պետք է ենթադրել, որ հենց այդ կուսակցություններն են դա թույլ տալիս:

Նախօրեին, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր. «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» ընդունում է, որ իշխանությունները հեղինակազրկված են և իշխանությունների հետ համագործակցելով` հեղինակազրկվում են նաև իրենք»` նշելով, թե իրենք համագործակցում են հեղինակազրկված իշխանությունների հետ, որ փոխեն մթնոլորտը, ինչպես փոխեցին Սահմանադրությունը:

«Բնականաբար, իշխանության հետ լինելն ինքնին վարկանիշի անկում է ենթադրում: Բայց ավելի լավ է ես այս գինը վճարեմ, քան ազգովի վճարենք պետությունը կորցնելու գինը: Դրա համար ենք մենք գնացել այս ճանապարհով, միշտ էլ չենք վախեցել մեր վարկանիշի կորստից, միշտ էլ վստահ ենք եղել, որ արդյունքներն ավելի կարևոր են, քան այն, ինչ քո մասին այդ ընթացքում խոսում էին: Բա ասում էին՝ Դաշնակցությունը մեռած է, թաղել էին մեզ... Որ ասում էինք՝ Դաշնակցությունը թաղելու խոսակցությունները չափազանցված են: Բա որ մեռած է՝ հիմա ինչի՞ են հետաքրքրվում, որ ստեղ կլինի, թե՝ էնտեղ: Բա թող անտեսեն»,- ավելացրել էր Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի այս հայտարարությանն անմիջապես հետևեց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի պատասխանը. «Մի՛ տրվեք զգացմունքներին»: Նա հորդորել է զգացմունքային գնահատականներ չանել, որոնց համար հետագայում զղջալու են. «Ես իմ բոլոր գործընկերներին, այդ թվում՝ սիրելի, հարգելի դաշնակցական բարեկամ Արմեն Ռուստամյանին կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ամենահեղինակավոր քաղաքական ուժն է: Ասելով չէ: 2017թ.-ին կտեսնենք՝ ում վարկանիշն ինչքան է»:

ԶԼՄ–ները միայն Շարմազանովի պատասխանով չբավարավեցին ու «կռիվը թեժացնելու» համար դիմեցին նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին. «Կարծում եմ` որևէ կուսակցություն սեփական դիրքն ընդգծելու համար կարիք չունի այլ կուսակցության ուսերին կանգնելու»:

Այս դեպքում կարծես թե մամուլին չհաջողվեց «թեժացնել կռիվը», չէ՞ որ Արմեն Աշոտյանը հայտնի է իր ավելի կոշտ և դիպուկ արտահայտություններով (բավական է միայն հիշել Աշոտյանի` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, կամ նույն կուսակցության ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հասցեին արած որակումները): Ընդհակառակը, Աշոտյանը կարծեք թե նույնիսկ փոքր ինչ շոյեց դաշնակցությանը` նշելով. «Այս պարագայում կարծում եմ, որ նույն ՀՅԴ-ն իր գերակայությունն ընդգծելու համար կարող է փառքով օգտագործել իր 125-ամյա պատմության պատվանդանը»:

Իր հերթին Էդվարդ Շարմազանովը ևս փորձել էր զգուշավոր լինել` նշելով. «Մենք կուսակցամոլ չենք, մենակ մեզ չենք տեսնում, ջայլամի նման գլուխներս չենք մտցրել ավազի մեջ, հասկանում ենք, տեսնում ենք թերությունները»:

Չէ՞ որ, չնայած առաջին հայացքից կոշտ հայտարարությանը` Արմեն Ռուսատմյանն առաջինն ինքն էր համագործակցության տեղ թողել, պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն ունի՞ Դաշնակցության կարիքը հարցին, ասել էր. «Բնականաբար, երկիրն է վատ վիճակում, իշխանություններն էլ՝ այդ թվում: Իրենք հասկացան, որ այդպես շարունակել հնարավոր չէ: Ոչինչ, թող այս ընթացքում էլ մի քիչ հայհոյեն, բայց կունենանք շատ ավելի լավ Հայաստան»: Եզրահանգման համար Ռուստամյանը դիմել էր նույնիսկ դասականի օգնությանը. Ինչպես ասում են՝ «հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ»:

Չեմ ուզում մտածել, թե Արմեն Ռուստամյանի տրամաչափի քաղաքական գործիչը սայթաքում թույլ տար`լրագրողների մոտ նման հայտարարություն անելով: Մամուլում տարածված լուրերի համաձայն, այս երկու կուսակցությունների միջև բանակցությունները դեռևս ընթանում են, հավանաբար, քաղաքական «առևտրի» այս փուլում «ապրանքի» գնի հետ կապված որոշակի կսմթոցների կարիք է զգացվել:-0-

Լուսինե Մարգարյան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ