Լևոն Արոնյանը կխաղա «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի մասնակիցների հետ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական շախմատի առաջնորդ Լևոն Արոնյանը որպես հյուր կմասնակցի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատի 2-րդ մրցաշարին, որը կանցկացվի հունիսի 24-25-ը Երևանի Շախմատի տանը։
«Ինչպես անցյալ տարի, գրոսմայստերը շախմատ կխաղա մրցաշարի մասնակիցների հետ»,- ասվում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ։
Միջոցառման նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզումը։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, արագ շախմատի կանոններով:
Միջոցառմանը կմասնակցեն հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատներ: Կանայք և տղամարդիկ կմրցեն միասին` երեք մրցանակային տեղերի համար:
Մրցանակ է սահմանված մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:
Միջոցառումը կիրականացնեն «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:-0-

