Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, պատրաստվում եմ գնալ Իտալիա. Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյան

12.09.2025, 12:51
Եղիշե Մելիքյանը խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին
Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, պատրաստվում եմ գնալ Իտալիա. Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ մեր ընտրանին տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին: 

Վերջինիս հետ զրույցում նա խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին, հաղորդում է armsport–ը։ 

«Ցավոք, մենք չունենք ազգային թիմն ուժեղացնելու ռեսուրսներ: Ունենք այն, ինչ ունենք, և կարող ենք մեկ-երկու խաղացող ավելացնել, առավելագույնը: Այդ ընթացքում կարող են երիտասարդներ հայտնվել, օրինակ՝ Փիլոյանը, բայց մենք ռեսուրսներ չունենք՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից: Ունենք լավ երիտասարդներ, բայց մեզ ժամանակ է պետք, իսկ երկրպագուն սպասել չի սիրում:

Մխիթարյանի հետ հաճախ ենք շփվում, այսօր էլ եմ խոսել նրա հետ: Չեմ կարող բացահայտել, թե ինչ ենք քննարկել, բայց հույս ունեմ: Կարծում եմ՝ անպայման պետք է մեկնեմ Իտալիա, նրա հետ հանդիպեմ, խոսեմ, շփվեմ: Առայժմ չգիտեմ նրա կոնկրետ կարծիքը, բայց երբ տեսնեմ նրան, կհանդիպենք ընթրիքի, և ես անպայման կփորձեմ պարզել»,- նշել է մասնագետը։ 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի 3–ին։

Առավել օպերատիվ լուրերին հետևեք մեր Telegram–ում