ՀՀ–ում կանցկացվի 30 հանդիպում 2029թ․ ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում․ նախարար

30.04.2026, 12:35
Պլանավորվում է, որ Երևանում կանցկացվի մինչև 20 խաղ, Վանաձորում և Իջևանում՝ մինչև 10 խաղ
ՀՀ–ում կանցկացվի 30 հանդիպում 2029թ․ ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2029թ․ ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում Հայաստանում կանցկացվի 30 հանդիպում, հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք պլանավորում ենք, որ Երևանում կունենանք մինչև 20 խաղ, Վանաձորում և Իջևանում՝ մինչև 10 խաղ», - ասաց Անդրեասյանը կառավարության նիստի ժամանակ։ 

Նա նշեց, որ առաջնությունը, նախնական տվյալներով, կանցկացվի 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն հստակ ժամկետները դեռ պետք է ճշգրտվեն։ 

«Շատ մեծածածավալ իրադարձություն է տեղի ունենալու, որին պետք է պատշաճ պատրաստվել», - նշեց նախարարը։ 

Նա տեղեկացրեց, որ այժմ ընթանում է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման փուլը, որը պետք է լինի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատոգորիայի՝ ընդունելով նվազագույնը 10-12 հազար հանդիսատես։ 

Անդրեասյանը հայտնեց, որ նախորդ տարի որոշում է   կայացվել Իջևանում նոր մարզադաշտ կաոռւցել, որը նույնպես կլինի ՈՒԵՖԱ-ի 4-րդ դասի։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ թեև Իջևանում մարզադաշտը զրոյից կառուցելու հարցում որոշակի մտահոգություն կա, սակայն կան փորձառու ընկերություններ, որոնք պատրաստ են այն սեղմ ժամկետներում ավարտին հասցնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում: