Եղիշե Մելիքյանը նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

06.08.2025, 14:02
46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացել է  ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը
Եղիշե Մելիքյանը նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացել է  ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:

ՀՖՖ-ում նշել են, որ Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:

Եղիշե Մելիքյանն ասել է, որ հպարտ է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»,-ասել է նա։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը:

« Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ: Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»,-նշել է նա։

Եղիշե Մելիքյանը նախկինում եղել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը։ Նա 2024թ.-ին ճանաչվել է լավագույն մարզիչ։

Միաժամանակ, ՀՖՖ-ն հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:

Նշենք, որ Ջոն վան’ տ Սխիպը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել փետրվարի 17-ին։ Նախկինում նա «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն էր։