Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը․ նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարիամ Ստեփանյանը

16.03.2026, 18:08
Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր կին գլխավոր մարզիչ ունի
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը․ նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարիամ Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հայտնում են ՀՖՖ-ից։

«Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արտակ Ադամյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը 2024 թ. ապրիլի 9-ին ԵՎՐՈ-2025-ի որակավորման փուլում 3։2 հաշվով գերազանցել է Բուլղարիային։

ՀՖՖ-ից նաև տեղեկացնում են, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Մարիամ Ստեփանյանը, որը մինչ այս գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։

«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել Մարիամ Ստեփանյանին նոր պաշտոնում։ 

«Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և լավ ծանոթ է կանանց ֆուտբոլի համակարգին:  Նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներն իրենց առաջին հաղթանակներն են տոնել Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Վստահ ենք, որ Մարիամ Ստեփանյանի կուտակած փորձը, նվիրված աշխատանքը և մասնագիտական մոտեցումը կնպաստեն կանանց Հայաստանի ազգային հավաքականի հետագա առաջընթացին։ Մաղթում ենք նրան հաջողություն և բարի երթ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը: 

Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղը կանցկացնի ապրիլի 14-ին։ Մեր ընտրանին տանը կընդունի Բելառուսին։