Վերջին միջադեպերի պատճառով «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ն և «Փյունիկ»-ը համատեղ հայտարարություն են տարածել

12.08.2022, 12:10
Վերջին միջադեպերի պատճառով «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ն և «Փյունիկ»-ը համատեղ հայտարարություն են տարածել
Վերջին միջադեպերի պատճառով «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ն և «Փյունիկ»-ը համատեղ հայտարարություն են տարածել
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետևանքներով: Այս մասիին նշվում է ՀՖՖ–ի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համատեղ հայտարարության մեջ։

Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաև մի շարք քաղաքական ակցիաներ:

Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաև անվտանգության աշխատակիցները: ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար:

«Միևնույն ժամանակ անվտանգության աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դեպքում ուղղակի հնարավոր չէ կանխել նման անցանկալի իրադարձությունները, եթե չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրության, երկրպագուների, հատկապես լրատվամիջոցների աջակցությունը», – նշվում է հայտարարության մեջ:

Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները:

«Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում», – նշվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին և դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, ՀՖՖ–ն դիմում է բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:

Այս կապակցությամբ ՀՖՖ–ն դիմում է ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով:–0–