Համազգային անտեղի ու լկտի տվայտանքներ Արոնյանի դեմ. շախմատիստի մայրը մեկնաբանել է գրոսմայստերի շուրջ առաջացած աղմուկը

09.02.2021, 19:58
Համազգային անտեղի ու լկտի տվայտանքներ Արոնյանի դեմ. շախմատիստի մայրը մեկնաբանել է գրոսմայստերի շուրջ առաջացած աղմուկը
Համազգային անտեղի ու լկտի տվայտանքներ Արոնյանի դեմ. շախմատիստի մայրը մեկնաբանել է գրոսմայստերի շուրջ առաջացած աղմուկը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայ ուժեղագույն շախմատիստ, օլիմպիական եռակի չեմպիոն, ՖԻԴԵ–ի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի մայրը` Սեդա Արոնովան Facebook–յան իր էջում մեկնաբանել է որդու հասցեին հնչող «համազգային անտեղի ու լկտի տվայտանքները»։

«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու: Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:

Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը: Ւ դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից», – նշել է Արոնյանի մայրը։

Լևոնի կատարած բարեգործության մասին

Արոնովան նաև անդրադարձել է Արոնյանի կատարած բարեգործությանը, որի մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում:

«Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:

Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին», – նշել է Սեդա Արոնովան։

Նրա խոսքով, Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին:

«Ավելորդ» գրոսմայստերական դպրոց

Արոնովան նշել է նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ (դպրոցը զրկվել է պետական ֆինանսավորումից, խմբգր.): Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:

Նա նաև նշել է, որ այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը: 

«Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում», – հայտարարել է Արոնյանի մայրը։

Նա ավելացրել է, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում: 

«Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել», – գրում է Արոնովան։

«Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:

Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք», – նշել է Լևոն Արոնյանի մայրը։

Հռչակավոր շախմատիստի ձեռքբերումները

Արոնովան ընդգծել է, որ օլիմպիական չեմպիոնները «նախկին» չեն լինում: 

«Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը.

• Ստամբուլում թուրքերին հարկադրաբար ոտքի կանգնացնելը Հայաստանի Օրհներգի հնչյունների ներքո՝ 2012 թվականի համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակմանը Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ:

• Լևոնի առաջնորդությամբ 2006, 2008, 2012 թթ. պատմական հաղթանակների շնորհիվ ՝ Հայաստանը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն, իսկ 2010թ. –ին՝ աշխարհի թիմային չեմպիոն:

«Արդեն 15 տարի է Լևոնը ԱՇԽԱՐՀԻ լավագույն շախմատիստների տասնյակում է (այսօր իր գործակցով 5-րդն է), շախմատի ամբողջ պատմության մեջ համարվում է 4-րդը (Կարլսեն, Կասպարով, Կարուանա, Արոնյան-2835 գործակից)», – նշել է գրոսմայստերի մայրը։ 

Լևոնը եզակի՝ կրկնակի աշխարհի գավաթակիր է, երկրորդ գավաթը նա նվաճել է Թբիլիսիում, որտեղ անցկացվող առաջնությունը ֆինանսավորում էր Ադրբեջանը և բնական է, որ հայ գրոսմայստերի հաղթանակը ցավոտ հարված էր նրանց համար։

Չեմպիոնի հայկական ազգանունը 

Արոնովան նաև  ընդգծել է, որ մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով –ով, և, օղլու և այլ վերջածանցներ, իսկ «որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է հակառակ տրամաբանությամբ՝ Արոնով ազգանունը դարձնելով ԱրոնՅԱՆ»: 

«Այսքանից հետո, բարոյականություն քարոզողներ, հասկանու՞մ եք ՈՎ ՈՒՄ է համարձակվում քննադատել: Ձեր տեսակով դուք վտանգ եք մեր հայրենիքի համար: Հիշեք «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն»», – եզրափակել է Արոնովան։

Հիշեցնենք, որ օրերս Տելեգրամ ալիքներից մեկը գրել էր, որ Լևոն Արոնյանն իբր պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ և հանդես գալ այդ երկրի դրոշի ներքո։ Լևոն Արոնյանից կամ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ չի ստացվել։–0–