«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Արամ Ավագյան

11.06.2016, 12:52
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը:
 «Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Արամ Ավագյան

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

Մեր նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Արամ Ավագյանն է (56 կգ): Բռնցքամարտիկը ծնվել է Երևանում 1991 թվականին: Չնայած ընտրած մարզաձևին՝ Արամը հանգիստ բնավորություն ունի: Մրցումների ժամանակ իր կողքին ցանկանում է տեսնել միայն մարզչին:

 - рис.1

Ռինգ մտնելուց առաջ հայ մարզիկը աղոթում է, իսկ իր խաչը կախում է մարզիչի վզից: Չի կարելի ասել, որ Արամը սիրելով է ընտրել բռնցքամարտը: Մարզիկի մոտ սերն այս մարզաձևի նկատմամբ եկել է ժամանակի ընթացքում՝ առաջին հաղթանակներից հետո:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Թալիսման չի կարելի ասել, ոնց որ միշտ՝ ես և իմ աղոթագիրքը, խաչը:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Բացի մարզչիցս ոչ ոքի:

 - рис.2

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ընտանիքիս անդամների և ընկերուհուս:

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Կարևորագույն սպորտային միջոցառում, ուժեղագույն մարզիկներ և փառք:

-Ինչպե՞ս կուզեիր որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Կցանկանայի անունս գրվեր Օլիմպիական պատմության մեջ:–0-