Հեծանվաշքերթ՝ Երևանից Էջմիածին․ ՀՀ–ում կնշվի Հեծանվի համաշխարհային օրը

03.06.2025, 19:11
Հայաստանում Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթ կկազմակերպվի
Հեծանվաշքերթ՝ Երևանից Էջմիածին․ ՀՀ–ում կնշվի Հեծանվի համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթ կկազմակերպվի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին:

Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք:

Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։

Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ի բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է Հեծանվի համաշխարհային օր, որի շրջանակում նպատակ է դրված խթանելու հեծանվային մշակույթի տարածումը, խրախուսելու առողջ ապրելակերպը և նպաստելու կայուն ու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների կիրառմանը: