Երևանում երկու երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

23.06.2025, 16:07
20–ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 27-ամյա համաքաղաքացուն
Երևանում երկու երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում երկու երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 27-ամյա համաքաղաքացուն։

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքից հետո 20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժին և տեղափոխվել նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: