Փաշինյան. նախատեսվում է եկամտահարկի նվազեցում և լրջագույն փոփոխություններ հարկային օրենսգրքում

22.08.2018, 21:59
Այսօր Հայաստանում բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել:
Փաշինյան. նախատեսվում է եկամտահարկի նվազեցում և լրջագույն փոփոխություններ հարկային օրենսգրքում
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայաստանում բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ:

Նա ավելացրեց, որ նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են, որ քաղաքացին լինի աղքատ, շահագրգռված լինի ընտրակաշառք ստանալ, որ նաև աղքատության նպաստից չցանկանա զրկվել:

«Սա, իհարկե, քաղաքական պատճառներով է եղել, սրա համար են մենաշնորհներ ստեղծվել, և մենք այսօր ասում ենք, որ պետք չէ աղքատությունը խրախուսել, որ մարդն ասի, որ այո, ես այսօր կարող եմ այդ նպաստը չստանալ, որ մարդն իր աշխատանքով ստեղծի արդյունքը»,- ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ կառավարությունը չի վարելու աղքատության խթանման քաղաքականություն: «Հիմա ՀՀ-ում բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել: Եկեք մեր մտածողությունը փոխենք, փոխենք այս մտածելակերպը՝ «ոնց անենք, որ աղքատության նպաստ ստանանք», այլ հակառակը՝ այնպես անենք, որ աղքատության նպաստ չստանանք, որպեսզի մտածենք, որովհետև դա չի կարող ապահովել իմ ապրուստը, իմ աշխատանքը պիտի դա ապահովի»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ կառավարությունը նախատեսում է նվազեցնել եկամտահարկը, նախատեսվում են նաև լրջագույն փոփոխություններ պետական գնումների ու հարկային օրենսգրքերում:

«Դանդաղաշարժ է մեր պետական կառավարման համակարգը, երբեմն այդ շարժումը դառնում է անիմաստ»,-ասաց նա, ավելացնելով, որ հարկային օրենսգրքում փոքր բիզնեսին աջակցող փոփոխություն կիրականացվի:

Загружается новость ... "Лево"

«Մենք միկրոբիզնեսի համար, որ տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն է ունենում, կսահմանենք սիմվոլիկ, համարյա հարկից զուրկ բացառություն, խոսքը շրջանառության հարկի մասին է, միկրոբիզնեսը կլինի արտոնյալ պայմաններում»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով, նոր Հայաստանում հաջողությունը ոչ թե ծանոթ, այլ կրթական ու ինտելեկտուալ բարձր մակարդակ ունենալն է:

«Այսօր Հայաստանում նա, ով ցանկանում է հաջողություն ունենալ, պետք է ոչ թե ծանոթներ գտնի, այլ փնտրի, թե ինչ կարողություններ, մասնագիտական բարձր մակարդակ ունի»,- ասաց նա: -0-