ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
«Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ»,- գրել է նա։
Արոնյանը նշել է, որ ցանկանում է անկեղծանալ իր կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իր ողջ կյանքի ընթացքում:
Загружается новость ... "Лево"
«Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով»,- գրել է նա։
Նա նաև տեղեկացրել է, որ հասկացել է այն, որ եթե իր առողջությունն ու կյանքը թույլ տան, ինքը շախմատ կշարունակեմ խաղալ մինչև կյանքի մայրամուտը: Արոնյանի խոսքով, ինքը հավատում է, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Եվ ինքը չի ընտրել շախմատիստ դառնալը:
«5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար»,- ասել է Արոնյանը։
Նա նշել է, որ համոզված է, որ Արիանան նույնպես կաջակցեր իր կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը:
«Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար»,- գրել է շախմատիստը։
Նա նշել է, որ իր նամակի հիմնական նպատակը տեղեկացնելն էր, որ ինքը երջանիկ է, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված է սիրով:
«Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»,- ավարտել է խոսքը արոնյանը։-0-