Facebook–ը Messenger–ում զրույցների թեմաների հուշում է թեստավորում

18.10.2016, 22:15
Facebook-ի Messenger-ի օգտատերերը նկատել են հավելվածում զրույցների թեմաների հուշման գործառույթի առկայությունը։
Facebook–ը Messenger–ում զրույցների թեմաների հուշում է թեստավորում
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook-ի Messenger-ի օգտատերերը նկատել են հավելվածում զրույցների թեմաների հուշման գործառույթի առկայությունը։

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, հղում անելով newsru.com-ին, TechCrunch-ին, ներկայում գործառույթը թեստավորման փուլում է և, ամենայն հավանականությամբ, հասանելի է շատ քիչ թվով օգտատերերի: Էությունն այն է, որ օգտատիրոջ անվան ներքո ցուցադրվում է նրա վերջին ակտիվության մասին տեղեկատվությունը:

Օրինակ, հավելվածը հայտնում է, թե որտեղ է վերջերս եղել պոտենցիալ զրուցակիցը, ինչ երաժշտություն է լսել կամ ինչպիսի միջոցառման է նախատեսում այցելել: Conversation Topics անվանումով բաժինը գտնվում է Facebook Messenger-ի գլխավոր էջում:

Նոր գործառույթի նպատակն է նոր զրուցակցի հետ շփման սկիզբը հեշտացնելը: Ներկայում անհայտ է, թե որքան ժամանակ է Facebook-ը թեստավորում այս գործառույթը և երբ է սոցիալական ցանցը նախատեսում այն հասանելի դարձնել Messenger-ի բոլոր օգտատերերի համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Facebook Messenger-ի օգտատերերին հասանելի է դարձել ավելի վաղ հայտարարված գաղտնի chat–երի գործառույթը, որը թույլ է տալիս հաղորդագրություններ փոխանակել գաղտնագրման end-to-end ռեժիմով, իսկ հուլիսին հավելվածի ակտիվ օգտատերերի քանակը գերազանցեց մեկ միլիարդը: -0-