Նաիրա Զոհրաբյանը հանդես կգա մանկապիղծների քիմիական ստերջացման նախաձեռնությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեռական բռնություն երեխաների հանդեպ որևէ սթափ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս մասին ուրբաթ ԱԺ-ում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին նաև մեկ այլ նախագիծ, որը հավանության չարժանացավ և շրջանառությունից դուրս եկավ։
«Մենք առաջարկել էինք գնալ քիմիական ստեջացման ճանապարհով բոլոր նրանց հանդեպ, որոնք սեռական բռնություն կկատարեն անչափահաս երեխայի հանդեպ: Դրա միջազգային փորձը կա. ԱՄՆ բազմաթիվ նահանգներում քիմիական ստերջացումը կիրառվում է: Ավելին, ԱՄՆ-ում գործում է պարտադիր կրտման, ստերջացման օրենքը, որն ուժի մեջ է մտել դեռևս 1990 թվականից: Գերմանիայում, Դանիայում, Կանադայում, Շվեյդիայում քիմիական ստերջացումը կիրառվում է դատապարտյալի համաձայնությամբ:
Զոհրաբյանի խոսքով՝ դեռևս 2007 թվականից քիմիական ստերջացումը կամավոր հիմունքներով գործում է: Որովհետև, շատ մարդիկ կան, ովքեր իրենց համարում են հոգեկան հիվանդ։
«Իրենք չեն կարողանում իրենց անոմալ, անասնական բնազդները զսպել, և իրենց կամավոր համաձայնությամբ և Մեծ Բրիտանիայում մանկապիղծների հանդեպ կիրառվում է քիմիական ստերջացումը: Հիմա մենք նորից այս նախաձեռնությունը դնելու ենք շրջանառության մեջ»,- ասել է պատգամավորը։-0-