Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

23.08.2021, 13:48
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մնացական Ավետիսյանը, ով 44-օրյա պատերազմի օրերին հայտնի դարձավ իր խզված ձայնով, երեկ՝ օգոստոսի 22-ին, ամուսնացել է։ Նրա ընտրյալը Աննա Մխիթարյանն է։

Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-յան էջից։ Ընկերները լուսանկարներ են հրապարակել՝ շնորհավորելով զույգին:

Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, ներկա է եղել հարսանիքին և լուսանկարներ է հրապարակել:

Նա մասնավորապես գրել է, որ 44-օրյա պատերազմի քրոնիկոնում առանձնացող կերպարներ ու դիպվածներ եղան, որ այդ բարդ ու նվիրական ժամանակների հավաքական խորհուրդն են դարձել:

«Մնացականին հաստա՛տ կհիշեք, մի դրվագ կար, որտեղ նա արդեն խզված ձայնով, հրահանգում էր՝ «համազարկով կրա՛կ»… Ուրեմն, կյանք ու կռվով անցած այս տղան այսօր ընտանիք կազմեց: Ուրախ էի, որ ի դեմս նրա, մեր պաշտպան տղերքի առջև հոգուս պարտքն իրացնելու հնարավորության ստացա: Երջանիկ լինեք, ձեր սերն՝ ամենակարող ուժով, մոտեցրեց այս հրաշք օրը: Աղոթքներից հյուսված երեկո»,-գրել է հաղորդավարը։ Մնացականը ծնունդով Ապարանից է, հայրը պահեստազորի սպա է: Մնացականը մեծացել է հերոսական պայքարի նվիրված երգերով:

Հիշեցնենք, որ  ՊՆ-ի «Զինուժ» հաղորդումը պատերազմական օրերին ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ  Ավետիսյանը խզված ձայնով ասում էր. «Հաղթելու ենք»:–0–