ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում գործող շարժական կապի երեք օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում»,- ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Հայաստանի շարժական կապի ներքոստորագրյալ երեք օպերատորները, որոնք գործում են ՀՀ օրենսդրության և պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիաների շրջանակներում, հորդորում են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համավարակով պայմանավորված իրավիճակում երեք օպերատորներն անում են առավելագույնը, որպեսզի հայաստանյան բաժանորդները մշտապես կապի մեջ մնան աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց մտերիմների, գործընկերների և կարևոր մարդկանց հետ, կարողանան առցանց աշխատել, կրթվել և, մնալով տանը, կանխել վարակի տարածումը։ Սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին:
Ընկերությունների մասին
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-