Euronest-ի առաջին նիստը կկայանա մարտին. ՀՀ ԱԺ պատգամավոր

23.02.2011, 15:01
Euronest-ի առաջին նիստը կկայանա մարտին. ՀՀ ԱԺ պատգամավոր
Euronest-ի առաջին նիստը կկայանա մարտին. ՀՀ ԱԺ պատգամավոր

Euronest միջխորհրդարանական վեհաժողովի առաջին նիստը տեղի կունենա մարտին Բրյուսելում, տեղեկացրեց վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Մարտին կկայանա առաջին նիստը, եթե որևէ անակնկալ չգրանցվի: Մինչև հիմա կազմակերպվել են միայն պատվիրակությունների ղեկավարների հանդիպումներ: Առաջին նիստը կդառնա սահմանադիր, որին ներկա կլինի հայկական պատվիրակությունը՝ ողջ կազմով, ինչպես նաև ՀՀ ԱԺ խոսնակն ու Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը:

Euronest-ը միջխորհրդարանական վեհաժողով է, որը ստեղծվել է «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում: Այն միջխորհրդարանական ժողով է, որում ընդգրկված են Եվրախորհրդարանի և ծրագրում ներառված երկրների օրենսդրական մարմինների ներկայացուցիչները: Կառույցում ներառված են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Հովհաննիսյանի խոսքերով՝ հայկական պատվիրակությունը բաղկացած է 10 հիմնական և հինգ ռեզերվային անդամներից: Հիմնական կազմում ներառված են Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության երեք ներկայացուցիչ, երկուական ներկայացուցիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Դաշնակցության խորհրդարանական խմբակցություններից, ինչպես նաև մեկական պատվիրակ՝ «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցություններից:-0-