Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը քննարկել են «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր

02.10.2025, 14:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահին
Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը քննարկել են «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։